Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

 Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար  Լորի Խաչադուրյանը՝  ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար:

« 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը:

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը:

«Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց  Խաչադուրյանը:

Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից:

«Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը: