Կյանքից հեռացել է ջութակահար, վարպետ վինագործ Մարտին Երիցյանը

Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ 

Այդ կապակցությամբ Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ողջ անձնակազմը սգում է սիրելի վարպետի մահը։

Հանգչեք խաղաղությամբ սիրելի Մարտին Շահենիչ

Մարտին Երիցյանը վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին էր։

Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի , 7թավ քեմանի և այլն:

«Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում», – նշում էր երաժշտական գործիքների վարպետը»։

Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։

Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։

Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։

Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում։