«Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկն արվում է, քանի որ կառավարությունը չի զսպում ակնհայտ գնաճը». տնտեսագետ

Տնտեսագետ Հայկ Մնացականյանի գնահատմամբ՝ եթե երկրում աննախադեպ գնաճ է, ապա նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է լինի պետական քաղաքականության քայլերից մեկը:

«Նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ըստ էության, այն է, որ դա համապատասխանի սպառողական զամբյուղի ստորին շեմին: Իսկ սպառողական զամբյուղի հիմնական մասը պարենային հատվածն է, որի դեպքում գոյություն ունի գնաճ: Հետևաբար այս պարագայում պետական քաղաքականության մեջ պետք է լինի կա՛մ նվազագույն աշխատավարձի բարձրացում, կա՛մ նմանօրինակ միջոցառումներ, որոնք պետք է օգնեն սոցիալապես անապահով խավին, ցածր եկամուտներ ունեցող բնակչությանը»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրենսդրական նախաձեռնություն ներկայացրել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը: Սակայն իշխանական խմբակցությունը մերժեց այդ առաջարկը նույնիսկ քննարկել խորհրդարանի լիագումար նիստում՝ հայտարարելով, թե դրա ժամանակը չէ, բյուջեն արդեն կազմվել է:

Նվազագույն աշխատավարձը գործող 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ՝ սա էր ընդդիմության առաջարկը: Նախագիծն այսօր խորհրդարանի նիստում ներկայացնելիս Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: «Սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը այսօր 73400 դրամ է, մեկ տարում աճել է 21.7 տոկոսով, թանկացել են ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7.2 տոկոսով, սննդամթերքը՝ 11.7 տոկոսով»,-առաջարկը հիմնավորել էր Աղվան Վարդանյանը: Այդուհանդերձ, ըստ Վարդանյանի, եթե իշխանությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դարձնելուն, ապա ինքը դեմ չէ բարձրացնելու գոնե 80-85 հազար դրամ: Ավելին՝ պատրաստ է առաջարկելու, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023-ի հունվարի 1-ից: «Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարել էր Աղվան Վարդանյանը:

Իշխանական պատգամավորները նկատեցին, որ ընդդիմությունը լավ գիտի նախագծի ճակատագիրը, սակայն ներկայացրել է նման նախագիծ, որ իշխանությանը հանրության աչքին վատամարդ դարձնի: «Այս նախագիծը բերելը ունի մեկ նպատակ՝ քննարկել ու վերջում այնպես դուրս բերել, որ դուք ուզում էիք աշխատավարձ բարձրացնել, մենք չենք ուզում»,- ասել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Տնտեսագետ Հայկ Մնացականյանն ասում է՝ երկնիշ թվով գնաճի դեպքում նվազագույն աշխատավարձի բարձրացումը իրավիճակը մեղմացնող քայլ կարող էր դիտվել, բայց այն բարձրացնելու առաջարկի հիմքում լուրջ ուսումնասիրություն պետք է արվի:

«Նվազագույն աշխատավարձի բարձրացման ցանկացած առաջարկ պետք է հիմնված լինի որոշակի հաշվարկների վրա, թե որքան ծախս դա կպահանջի բյուջեից, և ինչ հնարավորություններ կան ու ինչ ծախսերով է հնարավոր այդ բարձրացումն իրականացնել»,- նշում է տնտեսագետը:

Նաև, ըստ Մնացականյանի, պետք է բացատրվի, թե ինչու է առաջարկվել նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100 հազար դրամ և ոչ, ասենք՝ 105 կամ 115 հազար դրամ:

«Այդ հաշվարկների ներկայացման պարագայում, կարծում եմ, այդ առաջարկը հիմնավորված կլիներ: Ընդհանրապես, ինչո՞ւ են նման նախագծեր առաջանում, առաջանում են այն ժամանակ, երբ կառավարությունն ակնհայտ գնաճի պայմաններում որոշակի քայլեր չի իրականացնում խոցելի խմբին պատկանող մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար»,- նշում է նա:

Դիտարկմանը, թե իշխանական թևը այս նախագիծը ներկայացնելու հարցում ընդդիմությանը մեղադրում է պոպուլիզմի համար, տնտեսագետն արձագանքում է.

«Նորից եմ կրկնում՝ երկրում մեծ գնաճ է, ինչի պարագայում, ես կարծում եմ՝ պետք է առաջին քայլը հենց կառավարությունն աներ իր հաշվարկներով, մոտեցումներով, որի պարագայում հիմնավորված կլիներ ասել, որ, օրինակ՝ ընդդիմությունը պոպուլիստ է: Բայց այս պարագայում, երբ կառավարությունը նման քայլեր չի ձեռնարկում, հետևաբար մեղադրել չհիմնավորված լինելու համար, ճիշտ չէ»:

Հարցին, թե, այդուհանդերձ, ի՞նչ են ցույց տալիս հաշվարկները, կառավարությունն ունի՞ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ռեսուրս, Հայկ Մնացականյանը պատասխանում է. «Խնդիրը ոչ թե բացարձակ թվերի մեջ է, այլ արդյունավետ կառավարման: Ծրագրերը պետք է արդյունավետ իրականացվեն, այսինքն՝ թափանցիկ ու հաշվետվողական»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am