Մեսրոպ Առաքելյանը, Մանե Թանդիլյանը և մյուսները քննարկել են Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը

Այսօր Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով, Ազատուհի Սիմոնյանի, և այլ գործընկերների հետ:

Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպմանն անդրադարձել է դեպի Արցախ նման այցերի կարևորությանը, ինչպես նաև հայաստանյան տարբեր կառույցների հետ մշտական փոխգործակցությանը, որը պետք է լինի շարունակական՝ ունենալով առարկայական արդյունքներ:

Այդ համատեքստում կարևորելով Հայաստանի և Սփյուռքի ներգրավվածությամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը զուգահեռ, նաև բնակարանային ապահովման և հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու այդ ուղղությամբ նպատակային աշխատանքների իրականացումը:

Մասնավորապես, Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունն՝ այդտեղ ապրելու հետագա հնարավորության ընձեռումն, ինչպես նաև սոցիալական և այլ կարիքների բավարարման մեխանիզմի կիրառումն որպես առաջնահերթություն դիտարկելու հարցը:

«Հանդիպմանը՝ օրակարգային թեմաների շուրջ քննարկումների, խնդրո առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման արդյունքում որոշվել է՝ ունենալ միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրները դիտարկել ճիշտ տեսանկյունից՝ ըստ այդմ ընտրելով լուծման համարժեք եղանակներ և հնարավորինս սեղմ ժամկետներ», -գրել է նա: