Ճանաչո՞ւմ. վերլուծաբանները լավատես չեն, թե առաջիկա ԱԺ քառօրյայում «Ժառանգության»` ԼՂ-ն Հայաստանի կողմից ճանաչելու օրինագիծը հաջողություն կունենա

Արդյոք Հայաստանը կճանաչի՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՞ ոչ
Ազգային ժողովի հաջորդ քառօրյայի ընթացքում` հոկտեմբերի 25-29-ը, սպասվում է կրկին Ազգային ժողովում քննարկման և քվեարկության դնել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մշակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը տևական ժամանակ լարվածության և տարբեր գնահատականների ու քննադատությունների թիրախ է դարձել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում: Սակայն վերլուծաբանները լավատես չեն, թե օրինագիծը հաջողություն կունենա:
«Ես ինքս կողմ եմ նման օրինագծին և, իրապես, մի պահ պետք է գա, որ մենք ճանաչենք ԼՂՀ անկախությունը, սկսենք այդ գործընթացը: Սակայն շատ կարևոր է պահի ընտրությունը. ճիշտ ժամանակին կունենանք դիվիդենտներ, սխալի դեպքում` կորուստներ: Ես ինքս «Ժառանգության» առաջարկը դրական, բայց ժամանակավրեպ եմ համարում,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: – Կարծում եմ` իշխանությունները չեն գնա այդ քայլին և չեն ճանաչի ԼՂՀ-ն»:

Վեց կետից բաղկացած նախագծում մանրամասն նկարագրվում են օրենքի ընդունման նպատակահարմարությունն ու պատճառները: Նշվում է, որ օրենքի ընդունմամբ ՀՀ կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:

«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»,- նշված է «Ժառանգության» դեռևս 2009-ին ներկայացրած օրինագծում:

Ընդդիմադիր «Ժառանգության» ղեկավար-հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից` դիմել է ԱԺ-ում ներկայացված կուսակցություներին` կոչ անելով օրինագիծը «համազգային նախագիծ» դարձնել:

«Հայցում եմ և խնդրում եմ ձեր զորակցությունը, որ սա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, և մենք միասին քննենք` երբ է թե´ բովանդակության, թե´ դասակարգային, թե´ ժամանակային առումով ճշգրիտ պահը»,- ասել է Հովհաննիսյանը` հավելելով, թե կարծում է, կգա այն բարի ժամանակը, երբ «բոլորս կասենք՝ հիմա ԼՂ անկախության ճանաչման ժամանակն է»:

Սակայն «բոլորը» չէ, որ կողմ են ԼՂ անկախության ճանաչմանը: 131 պատգամավոր ունեցող ԱԺ մեծամասնությունը հանդիսացող իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ, ԲՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցություններն արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ այն «ժամանակավրեպ է»:

Իշխող ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե կարծում են, որ հիմա դեռ այն պահը չէ, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը բարձրացվի, քանի որ դա չի նպաստում ներկայիս բանակցությունների տրամաբանությանը:

«Որովհետև հիմա ընթանում են բանակցություններ, որտեղ որոշվելու է Ղարաբաղի ապագայի հարցը, այսինքն` ինքնորոշմա՞ն ճանապարհով, թե՞ նրա անկախության հարցը»,- ասել է Զոհրաբյանը:

Վերլուծաբան Երվանդ Բոզոյանը ևս նման տեսակետ է արտահայտում: Ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, որը վրդովված հայտարարել է, թե բանակցային գործընթացն օրինագծի ընդունումից չի վտանգվի, Բոզոյանը համոզված է, որ այն այս պահին միայն բացասաբար կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, և ԵԱՀԿ-ը կարող է հրաժարվել ներկա ձևաչափից: Նա ասում է, որ օրինագիծը պետք էր ընդունել երկու դեպքում` երբ պատերազմ սկսվի և, ԼՂ-ն ճանաչելով, Հայաստանն ընդգրկվի դաշինքի մեջ:

«Մյուս դեպքում ԼՂ-ն կարելի է ճանաչել այն ժամանակ, երբ Հայաստանը հասնի տնտեսական հաջողության, կայացած և զարգացած պետություն լինի, և երբ մենք չենք լինի թուլացման պրոցեսի մեջ ինչպես հիմա, այլ Ադրբեջանի նկատմամբ կլինենք գերակա դիրքում,- ասում է Բոզոյանը,- բայց հիմա մենք այդ փուլում չենք»:

Սակայն «Ժառանգության» անդամները վստահեցնում են, որ օրինագծի ընդունումը հրատապ է և կարող է նոր էջ բացել:

«Եթե լսենք վերլուծաբաններին, ապա այդ պահը երբեք չի գա: Մենք առաջարկում ենք ճանաչման միջոցով նոր էջ բացել և նոր ձևաչափեր առաջ քաշել»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: – Հաջորդ տարի լրանում է ԼՂՀ 20-ամյակը, մի՞թե այս քսան տարվա մեջ այդ պահը չեկավ»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ ՀՀ անկախության շրջանում Հայաստանի երեք նախագահներից և ոչ մեկը ԼՂ-ը ճանաչելու փորձ չի արել, քանի որ դա «շատ նուրբ հարց է»:

«Եթե խնդրի հետ անմիջական առնչություն ունեցողները` նախագահները, նման քայլի չեն գնացել ուրեմն կա որոշակի պատասխանատվություն»,- «Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը:

Նրա խոսքով` այսօր, երբ ընթանում է կարգավորման գործընթացը, օրինագծի ընդունումը կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է գործընթացից, իսկ նման դիրքորոշմամբ, ԼՂՀ-ն կհայտնվի խիստ անբարենպաստ վիճակում:

«Դա էլ իր հերթին կբերի մեկուսացման և երկիրը կկանգնեցնի նոր մարտահրավերների առջև,- ասում է Սուրենյանցը: – Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները կառկախեն այս գործընթացը: Այլ տարբերակ չի կարող լինել»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am