«Փաշինյանը պետք է բանուգործը թողներ, սիրուն ճառերի փոխարեն դներ դատական համակարգը փոխեր, երկու տարի կորցրել ենք». Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը արդարադատության նախարարը նշել է, որ Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում աստիճանական առողջացում իրականացնել, իսկ համատարած վեթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ դա հնարավոր չէ անել առանց Սահմանադրությունը փոխելու:

Ստացվում էր, որ նախապես իր հայտարարածից իշխանությունը նահանջո՞ւմ է, և եթե վեթինգ չի լինելու, ի՛նչ ենք ունենալու արդյունքում:

– Եթե այդպիսի հետևությունների է հանգել արդարադատության նախարարությունը, և նախարարը հրապարակային դա ասում է վարչապետին, այդ դեպքում հարց է առաջանում, թե դրան նախորդող ժամանակահաատվածում քաղաքական հայտարարությունները, որոնք կատարվել են ՀՀ դատական համակարգում իրկանացվելիք բարեփոխումների մասին, ի՛նչ ելակետային տվյալների վրա են հիմնված եղել, ի՛նչ հիմնավորումներ են դրված եղել այդ հայտարարությունների տակ, և ինչո՛ւ է ՀՀ Կառավարությունը այսօր նահանջում նախապես իր հայտարարած ռազմավարական նպատակներ հետապնդող կարևորագույն քայլերից, ինչպիսին է դատական համակարգում ձեր մատնանշած փոփոխությունները, այդ թվում նաև՝ վեթինգը: 

Ստացվում է, որ եթե Սահմանադրությանը հակասող այդպիսի դրույթներ կան, ապա ՀՀ գործող իշխանությունը պարտավոր էր մինչև այդպիսի բոցաշունչ հայտարարություններ անելը և հեղափոխական փոփոխություններ իրականացնելու մասին հանրությանը խոստումներ տալը, ուսումնասիրեր գործող նորմատիվային բազան, հանգեր եզրակացության, որ գործող գործիքակազմով հնարավոր չէ իրականացնել արմատական փոփոխություններ կամ, այսպես ասած, վեթինգ՝ ամբողջ դատական համակարգը փոփոխելու համար: 

Եթե անգամ Սահմանադրությունը խանգարում էր, ապա գործող Սահմանադրությունը տալիս է հնարավորություն հանրաքվեի միջոցով կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ամբողջ դատական համակարգը սրբելու և որակապես նոր դատական համակարգ ձևավորելու համար: 

Այդ դեպքում հարց է առաջանում, թե մենք ինչո՛ւ ենք կորցրել երկու տարի, ի՛նչն է եղել պատճառը, որ հանգել ենք այսպիսի հետևությունների, և այսպիսի նահանջ է արձանագրվել:

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը:

– Ես կարող եմ ասել իմ դատողությունները, որ սա կարող է լինել դատական իշխանության հետ որոշակի կոնսենսուսի կամ համաձայնության հետևանք, որովհետև ինձ համար հասկանալի չէ, որ 1999 թվականից դատավոր աշխատող մարդը, որը Քոչարյանի օրոք «դատել» է, Սերժի օրոք «դատել» է, Նիկոլի օրոք «դատում» է, և զարմանալի զուգադիպությամբ այդ դատավորը կամ որոշ դատավորներ այդ ամբողջ ժամանակահատվածում վարել են քաղաքական հնչեղություն ունեցող գործեր: 

Ինձ համար տարօրինակ է, որ եթե Քոչարյանի ու Սերժի ժամանակ դա օրինաչափ էր, արտառոց չէր, ինձ համար արտառոց ու տարօրինակ է, որ այդ նույն դատավորները կարող են «արդարադատություն» իրականացնել նաև ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի առաջնորդության պայմաններում: 

Ինձ համար հասկանալի չեն այս փոփոխությունները, ես կարծում եմ, որ այս նահանջը տապալում է: 

Սա հետընթաց է՝ հռչակած քաղաքական նպատակներից, և եթե այսպիսի մեղմիկ փոփոխություններ պետք է իրականացվեին, էդ դեպքում ես կարծում եմ, որ նման մեղմիկ փոփոխությունները և քաղաքական իշխանության խոստումները հանրությանը որևէ աղերս չունեն իրար հետ: 

Դրանք էականորեն իրար հակասում են, և մենք վերջնարդյունքում չենք ունենալու այն դատական համակարգը, որի ակնկալիքներն ու սպասելիքներն ուներ և ունի հանրությունը: 

Սա է ինձ համար վտանգավորը և տխրեցնողը: Թեկուզ մեղմացուցիչ հանգամանքներով, բայց ամենակարևորը՝ վերացրե՛ք դատական համակարգի նկատմամբ հանրության մոտ գոյություն ունեցող ճգնաժամը: 

Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ այն քայլերը, որոնք հրապարակված են, որ այս պահին պետք է իրականացվեն, չեն բերելու այն որակական փոփոխություններին, որոնց սպասում է հանրությունը: 

Ես ձեզ ասեմ, ամենազայրացուցիչն այն է, որ այս ամբողջ փոփոխությունների, սիրուն հռչակագրային ձևակերպումների մեջ մի արտառոց բան կա. միակ էական փոփոխությունն այն է լինելու, որ դատական համակարգի ներկայացուցիչների աշխատավարձը բարձրանալու է 50 տոկոսով: Այդ փոփոխություններից միայն դա է մնալու՝ հիշե՛ք, կապրենք, կտեսնենք: 

– Ամեն դեպքում սա քաոսային վիճակ չի առաջացնի՞ նույն դատական համակարգում, երբ մենք վեթինգի փոխարեն դեռևս միայն դատավորների աշխատավարձն ենք բարձրացնում:

– Ես խնդիրն այլ հարթության մեջ եմ դիտարկում. քաղաքական ուժը իշխանության գալուց հետո հռչակել է սկզբունքներ, ռազմավարական նպատակներ՝ որակապես փոխելու ՀՀ դատական համակարգը: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանի լեզվամտածողությամբ գնահատենք իրավիճակը, ապա նա հայտարարել է, որ «վնգստացող դատավորներ» Հայաստանում չեն լինելու, Բաղրամյան 26-ից զանգով արդարադատություն իրականացնողներ չեն լինելու, կաշառքով դատական ակտ կայացնող դատավորներ չեն լինելու: 

Հիմա ես հարց եմ տալիս՝ այն, ինչ հիմա անում եք, բերելո՞ւ է այդ որակական փոփոխություններին: Բա եթե բերելու է, երկու տարի ինչո՞ւ էինք վնգստալու և մնացած արտահայտություններն անում: 

Ասեք՝ հարգելի՛ ժողովուրդ, մենք վեթինգ չենք իրականացնելու, մենք մնացած բոլոր գործողություններն ու փոփոխությունները չենք իրականացնելու, Սահմանադրության շրջանակներում որոշակի չափորոշիչներ ենք սահմանելու, դատավորների աշխատավարձն ենք բարձրացնելու՝ ակնկալիքով, որ այդ դատավորները կիրականացնեն արդարադատություն: 

Արդյոք արմատական փոփոխությո՞ւն է կատարվել, որը հույս է տալիս գործող իշխանությանը, որ նա հանգի հետևության, որ դատական համակարգն առողջանալու է: Ես դա չեմ կարողանում հասկանալ: 

– Ձեր կարծիքով՝ վեթինգի անհրաժեշտություն կա՞ր:

– Այո՛, ես ողջունել եմ վեթինգի գաղափարը և գտել եմ, որ պետք է ավելի կոշտ քաղաքականություն իրականացնել: Եթե մենք ուզում էինք, որ իսկապես ՀՀ-ում որակապես փոխվեր դատական համակարգը, ապա այս դատական համակարգի ճնշող մեծամասնությունն անելիք չուներ: 

Մենք ունենք բացառիկ լավ դատավորներ, բայց այնպիսի մթնոլորտ, այնպիսի պրակտիկա է ձևավորված, գործող դատավորների գերակշռող մասը այնպիսի սոցիալական կապերով է կապված, որ այդ ամենի արդյունքում ինչպիսի կոսմետիկ փոփոխություններ էլ իրականացնեք, դուք չեք հանգելու ձեր ակնկալած արդյունքին: Շատ սխալ քաղաքականություն է հիմա իրականացվում: 

Այո՛, պետք էր մի անգամ շատ արմատական, կտրուկ վիրահատական փոփոխություններ իրականացնել՝ դատական համակարգի 80-90 տոկոսը փոխելու ճանապարհով: Եթե դրա համար պետք էր Սահմանադրությունը փոխել, ապա հենց առաջին քայլով պետք էր գնալ այդ փոփոխություններին և շատ արագ՝ 2018-ին: 

Այդ փոփոխությունների արդյունքում պետք էր նոր Դատական օրենսգիրք ընդունել, որը հնարավորություն կտար գրեթե 80-90 տոկոսով փոխել դատական համակարգը: Սա կլիներ հստակ քայլ, ուղերձ, նաև ընկալում, քաղաքական կամքի դրսևորում, որ մենք այլևս չենք հանդուրժում նախորդ քաղաքական ռեժիմների օրոք ձևավորված, կայացած դատական համակարգի գոյությունը: 

Սա ինձ համար կլիներ հասկանալի: Բայց, եղբայր, դու եկել, ինձ հայտարարում ես անցումային արդարադատություն, վեթինգ, դատական համակարգի փոփոխության, վերջում ասում ես՝ կներե՛ք, Սահմանադրությունն ինձ թույլ չի տալիս, ես ընդամենը պետք է իրենց աշխատավարձը բարձրացնեմ: Լո՞ւրջ եք ասում:

– Նաև ժամկետների մասին է խոսվում, որ այդ ընթացքում դա իրականացնել հնարավոր չէր: Բերված փաստարկները ձեզ համար համոզիչ չե՞ն:

– Կյանքը դինամիկ զարգացում է ենթադրում, այսօր այդ փոփոխությունները չանելով՝ վաղը դրանք կարող են ժամանակավրեպ դառնալ: 

Մենք պետք է կարողանանք ժամանակը ճիշտ ու ռացիոնալ կառավարման ռեժիմով աշխատել: Ինչ որ այսօր արդիական է, վաղը կարող է անհրաժեշտ չլինել: Բայց ցանկացած երկրի զարգացման հիմքը արդար դատական համակարգի գոյությունն է: Դուք տասը հեղափոխություն արեք, բայց եթե չապահովեք արդար դատական համակարգի գոյությունը, որակապես չեք փոխելու մեր կյանքի որակը: 

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է իր բանուգործը թողներ այս երկու տարին և սիրուն ճառերի փոխարեն դներ դատական համակարգը փոխեր: Մենք երկու տարի կորցրել ենք: Ես բազմիցս ասել եմ, որ դատական համակարգի բարեփոխումների տապալման վտանգը տեսնում եմ, բայց ո՞վ է մեզ լսել: 

Հիմա մեր մտավախությունները, ըստ էության, հաստատվեցին: Բա երկու տարի ինչո՞վ էիք զբաղված: Դուք չեք կարող քաղցկեղով հիվանդին բուժել սովորական գլխացավի դեղով: 

Ուստի ուզում եք 15 անգամ բարձրացրեք դատավորների աշխատավարձերը, մարդը սոցիալական կոռուպցիոն կապերով կապված է, և եթե մարդն իր արժեհամակարգով բոլորովին այլ պատկերացում ունի արդարադատության իրականացման մասին, աշխատավարձը բարձրացնելով՝ վստահության ճգնաժամը չեք լուծելու: 

Այդ մարդկանց պետք է տուն ուղարկել: Հայաստանում արդարադատության իրականացման որակապես նոր փիլիսոփայություն է պետք, որպեսզի, անկախ նրանից՝ ով է այսօր վարչապետ կամ նախագահ, ԱԺ նախագահ, գլխավոր դատախազ կամ պատգամավոր, որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է զանգել դատավորին կամ դատարանին և փորձել միջամտել արդարադատության իրականացման գործընթացին: Ես այսպիսի դատական համակարգի կողմնակից եմ, բայց, ցավոք սրտի, չեմ տեսնում, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ:

Մանե Հարությունյան 

MediaLab.am