Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների: