Ջրում և սննդի մեջ կորոնավիրուս չի հայտնաբերվել. հայկական կայքերը տարածում են հերքված տեղեկություններ. Fip.am

Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը, shantnews.am-ը և այլ կայքեր տարածել էին ռուսական ТАСС պետական լրատվական գործակալության  հրապարակումն այն մասին, որ «Ռոսպոտրեբնադզորի» ուսումնասիրությունների արդյունքում 46 դեպք է գրանցվել, երբ կորոնավիրուս հայտնաբերվել է ջրի և սննդի մեջ: 

«Ռուսաստանի բոլոր շրջաններում ջրի և սննդի մեջ վարակի առկայությունը ստուգելու համար ուսումնասիրությունները սկսվել էին սեպտեմբերի 3-ից: Դրա համար ջրի նմուշառումներ են կատարվում»,- գրել էր 1lurer.am-ը՝ հղում անելով lenta.ru-ին: Ըստ լրատվականների՝ ուսումնասիրությունը ներկայացրել էր ծառայության ղեկավար Աննա Պոպովան։

Նման «գիտական բացահայտումը», իրականում, կարող էր լուրջ հետևանքներ ունենալ: Հեղինակավոր մի շարք աղբյուրներ, ինչպես, օրինակ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը, նշում են, որ ապացուցված դեպքեր չկան կորոնավիրուսի՝ ջրի միջոցով տարածվելու մասին: Իսկ այս՝ առաջին հայացքից սենսացիոն լուրը ավելի ուշ հերքել է հենց «Ռոսպոտրեբնադզորը»՝ տարածելով պարզաբանում և նշելով, որ Պոպովայի տրամադրած տվյալները լրագրողները սխալ են մեկնաբանել, դրական պատասխաններ եղել են ոչ թե ջրի և սննդամթերքի, այլ որոշ մակերեսների վրա: 

https://www.rospotrebnadzor.ru/press_service/ofmnenie/?ELEMENT_ID=15406

Ավելի ուշ lenta.ru կայքում, որից օգտվել էր 1lurer.am կայքը, ավելացվել էր պարզաբանումը։ 

Իսկ ТАСС-ն ավելի ուշ փոփոխել էր նյութի բովանդակությունը՝ որևէ կերպ չնշելով դրա մասին։ Սակայն հայկական կայքերը դեռ շարունակում են տարածել հերքված տեղեկությունները։

Անի Ավետիսյան

Fip.am