Մենք այս երկիրը անտեր թողնելու իրավունք չունենք․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել  Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չի՛ անցնելու ո՛չ ցավը, ո՛չ ամոթը, ո՛չ նվաստացումը: Այն մենք տանելու ենք մեզ հետ, մեր ուսերին՝ այնքան ժամանակ քանի դեռ չստեղծենք հպարտության նոր առիթներ և չգտնենք մեր ինքնության նոր ողնաշարը: Նայեք պատմության բոլոր թաքնված ու բացահայտ անկյուններին՝ չի եղել մի ժողովուրդ, որին ծանր պարտությունից ու նվաստացումից դուրս բերի սոսկ ժամանակը: Սա պատանու կոտրված սիրտ չէ, որ ժամանակը բուժի բոլոր վերքերը:

Փոխարենը պատմությունը առանց բացառության փայփայել է բոլոր այն գործիչների անունները, որոնք իրենց ամենաընկած, ամենանվաստացած պահին ազգը փրկելու և հպարտության վերանվաճման արշավանքներ սկսելու փոխարեն քաջություն են ունեցել զբաղվելու աղետի գոտու մաքրման և վերականգնման աշխատանքով:

Արդյունավետ ու պարտաճանաչ բյորոկրատական ապարատ, ֆինանսների կառավարման կոշտ, թափանցիկ, արդյունավետ ու հաշվետու համակարգ, կրթական, գիտական և արտադրական ենթակառուցվածքների համակարգված ու նույնիսկ կիսահարկադիր մոդեռնիզացիա: Անխնա ծախսել մարդկային կյանքի վրա և խստորեն խնայել հաճույքների, ձևականությունների, սովորույթների վրա: Ահա այն ճանապարհը, որ հիմա պիտի անցնենք՝ թեկուզ սգավոր, թեկուզ վիրավոր, թեկուզ գլխիկոր, բայց պիտի անցնենք:

Եվ ճանապարհի մի կետում, որը հեռու չէ այնքան որքան թվում է՝ մեզնից ամենախելոքները, ամենահամառները, ամենավիրավորվածները՝ մեզ խժռող այս ժամանակի երախից կպոկեն ու կհանեն մեր նոր հպարտության առարկաները: Սա է ճանապարհը՝ ցավը տանել է պետք:

Սեփական զավակի թաղմանը մայրը շուռ եկավ դեպի փոքր որդին, ասեց. «շոր հագի՝ հիվանդանալու ես»: Եվ եթե նա կարողանում է մտածել վաղվա մասին, եթե նա կարողանում է հոգալ իր զավակի վաղվա որպիսության հոգսը՝ մենք առավել ևս այս երկիրը անտեր թողնելու իրավունք չունենք:

Կներեք ինձ»: