Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից:

Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Գագիկ Խաչատրյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված:

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ արգելք է դրված նաև իր պաշտպանյալի տեսակցությունների վրա: