Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար

Եվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այդ մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Թելման Հարությունյանը փորձել է կաշառք տալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներինվարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար: Մասնավորապես, 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի պարեկները կանգնեցրել են վարորդական վկայականի վավերականության ժամկետը լրացած երթևեկող Թելման Հարությունյանի ավտոմեքենան: Պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն չկազմելու համար Թ. Հարությունյանը նրանց կաշառք տալու նպատակով գրպանից գումար է հանել, սակայն վերջիններս մի քանի անգամ զգուշացրել են վարորդին, որ արգելվում է ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալը բացատրելով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է:

Չնայած նախազգուշացումներինԹ. Հարությունյանը, այդուհանդերձ, պարեկների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ընթացքում ոստիկանների ծառայողական ավտոմեքենայի բաց պատուհանից որպես կաշառք ավտոմեքենայի դիմացի նստատեղին է գցել երեք հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ, ինչից հետո կաշառք տալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար Թելման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ կաշառք տալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: