«ՄԱԿ-ում Ալիևի ելույթից պարզ դարձավ, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում». Գառնիկ Դավթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը

– Պարո՛ն Դավթյան, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Որո՞նք էին հիմնական մեսիջները, և ո՞ւմ էր ուղղում դրանք Ադրբեջանի ղեկավարը:

– Ադրբեջանի նախագահի հնչեցրած թեզերը շատ քիչ էին տարբերվում մինչև պատերազմը հնչած թեզերից: Ալիևը հայտարարեց, որ հայերը միջազգային հանցագործություններ են կատարել, Ադրբեջանին մշտապես դիտարկել են որպես թշնամու և այլն: Այդ ելույթը կարելի է չորս մասի բաժանել: 

Առաջինն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, դա երևաց այն հայտարարություններում, որոնցում ասվում էր, թե այլևս Լեռնային Ղարաբաղ ձևակերպում գոյություն չունի, միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Ադրբեջանի հաղթանակի հետ:

Հաշվի առնելով, որ կուլիսային բանակցություններ են ընթանում, ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի վրա կա ճնշում, և որպեսզի այդ ճնշումն իր վրայից թոթափի, նման հայտարարություն է անում: Անգամ հայերին ներկայացրեց որպես ապակառուցողական կողմ, ոչ միայն միջազգային հանցագործությունների համար մեղադրեց, այլ նաև ջրային ռեսուրսների ու բնապահպանական ոլորտի այլ հանցագործությունների համար: Հետևաբար՝ կարող ենք փաստել, որ Ադրբեջանի այս ռազմատենչ, ագրեսիվ հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ալիևը բնավ էլ խաղաղության չի պատրաստվում:

Երկրորդ՝ Ալիևը պարզ հայտարարեց, որ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի սուվերենությունից ու հաշտվի պարտվածի կարգավիճակին:

Երրորդ՝ առաջիկայում ադրբեջանական կողմը նոր հայցապահանջներ կներկայացնի միջազգային դատարաններ ընդդեմ Հայաստանի, որովհետև այն շեշտադրումները, որ արվեցին Ալիևի կողմից, դրա մասին էին վկայում: Սա ևս մեկ լծակ կլինի, որպեսզի հայկական կողմին ճնշի՝ զիջումների գնալու հարցում:

Չորրորդ՝ Ալիևի կողմից արված բոլոր շեշտադրումները վկայում էին, որ Ադրբեջանի վրա կա ճնշում կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, որովհետև հստակ տեսնում ենք, որ այդ երկրները տարբեր ձևակերպումներով հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, կարգավիճակը պետք է որոշվի:

Հետևաբար՝ Ալիևը երեկվա ելույթում մեսիջ ուղարկեց բոլոր խաղացողներին, թե ինքը հաղթող կողմն է, ու առաջին հերթին իր հետ պետք է հաշվի նստեն: Ալիևը նշեց, որ Հայաստանը պարտվել է, այսինքն՝ հպարտացավ իր հաղթանակով ու ցույց տվեց, որ Հայաստանը՝ որպես պարտված պետություն, այլևս որպես այդպիսին գոյություն չունի:

– Ասում եք, որ Ադրբեջանի նախագահը իր վրայից ճնշումները, այսպես ասած՝ թոթափելու համար էր նման հայտարարություններով հանդես գալիս, հետևաբար ինչ եք կարծում՝ նրա հայտարարություններից հետո այդ ճնշումները կավելանա՞ն, թե՞ ընդհակառակը:

– Այդ առումով հայկական կողմից էլ է որոշ բան կախված, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ուղղակի հայտարարություններ չեն անում, որ հետո Ալիևը փորձի հակադարձել դրանց, իրենք էլ սահմանափակվեն դրանով ու այլևս չշարունակեն: Կա նոյեմբերի 9-ին արված հստակ արձանագրություն, որտեղ կա նշված ռազմագերիների փաստը, հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, բայց չկա նշված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Որոշ մասնագետներ ասում են, որ սա վերջնական թաղում է Լեռնային Ղարաբաղի հարցը, բայց, կարծում եմ, կարելի է ասել, որ սա ինչ-որ տեղ խաղալու տեղ է թողնում, քանի որ այնտեղ նշված չէ այդ հարցի մասին, հետևաբար դա լուծում չէ, որովհետև մենք այնտեղ ունենք խաղաղապահներ, հայ բնակչություն, որն ապրում է Արցախում, ու այս պարագայում այդ հարցն առկախված է օդում: 

Կհիշեք նաև, որ պատերազմի ավարտից հետո ՌԴ նախագահ Պուտինն ասել էր, որ ԼՂ կարգավիճակի հարցը ապագայում վերջնական տեսքի բերելու կարիք կլինի: Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունները պատահական չեն:

Ցավոք, հայկական կողմը պասիվություն է դրսևորում, միայն հայտարարությունների տեսքով նշում է, որ Մինսկի խումբը պետք է վերսկսի աշխատանքները, բայց այդ հայտարարություններում վճռականություն չկա, մեկ նախադասությամբ են անդրադառնում դրան: Գոնե կարելի էր անդրադառնա 30 տարվա ընթացքում Մինսկի խմբի գրանցած հաջողություններին, որ այս մասով նաև կարողանան հակադարձել Ադրբեջանին: 

Հայկական կողմի պասիվությունը ինչ-որ ձևով թևեր է տալիս Ադրբեջանին, պետք է Մինսկի համանախագահող երկրների հետ ճիշտ աշխատենք:

Քաղաքական դաշտում փորձենք աջակցել միմյանց, որ հետագայում այդ երկրներն էլ ասեն, թե, տեսեք՝ հայկական կողմն էլ է ցանկանում այդ ձևաչափով վերսկսել բանակցությունները: 

Ադրբեջանի համար, բնականաբար, Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումը ցանկալի չէ, որովհետև իր իշխանության լեգիտիմությունը մեծ հարցականի տակ կդնի, որովհետև այնտեղ տոտալ քարոզ է գնում, որ այլևս Լեռնային Ղարաբաղ՝ որպես այդպիսին, չկա, ի՛նչ Մինսկի խմբի մասին է խոսքը: Ու երեկվա այդ ամբողջ հիստերիան, հռետորաբանությունը, հայերին անթիվ-անհամար մեղքերի համար մեղադրելը վկայում են նաև այս մասին:

Նա շատ լավ հասկանում է միջազգային հանրությունից եկող վտանգն ու փորձում է ինչ-որ ձևով դիմադրել, որ եթե չկարողանա հաջողել՝ Մինսկի ձևաչափը մի փոքր ուրիշ ձևով ներկայացվի, որ քաղաքական հարցերում չտուժի:

– Պարո՛ն Դավթյան, իսկ Ալիևին կհաջողվի՞ Մինսկի խմբի ձևաչափին չվերադառնալ:

– Կդժվարանամ հստակ պատասխանել, որովհետև այն շատ գործոններից է կախված: Մենք տեսնում ենք, որ շաբաթը մեկ անգամ համանախագահող մի երկիր կամ պատասխանատու պաշտոնյա հայտարարություն է անում խմբի վերակենդանացման մասին: 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հանդիպեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հետևաբար սա ևս մեկ փորձ է վերակենդանացնել այդ ձևաչափը: Բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է այդ ձևաչափում ներգրավել Թուրքիային, բայց Թուրքիան այս պարագայում հանդես կգա լրիվ ապակառուցողական կողմ:

– Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ տրանսպորտային նախագծերը խաղաղությանը ծառայող ոլորտներից կլինեն, ու այդ համատեքստում կրկին խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին: Ի՞նչ է ստացվում՝ հայկական կողմը շարունակ պնդում է, թե միջանցքի մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ալիևն անընդհատ այս մասին է խոսում: 

– Պատասխանը երեք մասի կբաժանեմ: Առաջին՝ հետաքրքիր էր, որ այս երկու կամ երեք ամսվա ընթացքում ադրբեջանական տիրույթում այդ միջանցքի քարոզը նվազել էր, չկար այդ քարոզը, լրատվականներում շատ քիչ էին խոսում կամ եթե խոսում էին՝ հարցականներով էին խոսում, այսինքն՝ իրենք էլ վստահ չէին, որ Ալիևի ասածը իրականություն կդառնա:

Երկրորդ՝ միջանցք ասվածը շատ վտանգավոր ձևակերպում է, ու հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին էր ասում, որ Մադրիդյան սկզբունքներում կան կետեր, որոնք յուրաքանչյուրն իր ձևով է հասկանում:

Եթե համաձայնագիր կնքվի կամ, իմ պատկերացմամբ՝ կապիտուլյացիայի երկրորդ համաձայնագիրը ստորագրվի, կարող է այդ նույն խնդիրն առաջանալ հաջորդ ղեկավարի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանից հետո գա: Հետևաբար, այս ձևակերպումները, որոնք ամեն մեկն իր ձևով է մեկնաբանում, գործընթացը փակուղի է մտցնում: 

Ցավոք, իշխանության կողմից չեմ տեսնում կառուցողական մոտեցում, գոնե հանրությանը հստակ դիրքորոշում հայտնեն, այսինքն՝ ասում են և վերջ, չեն մանրամասնում՝ ադրբեջանական կողմն ի՛նչ պահանջներ է ներկայացնում, ի՛նչ չի տալիս Հայաստանին:

Խնդիրն այստեղ լուրջ դիվանագիտական աշխատանքն է, իսկ այդ հայտարարություններն արվում են բանակցային շրջանակներում ավելի ուժեղ դիրքերից խոսելու նպատակով:

– Հայաստանից պաշտոնական արձագանք պե՞տք է լինի Իլհամ Ալիևի այս հայտարարություններին, պարո՛ն Դավթյան:

– Պատասխան անպայման պետք է լինի: Հայաստանի վարչապետը, եթե չեմ սխալվում, ուրբաթ պետք է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ևս ելույթ ունենա, ու շատ կարևոր է, որ այս ելույթին ի պատասխան ու մի բան էլ ավելի ասվի, որպեսզի ցույց տրվի, որ հայկական շահը Հայաստանի համար առաջնային է, ու Ադրբեջանի հոխորտանքները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հայ ժողովրդի ապագայի ու բարեկեցության վրա:

Մեզ համար նաև ինչ-որ ձևով լավ էր, որ առաջինը Ալիևը ելույթ ունեցավ, մեզ համար ավելի հեշտ կլինի ելույթն ավելի ճիշտ կառուցել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am