«Ես Ռոբերտ Քոչարյանին ասել եմ, որ կաջակցեմ իրեն և դա անելու եմ». Պետրոսյանը մանրամասներ է հայտնում իր և Քոչարյանի հանդիպումից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

-Պարո՛ն Պետրոսյան, օրերս Ձեր ֆեյսբուքյան էջով Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավեր էիք արել ու 24 ժամ ժամանակ էիք տվել, որ ընդունի հրավերը: Նրա հետ ի՞նչ հարցերի շուրջ էիք ցանկանում բանավիճել: Սպասելի՞ էր, որ բանավեճի ձեր հրավերը մերժվելու էր:

-Երկրորդ դեպքն է, երբ ձեր նշած անձը խուսափում է բանավեճից: Բնականաբար, հարցերը վերաբերելու էին ներպետական կյանքի արդիական խնդիրներին: Ինքը նախկին երկու նախագահին էր հրավիրել բանավեճի, ես էլ իր հետ էի ուզում բանավիճել, և թող չփորձի իմաստուն ձևանալ ու պատճառաբանել, որ ես իր կալիբրի չեմ, որովհետև դեռ հարց է՝ ինքն իմ կալի՞բրի է, թե՞ ոչ:

Ես ԵՊՀ-ի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, իսկ ինքը համալսարանից հեռացված ուսանող է եղել:

Այնպես որ նա չի կարող այդ պատճառաբանությամբ հիմնավորել, որ երկրորդ անգամ մերժում է: Բայց՝ սպասում էի, որ ինքը մերժելու է, որովհետև ես իրեն տալու էի շատ սուր և ցավոտ հարցեր, որոնց, վստահ եմ, ինքը համոզիչ պատասխաններ չէր կարող տալ:

-Կարծում եք ճի՞շտ էր նախկին նախագահների կողմից Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մերժելը:

-Բանավեճն անհատական հանդիպում է և ամեն մարդ ինքն է որոշում: Ինչ-որ առումով՝ համամիտ եմ նախկին նախագահների հետ, եթե նպատակահարմար չեն գտել ներկայանալ՝ իրենց անձնական որոշելիքն է, հիմնավորել էին նրանով, որ իրենք դավաճանի ու հող հանձնողի հետ խոսելու բան չունեն:

Բայց ես նրան հրավիրել էի ոչ թե որպես հող անձնող, այլ որպես վարչապետի ապօրինի պաշտոնակատար, որ ինքը պատասխան տար, թե ինչու է Սահմանադրության կոպիտ խախտմամբ շարունակում իշխանությունը պահել իր ձեռքում և դրա հետ կապված այլ հարցեր: Այսինքն՝ նրան հրավիրում էի իրավաբանական բանավեճի, իսկ նախկին նախագահների հետ նրա բանավեճը լինելու էր զուտ քաղաքական:

-Պարո՛ն Պետրոսյան, չնայած դուք քաղաքականությունից հեռանալու որոշման բացատրությունը տվել եք, այնուամենայնիվ, խոսակցությունները չդադարեցին, որ դա արել եք այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի ցուցակում տեղ չգտաք: Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք ցուցակում լինել-չլինելու հարցը:

-Ես քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունն արել եմ մինչև ցուցակներ կազմելն ու հրապարակելը: Կոնկրետ որևէ մեկի հետ խնդիր չկա, հանուն ճշմարտության ասեմ, որ եթե պետք լինի՝ փաստերով, անգամ առանձին նամակագրություններով կապացուցեմ, որ ինձ տարբեր ուժերից առջարկներ են եղել, ընդ որում, ամենաառաջին դիրքերը զբաղեցնելու վերաբերյալ, պարզապես ես որոշել եմ որոշ ժամանակ դուրս գալ քաղաքականությունից, որովհետև ես հասկացա, որ մաքուր քաղաքականությունը չի գնահատվում ժողովրդի ստվար զանգվածի կողմից, եթե չի գնահատվում՝ գերադասելի է, որ ես զբաղվեմ իմ  մասնագիտական աշխատանքով, որն ինձ շատ ավելի հաճելի էր, քան գնալ անգրագետների հետ մարտնչել՝ օրենսդրական նախագծերի շուրջ, այն պայմաններում, երբ  կապ չունի՝ ինչ ես ասում, կա քաղաքական պատվեր և դա կատարվում է:

Այս պայմաններում՝ իմ գործունեությունը Ազգային ժողովում ես համարեցի ոչ նպատակահարմար, բայց դա չի բացառում իմ վերադարձը քաղաքականություն որոշակի հանգամանքների փոփոխության պարագայում:

