Արարատ Միրզոյանի նկատմամբ բացահայտ ոտնձգություն կատարած անձին ազատ արձակելը չի կարող խոսել արդարադատության մասին. Պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, քննչական մարմինները անձին կալանավորելու միջնորդություններ են ներկայացնում, բայց դատարանները չեն բավարարում այդ միջնորդությունները։ Օրինակ՝ այսօր դատարանը մերժեց կալանավորել Քաջարանի քաղաքապետին։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ 

– Ստեղծված իրավիճակը կարելի է պայմանավորել երկու հանգամանքով. նախ՝ կա օրենսդրության բաց, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ իրականում կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնելու որոշումները քննչական մարմինների կողմից կայացվել են ոչ օրինական։ Դատարանները, շատ հնարավոր է, օգտագործում են օրենքի բացը, նման որոշումներ են կայացնում։

– Ո՞րն է օրենքի բացը։

– Գործող Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխում, որում ներկայացված են ձերբակալման հիմքերը, բաց կա, որը օգտագործելով՝ դատավորները ազատ են արձակում անձանց։ 

– Կալանքի միջնորդությունների քննության դեպքում էլ է կարծես այդպես՝ չեն բավարարվում միջնորդությունները։

– Կալանքի պարագայում չեմ կարող որևէ հստակ բան ասել, բայց հիմնական խնդիրը սկսվում է ձերբակալման որոշումը կամ արձանագրությունը անօրինական ճանաչելուց, այնուհետև դատարաններն այդ տրամաբանությամբ առաջնորդվում են կալանքի միջնորդության քննության ժամանակ։

Կալանքի հետ կապված սխալ է մեկնաբանվում հիմնավոր կասկածը։ Քրեական դատավարության օրենսգրքում կարելի է փոփոխություն անել, որպեսզի հիմնավոր կասկածի առկայությունը ճիշտ մեկնաբանվի։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, դուք նախկինում, երբ փաստաբան էիք, դատարանները կալանավորում էին ձեր պաշտպանյալներին, դուք դժգոհում էիք, ասում էիք՝ հիմքեր չկան կալանքի համար: Չէի՞ք երազի, որ նման ժամանակներում փաստաբան աշխատեիք, երբ դատարանները չեն կալանավորում մեղադրյալներին։

– Չէ, անկեղծ ասած, խնդիրն այն չէ, որ ժամանակին խափանման միջոց կալանքը շատ էր կիրառվում։ Հակառակը։ Երբեմն տուժողների շահերը ներկայացնելիս ասում էի, որ խափանման միջոց կալանքը անտեղի չեն ընտրում։

Այսինքն՝ այնպես չէ, որ մենք միշտ հարցը միակողմանի ենք դիտել ու միշտ քննադատել իրավապահներին, որ կալանավորել են մեր պաշտպանյալներին։

Խնդիրն այն է, որ պետության ներսում գործի արդարադատությունը, այսինքն՝ փաստաբանը, քաղաքացին, տուժողը և տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտները պետք է ձգտեն, որ պետության ներսում օրենքները սկսեն գործել։

Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել՝ անմեղներին դատապարտել, իսկ մեղավորներին արդարացնել։

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ օրենքը չի գործում։ Անհասկանալի իրավիճակ է՝ մարդը ոտնձգություն է կատարել, առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, ապացույցները բավարար են, ներկայացվում են, բայց ասում են՝ չէ, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա չէ, ուրեմն պետք է ազատ արձակվի։

Օրինակ՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ բացահայտ ոտնձգություն կատարած անձին ազատ արձակելը չի կարող խոսել արդարադատության մասին։

– Ո՞րն է ելքը, պարո՛ն Բաղդասարյան, դուք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք և, փաստորեն, դժգոհում եք դատական մարմնի աշխատանքից։

– Կարծում եմ՝ առաջին քայլը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելն է, որի հիման վրա դատավորի հայեցողական լիազորությունները կնեղացվեն։ Այդ փոփոխությունների վրա հիմա աշխատում ենք։

Կարծում եմ նաև, որ անհրաժեշտություն կա Քրեական դատավարության օրենսգրքում պարզաբանում տալ հիմնավոր կասկած հասկացության հետ կապված, որպեսզի բացառվի կամայական որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Մենք պետք է օրենսդրության մեջ կարգավորումներ կատարենք, որպեսզի դատավորների համար հայեցողության տեղ չթողնվի։ Հիմա մենք աշխատում ենք նախագծի վրա, կարծում եմ՝ առաջիկայում Ազգային ժողովը կընդունի այդ նախագիծը։ 

– Պարո՛ն Բաղդասարյան, փաստաբանների մի խումբ պահանջում է վարչապետի հրաժարականը, դուք էլ նախկինում փաստաբան եք եղել, նրանք ձեր գործընկերներն էին, ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը։ 

– Նորմալ եմ նրանց այդ քայլին վերաբերվում։ Նրանք էլ քաղաքացի են և իրավունք ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Դա նրանց խնդիրն է։

Այլ հարց է, թե ովքեր են այդ գործընթացին ընդգծված մասնակցություն ցուցաբերում։ Բայց դրա մասին կխոսենք ավելի ուշ։ Հիմա շատ կարևոր է, որ հանդարտություն լինի երկրում։ Լարված մթնոլորտը չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am