Վերահաշվարկ, անճշտություն, մոլորություն. ՔՊ վարչության «ընտիր» ընտրությունները. FIP

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովը, որի ժամանակ կուսակցականները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին կուսակցության վարչության նոր կազմը։

Ըստ արդյունքների՝ վարչության անդամներ էին ընտրվել Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Գևորգ Պապոյանը, Արփինե Դավոյանը, Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Հայկ Կոնջորյանը և Ռոմանոս Պետրոսյանը։

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության փաստացի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթի մի հատվածում Փաշինյանն արձանագրեց, որ «այո, մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է»:

Նոյեմբերի 2-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՔՊ-ում ընտրությունների վերահաշվարկ են պահանջել։

«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում էր, որ որոշ կուսակցականներ կասկածներ ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել և իրենց տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 3-ին, «Ժողովուրդ» օրաթերթը, իր աղբյուրներին հղում անելով, գրեց, որ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվել է։ Օրաթերթը, մասնավորապես, գրել էր, որ «վերահաշվարկից հետո ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել վարչության կազմից, քանի որ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ստացած քվեներն ավելի շատ են եղել։ Հետևաբար, նրանք էլ անցել են վարչություն»։

Հրապարակումից ժամեր անց Factor.am-ը «ՔՊ վարչության ընտրությունները կեղծվե՞լ են. Փաշինյանը նիստ է հրավիրել» վերտառությամբ հոդված հրապարակեց, ըստ որի, ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաստիացրել էր, որ վերահաշվարկ չի եղել, վարչության կազմի փոփոխության վերաբերյալ էլ տեղեկություն չունի։

Նույն օրը Factor.am-ը խոսել է նաև ՔՊ վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս զրույցում ասում է, որ թվերի անճշտություն է եղել։ 

«Ես կարող եմ տեղեկացնել, որ վարչության ընտրությունները, որոնք որ կայացել էին հոկտեմբերի 29-ին, անդամներից ոմանց պահանջով, խնդրանքով տեղի է ունեցել վերահաշվարկ, և էդ վերահաշվարկի արդյունքում որոշակի փոփոխություններ եղել են, որը պետք ա քննարկվի այսօրվա վարչության նիստում»,- հայտարարել է Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ թվերը բավականին մոտ են եղել, և դա կարող էր բերել տեխնիկական սխալի։ Հարցին, թե ովքե՞ր են պահանջել վերահաշվարկ, Ավինյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ երկու այն անձինք, որոնք քվեարկությամբ ամենամոտն էին։ Ենթադրում եմ՝ Արսեն Թորոսյանը։ Փամբուխչյանը, չեմ հիշում, նույնպես վերահաշվարկ պահանջել էր, թե ոչ, բայց երկու անձինք, որոնք որ թվերով շատ մոտ են եղել վարչություն անցնելուն»։

Արդեն այսօր առավոտյան ՔՊ կուսակցությունը հայտարարեց վերահաշվարկի մասին, որի արդյունքում փոփոխվել է նաև վարչության անդամների կազմը։ Ըստ իրականացված ճշգրտումների, փաստացի, իրականացան մամուլի «կանխատեսումները»․ վարչության կազմից դուրս մնացին Համբարձում Մաթևոսյանն ու Հայկ Կոնջորյանը, իսկ նրանց փոխարեն վարչության անդամ դարձան Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։

Այս փոփոխությունը ողջամիտ կասկածի տեղիք էր տալիս, որ Վահագն Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ճշմարտությունը չի ասել, երբ վստահեցրել է, որ վերահաշվարկ չի եղել, քանի որ, եթե վերահաշվարկ չի եղել, ապա ինչպե՞ս են լրատվամիջոցները նախօրոք 100% ճշգրտությամբ հայտնել վարչության փոփոխված կազմի մասին։

Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ասել էր՝ «ամփոփված վերահաշվարկ գոյություն չունի։ Այսինքն՝ արդյունքների վերահաշվարկ իրականացված համարվում է այն պահին, երբ որ վերահաշվարկ կատարած հանձնաժողովը, նույն ինքը ընտրական հանձնաժողովը, քվեարկում և հաստատում է այդ վերահաշվարկը․ դա տեղի է ունեցել երեկ»:

Մեր ճշտող հարցին, թե այդ պահին, երբ հայտարարել է վերահաշվարկ չլինելու մասին, գործընթացը սկսվա՞ծ էր, թե՞ ոչ, Ալեքսանյանը նշեց, որ գործընթացը սկսել է դեռևս նախորդ գիշեր։

«Վերահաշվարկը մեկնարկված ա եղել, բայց ավարտված չի եղել, որովհետև էդ պահին կարող ա և չի ավարտվում կամ որոշում են կասեցնել վերահաշվարկը։ Ընտրական հանձնաժողովը կարա որոշում կայացնի դադարեցնել վերահաշվարկը, էդ ժամանակ վերահաշվարկ ընդհանրապես տեղի ունեցած չէր լինի։ Համարվում ա վերահաշվարկը կայացած էն պահին, երբ որ ընտրական հանձնաժողովը կայացնում է համապատասխան որոշում վերահաշվարկի արդյունքների մասին»,- հավելեց Ալեքսանյանը։

Նարեկ Մարտիրոսյան

Fip.am