Մեր կողքին ապրող մարդիկ. Հիրոկին

Հիրոկի Տաչիրին Ճապոնիայից է: Նա այնքան տարբեր բաներով է զբաղվում, որ դժվարանում է բնութագրել իր մասնագիտությունը: Երկար ժամանակ ապրել է Ավստրալիայում ու այնտեղ տարվել ՏՏ ոլորտով: Երբ Ճապոնիայից Ավստրալիա էր տեղափոխվում, մշակութային շոկեր չի ունեցել, քանի որ երկուսն էլ զարգացած երկրներ են: Իսկ երբ 2009 թվականին եկավ Հայաստան, բոլորն այնքան ակնդետ էին իրեն նայում, ոտքից գլուխ չափում, որ մտածում էր՝ հաստատ մի բան այն չէ: 

– Այդ շրջանում ասիացիների հազվադեպ կհանդիպեիր Երևանում: Սև հագուստով, գուցե հստակ ենթամշակույթ ունեցող տղաները անթաքույց ինձ էին նայում, մեկնաբանում արտաքինս: Ես ոչինչ չէի հասկանում, բայց երբ մարդիկ քեզ քննարկում են, դու ի վիճակի ես տարբերել լավն ու վատը: 

Ավստրալիայում ուսանելու տարիներին թեզ էր գրում զարգացող երկրների փորձառության մասին: Նա ընտրեց Հայաստանը, որովհետև այս երկիրը հետխորհրդային էր և հրաշալի հարթակ կարող էր դառնալ ուսումնասիրության համար: 2009-ին օդանավի վայրէջքին զուգահեռ՝ հայտնվեց ամբողջությամբ նոր ու չբացահայտված միջավայրում: Մեքենան, որով իրեն դիմավորում էին, անսարք էր, հետո հասավ գրասենյակ, որտեղ զուգարանը չէր աշխատում, ու Հիրոկին ասում է, որ կյանքում առաջին անգամ ստիպված էր դույլով ջուր լցնելու «տեխնիկային» դիմել:

Չորս ամիս մեր երկրում մնալու ընթացքում Հիրոկին որոշեց առաջին քայլն անձամբ անել, սկսեց ծանոթանալ մարդկանց հետ ու հասկացավ, որ այդ առաջին հայացքից են նրանք նեղմիտ, երբ սկսում ես ճանաչել հային, հասկանում ես, որ նա մի բացառիկ հատկություն ունի՝ մտերմանում է մարդու հետ՝ հաշվի չառնելով ազգությունը: 

– Ես շատ էի շփում փնտրում, իրական շփում, իսկ հայերը գիտեն, թե ինչպես մտերմանալ մարդկանց հետ ու անմնացորդ նվիրվել: 

Ես հանկարծ հիշում եմ, որ մի ընկերուհի ունեի Չինաստանից՝ Թան Շի Յին, որի հետ Լեհաստանում երեք ամիս մնալու ընթացքում մեկ անգամ նկատեցի, որ ծնողների հետ հեռախոսով խոսի: Դա ինձ համար առաջին մշակութային շոկերից էր, ու Հիրոկիի հետ զրուցելիս ենթադրում էի, որ Ճապոնիայում ևս այդպես է: 

– Մի բան ասե՞մ, որն ավելի շոկային կլինի քեզ համար: Մենք երբեմն չգիտենք էլ մեր տատիկ-պապիկների անունները, հազվադեպ ենք շփվում, քիչ ենք զանգում ծնողներին: Հայաստանն այդ առումով ուրիշ է, այստեղ զարմիկներին քույր ու եղբայր են ասում, դա շատ բան է պատմում ընտանեկան հարաբերությունների մասին: 

Նրա անունը Ֆեյսբուքում գրված է՝ Հիրոկի Տաչիրյան:

– Սա յուրատեսակ հարգանք է այս երկրի հանդեպ: Իսկ ինչո՞ւ ոչ: Ես այստեղ եմ ապրում, աշխատանքս, ընտանիքս այստեղ են, կինս հայ է, վերջապես: 