Ես ակտիվ կլինեմ, որոշ հարցերում իմ անձնական կարծիքը բնականաբար կարտահայտեմ՝ տարբեր ձևաչափերով:

 -Եթե չեք ցանկանա՝ կարող եք չպատասխանել, բայց, պարո՛ն Պետրոսյան, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժի կազմում ընդգրկվելու առաջարկ ստացե՞լ եք:

-Մենք հանդիպել, զրուցել ենք, բայց այդ հանդիպումը չի եղել, կոպիտ ասած, որպես սակարկություն՝ ցուցակում տեղ զբաղցնելու վերաբերյալ: Ես շնորհակալություն եմ հայտնել երկրորդ նախագահին, որ ինքը գիտակցված համաձայնել է այս ծանր վիճակում ստանձնել երկրի ղեկավարման պատասխանատվությունը:

Խոսել ենք տարբեր խնդիրների մասին, նաև ես ասել եմ, թե որ հարցերում եմ իմ ներդրումը տեսնում, բայց նրա կողմից ինձ խոստում տալ, հետո դրանից հրաժարվել չի եղել, ոչ էլ ես եմ ինչ-որ բաներ խոստացել, ընդամենը ասել եմ, որ իմ մասնագիտական ունակությունների շրջանակներում կաջակցեմ իրեն և դա անելու եմ:

Բայց երկրորդ նախագահի կողմից, որ ես ցուցակ եմ մտնելու, հետո էլ, որ որոշ լրատվամիջոցներ տարածում են՝ իբր ինձ «քցել» են, նման բան չի եղել: Որքանով ճանաչել և ճանաչեցի երկրորդ նախագահ Քոչարյանին, ինքը քցելու հետ սեր չունեցող մարդ է, հետևաբար, ես չեմ համարում, որ նրա կողմից ես «քցված» եմ կամ խաբված եմ, նման բան չի եղել:

Ամենայն հարգանքով մյուս ազգանվեր քաղաքական ուժերի նկատմամբ, ես իմ խոստումը կատարելու եմ և սատարելու եմ Ռոբերտ Քոչարյանին:

-Ինչպիսի՞ նախընտրական քարոզարշավ է սպասվում առաջիկայում, ըստ ձեզ:

-Հաշվի առնելով, որ արտահերթ ընտրությունների պարագայում սահմանվում է 12 օր նախընտրական քարոզարշավի համար, բնականաբար, բոլոր մասնկաիցները պետք է փորձեն առավելագույն ասելիքը հանրության դատին հանձնել:

Իհարկե, Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզարշավի տրամաբանությունը արդեն իսկ խախտված է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, որը դեռ ամիս ու կես առաջ էր  շրջում գյուղերում և խոստումներ տալիս:

Իր ընդդիմադիր գործիչ ժամանակ ղժղժալով կքննադատեր նման գործելաոճը, բայց այսօր նա գնում է մարտեր առանց կանոնների ճանապարհով, ամեն ինչի դիմում է որպեսզի վերարտադրվի: Բնականաբար, կարծում եմ, որ քարոզարշավը խաղաղ չի ընթանա, և նա կշարունակի հասարակությանը կերակրել իր զարմանահրաշ ստերով, կկիրառի վարչական լծակներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ճիշտ կգնահատի իրավիճակը և վերջնականապես քաղաքական աղբանոցը կուղարկի Նիքոլ Փաշին երևույթին:

-Պարո՛ն Պետրոսյան, կարծում եք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ:

-Բարոյական իմաստով որևէ իրավունք չեմ վերապահում խոսել ԲՀԿ-ի անելիքների մասին, որովհետև ճիշտ չէ, եթե ես  այլևս չեմ անդամակցում այդ կուսակցությանը և որևէ  ընդհանուր բան չունեմ այդ քաղաքական ուժի ծրագրերի հետ, ճիշտ չէ, որ դատողություններ անեմ: Դա ամեն մի քաղաքական ուժի իրավունքն է, թույլ տվեք, ավելին չասել:

Ուրիշ բան, որ նման տեղեկոություն ունենայի, կարող էի այն հրապարակել Բայց ես նման տեղեկություն չունեմ, իսկ գուշակությամբ զբաղվել հատկապես այն քաղաքական ուժի անելիքների մասին, որին նախկինում անդամակցել եմ, բարոյական իմաստով ճիշտ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab