«Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ին ականջներից քաշելով ԱԺ բերելը պայմանավորվածության ապացույց է». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը

Տիկի՛ն Կարապետյանց, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել, և նա հրավիրվել է դատախազություն: Ինչպե՞ս եք գնահատում չբարեփոխված դատական համակարգի պարագայում նման գործընթացներ սկսելը: Այս գործի հանգուցալուծմանն ականատես կլինե՞նք, թե՞ կտեսնենք այն, ինչ երեք տարի շարունակ տեսել ենք:

– Այն, ինչի մասին խոսում էինք երեք տարի շարունակ՝ չբարեփոխված համակարգերով գնալ փոփոխությունների, զարգացումների հույս ունենալ, իմ կարծիքով՝ միամտություն է, տիեզերական մասշտաբի սուտ, մոլորեցնելու մոլուցք է, չգիտեմ՝ ինչպես գնահատել, բայց, ամեն դեպքում, իրատեսական չէ:

Քանի դեռ համակարգերը բարեփոխված չեն, քանի դեռ ժողովրդին մոլորեցնում են այն գաղափարով, որ միայն դատարաններում պետք է զտում իրականացվի, բարեփոխում՝ չբարեփոխված դատարաններում, չվեթինգի պարագայում, մենք չենք կարող որևէ արդյունք ունենալ:

Արդյոք այդ նույն դատախազությունը նույն կազմով, նույն բովանդակությամբ չէ՞, որը Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ հանցագործությունները այն ժամանակ էլ պետք է տեսած ու լսած և դրանց վերաբերյալ գործողություն իրականացրած լիներ: Ի՞նչն է պատճառը, որ բանան միհրանները, չոռնիները, սպիտակները, տարբեր մականունավոր մարդիկ կարողանում էին անպատիժ մնալ, իսկ հիմա հանկարծ հույս ունեն, որ այդ նույն չբարեփոխված համակարգերի կազմով փոփոխություններ են իրականացնելու, բացառում եմ:

Այսինքն՝ կրկին ականատես ենք լինելու ինչ-որ գործընթացի սկսման, որը բուռն արձագանք է ստանում և անավա՞րտ է մնում:

 -Իրականում, այս երեք տարվա ընթացքում բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, և քիչ էր մնում միայն կառավարության ու խորհրդարանի անդամները գային կարմիր ժապավենը կտրեին, բացումն անեին, երեկոյան էլ հրավառություն հայտարարեին՝ առանձին գործերի հետ կապված:

Արդյունքում՝ մենք ոչինչ չէինք ունենում: Թեև հիմա ստեղծվել է նոր կառույց՝ դատարանի նոր տեսակ, բայց ես հույս չունեմ, որ իրական փոփոխությունների ականատես կլինենք: Ինձ բավական են այն ստերը, որ բարեփոխումների ու հստակ արդյունքների մեծ հույսեր այլևս չունենամ:

-Տիկի՛ն Կարապետյանց, եթե այս և նման այլ գործերը կրկին ավարտին չհասցվեն, վերջնարդյունքում ի՞նչ ենք ունենալու:

-Չվեթինգի, չլյուստրացիայի, անցումային արդարադատության չկիրառման, քաղաքական գնահատական չտալու հետևանքով մենք արդեն ունենք հանցավոր ռեժիմի վերարտադրություն Ազգային ժողովում:

Այս անգամ ժողովուրդն ինչ-որ չափով կարողացավ դիմադրել հանցավոր ռեժիմին, ու վերջինս չեկավ իշխանության, բայց էն միտքը, որ հանցավոր ռեժիմին է փոխանցվելու իշխանությունը, դառնում է իրականություն, որովհետև այդ ռեժիմի չվերարտադրության որևէ այլ երաշխիք չկա, բացի արդարադատության մարմինների բարեփոխումից և այդ հանցագործությունների բացահայտումից:

Հանցավոր ռեժիմն այսօր օգտագործում է և՛ իր կադրերին, և՛ իր ապօրինի փողերը, և՛ ամբողջ կապիտալը ՀՀ ժողովրդի, պետության ու անվտանգության դեմ: Այդ փոփոխություններով սա՛ էր պետք կանխել, եթե այս իշխանությունները չկարողացան հասկանալ, թե երկիրն ի՛նչ աղետի են տանում՝ չբարեփոխելով դատական համակարգերը, այս իշխանությունն անելիք չունի իրականում:

-Եթե չկան բարեփոխումներ, և շոշափելի արդյունք չի լինելու, ըստ ձեզ՝ իշխանությունը ի՞նչ նպատակով է դիմում այսպիսի քայլերի:

-Իշխանությանը պետք էր վերարտադրվել, դրա համար մինչև ընտրությունները որոշ գործեր վերաբացեցին, հայտնի անուններ հնչեցին, բայց, ինչպես տեսաք, այդ հայտնի անունները երկար ժամանակ հետախուզման մեջ լինելուց ու ծանր հանցագործություններ կատարելուց հետո կարողանում էին գալ, աներևակայելի գումարներ տալ ու մնալ ազատության մեջ: Արդյոք սա պայմանավորվածության էլեմենտ չէ՞, ուրիշ հիմնավորում, անկեղծ ասած, չեմ տեսնում: Այս ամենը իշխանության մնալու, ժողովրդին մոլորեցնելու համար է:

-Այսինքն՝ նման քրեական գործերը իրական փոփոխությունների հիմք չե՞ն, տիկի՛ն Կարապետյանց:

-Չէ՛, որովհետև դրանք իրավիճակային, դրվագային խնդիրներ են բարձրացնում, բայց փաստ չէ, որ նույն քննչական մարմինները, դատախազությունը բավարար հիմնավորվածությամբ գործեր կներկայացնեն, և այդ գործերը իրական արդյունքի կհանգեցնեն:

Բազմաթիվ գործեր ունենք, որոնց ամենավառ օրինակը «Մարտի 1»-ի գործերն են, որոնք Եվրոպական դատարանից եկան Հայաստան, մարդիկ արդարացվեցին, բայց արդյունքում որևէ քննիչ, դատախազ կամ դատավոր ապօրինի որոշում կայացնելու համար պատասխանատվության չենթարկվեց և չի ենթարկվելու, որովհետև Վճռաբեկ դատարանի արդարացման որոշումների արդյունքում այնպիսի ձևակերպում է տրված, որի պարագայում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Այդպիսի ընթացակարգ կարող էր լինել միայն անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման պարագայում, որը չարվեց, և ես վստահ եմ, որ դա պատահականություն չէր, որովհետև հանցավոր ռեժիմին իշխանությունը վերադարձնելու պայմանավորվածություն կա, ինչում այլևս համոզված եմ:

Այսօրվա խորհրդարանում այդ երկու ուժի գտնվելը, Սերժ Սարգսյանի հովանավորած «Պատիվ ունեմ» դաշինքի ականջներից քաշելով ԱԺ բերելը դրա ամենավառ ապացույցներից մեկն է:

Եթե ժամանակին քաղաքական գնահատական տրվեր, և սկսվեր անցումային արդարադատության գործընթաց, գոնե հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերը հնարավորություն չէին ունենա վերադառնալու և հանդես գալու՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am