Հիրոկին կնոջ հետ հանդիպել է, երբ 2009 թվականին, առաջին անգամ գալով այստեղ, փնտրում էր մարդու, որն իրեն կօգներ ադապտացվելու հարցում, կուղղորդեր և այլն: Կինը ճապոներեն է խոսում, լավ ծանոթ է մշակույթին, տանը Հիրոկիի հետ շփվում է ճապոներեն: 

– Եթե նա ընդհանրապես ծանոթ չլիներ Ճապոնիային, հավանաբար շատ դժվար կլիներ մտածողության տարբերությունների պատճառով, բայց քանի որ լավ գիտեր իմ երկիրը, որևէ խնդիր չեմ կարող նշել մեր ազգային առանձնահատկությունների պատճառով առաջացած բախումների հետ կապված: 

Եթե կինը լավ է խոսում ճապոներեն, ապա Հիրոկին թեթև խոսակցական մակարդակում է շփվում տեղացիների հետ, թեև այստեղ ապրում է 2017 թվականից: Հայաստանում նա տեսնում է պոտենցիալ, ու չնայած երկիրն անցել է պատերազմի միջով, մինչև հիմա էլ շարունակում է առերեսվել տարատեսակ խնդիրների, միևնույն է, Հայաստանում կա՛ն հնարավորություններ: 

– Գիտե՞ս՝ որն է այս երկրի գլխավոր խնդիրներից մեկը, որ խանգարում է ավելի արագ զարգանալ, կարգուկանոնի բացակայությունը,- արդեն որերորդ անգամ եմ այս արտահայտությունը լսում օտարերկրացուց,- հնարավորությունն օգտագործելու համար պետք է կարգուկանոն սահմանել: 

Կարգուկանոնը չի կարող փաթեթավորվել ու տրվել մարդկանց, դա երկար ժամանակ է պահանջում, մտածելակերպի փոփոխություն: Եթե ամեն մարդ աշխատի իր վրա կարգուկանոնին հետևելու տեսանկյունից ու հարգի դիմացինին, այս երկիրը ուժեղագույն կարող է դառնալ: Երկրորդ խնդիրը, որ նա տեսնում է, կրթության մեջ ներդրվող գումարների չափն է և այն ոչ բավարար ուշադրությունը, որ մենք ունենք այս ոլորտի հանդեպ:

– Դասախոսների աշխատավարձը լացելու չափ զավեշտալի է, ամոթալի է: Չեմ ուզում համեմատել Ճապոնիայի հետ, բայց այնտեղ դասախոսը ամենահարգվածն է հասարակության մեջ և տարեկան ստանում է 100 000 դոլար աշխատավարձ, իսկ սա գնահատման ուղիղ ցուցիչ է: 

Հիրոկին երբեք չի ասում է, որ Հայաստանում տանն է, նա միշտ ասում է՝ ես մնում եմ այստեղ, որովհետև սիրել եմ այս երկիրը, ընկերներին, որ ձեռք եմ բերել այստեղ: Նա ճամփորդում է ու սա համարում լավագույն ձևը իրական Հայաստանը ճանաչելու: 

– Դսեղ, Մարգահովիտ, Հանքավան՝ շատ եմ սիրում այս երեք վայրերը: Ուզում ես ուսումնասիրել բնությունը, ճանաչել այն, գնա՛ Մարգահովիտ, ափսոս, այնքան էլ չբացահայտված տեղացիների կողմից ու պատշաճ չգնահատված: 

Բացահայտելով ամուր ընտանեկան հարաբերություններ ունենալու հրճվանքը, կռիվ անելով կարգուկանոնի հաճախակի բացակայության հետ, Հիրոկին անտրտունջ աշխատում է, որ այս երկրում մի բան փոխի՝ օրինակ դառնալով մյուսների համար, որովհետև Հայաստանում մարդիկ գործելու համար երբեմն պարզապես փոքրիկ ոգեշնչման կարիք ունեն: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am