«Ադրբեջանի վկայակոչած 1919, 1920 թվականի քարտեզները կեղծ են, միջազգային հանրության կողմից չընդունված». քարտեզագետ

Քարտեզագետ Շահեն Շահինյանը պնդում է՝ այն քարտեզները, որոնց Հայաստան- Ադրբեջան բանակցություններում հղում է անում ադրբեջանական կողմը, գոյություն չունեցող քարտեզներ են: Ավելին՝ դրանք միջազգային հանրության կողմից ընդունելի չեն:

«Տրամաբանորեն այդ հոդվածում նշված քարտեզը այն քարտեզն է, որը մշակվել է դեռևս Ադրբեջանի առաջին հանրապետության ժամանակ և որը ամբողջությամբ կեղծված է»,- «Մեդիալաբին» հետ զրույցում ասում է քարտեզագետ Շահեն Շահինյանը:

Այսօր հայտնի է դարձել, թե ինչ քարտեզների հիման վրա է Ադրբեջանը պահանջում սահմանազատում և սահմանագծում իրականացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակել է տեղեկություն, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար: Այսպես, ըստ աղբյուրի, դրանք հետևյալն են՝

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում.
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի:
Այսինքն՝ 0 կարգավիճակով.
3. Միջանցք Հայաստանի տարածքով.
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը).
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Քարտեզագետն ասում է, որ հոդվածում վկայակոչված քարտեզով Ադրբեջանը Հայաստանի մեծ տարածքի մասը վերցնելու նկրտումներ ուներ: «Այդ քարտեզով Ադրբեջանը հավակնում էր տիրանալ Հայաստանի տարածքների մեծագույն մասին: Դեռևս այն ժամանակ, այդ քարտեզներով նրանք Հայաստանից պահանջում էին Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղի մի հատվածը և մնացյալ տարածքները: Սակայն այդ քարտեզի ճակատագիրը շատ հստակ է եղել, այն չի ճանաչվել ոչ մի պետության, ոչ մի միջազգային կառույցի կողմից»,- մեզ հետ զրույցում ասում է Շահինյանը:

Մասնագետը վկայակոչում է պատմական մի դրվագ, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը իր սահմանների քարտեզը ներկայացրել է Ազգերի լիգա, ոչ թե մերժվել է ադրբեջանական քարտեզի նման, այլ ընդունվել է ի գիտություն և նշվել՝ որոնք են վիճելի տարածքներ, որոնք՝ ՀՀ անբաժանելի մաս:

«Համաձայն Հայաստանի կողմից ներկայացված քարտեզի՝ Նախիջևանը և Սյունիքի ներկայիս մարզը ամբողջությամբ ճանաչվել են Հայաստանի մաս, Հայաստանի սուվերեն տարածք, այսինքն՝ նրանք վիճելի չէին, ընդ որում՝ Սյունիքի մարզին այն ժամանակ կցված էին Քարվաճառի և Լաչինի ներկայիս շրջանները ամբողջությամբ: Իսկ վիճելի համարվում էին Լեռնային և Դաշտային Արցախը, որոշ չափով՝ Լոռու մարզը և Ախալցխան ու Ախալքալաքը: Այսինքն՝ այն քարտեզը, որի մասին խոսվում է, ամենայն հավանականությամբ այն քարտեզն է, որը պատերազմի ժամանակ հայտնաբերվում էր ադրբեջանցի գրոհայինների գրպանում»,- նշում է Շահինյանը:

Նրա կարծիքով՝ այս պահին բանակցությունների սեղանին դնելով կեղծ ու գոյություն չունեցող քարտեզ, Ադրբեջանը փորձում է ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խաղարկել: Ավելին՝ նա կասկածներ ունի, որ դա կարող է առևտրի թեմա լինել: «Նրանք շատ հեշտությամբ կարող են այդ քարտեզը չքննարկելու դիմաց այլ բան, օրինակ՝ այդ հոդվածում մյուս կետերի իրականացում պահանջել: Այդ հոդվածում նշված որևէ կետ Հայաստանի համար ընդունելի չի կարող լինել»,- շեշտում է Շահեն Շահինյանը:

Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ մասնագետի, պետք է լինի մեկը՝ այդ քարտեզները խախտում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի և ՀՀ իրավունքները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am