Պաշտոնական Երևանը հայտնել է, թե առանցքային որ հարցերի շուրջ են շարունակելու աշխատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ առանցքային մի քանի հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:

«Հարցերից մեկը վերաբերում է սահմանազատման հարցերին, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզի շուրջ հանձնառությունը: Մյուսը՝ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը: Հարցերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրմանը` միջազգային մեխանիզմի ներքո», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտնել են բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: