«Ես չվախեցա քաղցկեղից, չվախեցա մահից, հիմա ինչի՞ց պետք է վախենամ, ամբողջ կյանքում եմ պայքարել». Վալերի Գործունյան

«Ես չվախեցա քաղցկեղից, չվախեցա մահից, հիմա ինչի՞ց պետք է վախենամ,  ամբողջ կյանքում եմ պայքարել». Վալերի Գործունյան
«Ես չվախեցա քաղցկեղից, չվախեցա մահից, հիմա ինչի՞ց պետք է վախենամ, ամբողջ կյանքում եմ պայքարել». Վալերի Գործունյան

Երեք ձախողված ամուսնություններից, քաղցկեղը հաղթահարելուց, տարիներ տևած դավաճանությունից և ֆինանսական ահռելի կորուստներից հետո անգամ նա հավատում է, որ մարդիկ աշխարհ չեն եկել մենակ լինելու համար. մարդուն մարդ է պետք:

Վալերի-Աշխեն Գործունյանն առաջին անգամ Հայաստան էր եկել 16 տարեկանում: Առաջին ու մեծագույն հիացմունքը ամենուրեք ու բոլորից լսվող հայերեն խոսքն էր: Այդ օրն արդեն գիտեր՝ երբևէ, ինչ-որ կերպ վերադառնալու է Հայաստան: Ցանկությունն իրականություն դարձավ 1995-ին:

«Երկրորդ ամուսնուս՝ զավակներիս հոր շնորհիվ ծանոթացել էի ԱՍԱԼԱ-ի մարտիկների, այդ թվում՝ Մոնթեի հետ: Մեր մտերմությունն ավելի խորացավ պատերազմի տարիներին, երբ այս կամ այն կերպ օգնում էինք Արցախում գտնվող Մոնթեին: Նրա մահից հետո Հայաստան տեղափոխվելու որոշումս այլևս անբեկանելի էր: Ես գիտեի, որ իմ առաքելությունը նորանկախ Հայաստանին ինչ-որ կերպ աջակցելն է»,- պատմում է տիկին Վալերին:

Այն մասին, թե ինչո՛վ է ուզում զբաղվել Հայաստանում, երկար չի մտածել: Գործունյանների ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել է սուրճի բիզնեսով: Հայրն Աֆրիկայում սուրճի հսկայական ցանքատարածություններ ուներ:

«Ստացվեց այնպես, որ հայրս զբաղվում էր սուրճի բիզնեսի առաջնային օղակով՝ սուրճ աճեցնելով, ես՝ դրա վերջնական օղակով՝ արդեն բաժակի մեջ: Կարծեմ՝ ես առաջին ֆրանսահայ գործարարն էի, որ Հայաստանում այդպիսի խոշոր ներդրում կատարեց: Նախնական շրջանում մենք Աբովյան 23 հասցեում սուրճի խանութ հիմնեցինք, որտեղ տեղադրեցինք նաև անհրաժեշտ տեխնիկա, որպեսզի այցելուները կարողանային տեղում տեսնել, թե ինչպես են սուրճը բովում և աղում: Հետագայում այնտեղ բացվեց նաև «Փարիզյան սուրճը»,- պատմում է Վալերին:

Այդ ընթացքում արդեն հասցրել էր երրորդ անգամ ամուսնանալ՝ իր կամքին հակառակ: Նախկին ամուսնությունների անհաջող փորձը, հասուն տարիքը և տնտեսական անկախությունը տիկին Վալերիին ստիպում էին հեռու մնալ ամուսնության ինստիտուտից: Նրա համար միշտ կարևորը սերն է եղել.

«Նախկին ամուսինս ուղղակի համոզեց՝ շատ ռոմանտիկ հայտարարություններով և ժեստերով: Ես միամիտ չէի, ամուսնությունից առաջ ամուսնական պայմանագիր էինք կնքել, որը, ըստ էության, լիարժեքորեն պաշտպանում էր ինձ տնտեսական ոտնձգություններից: Սակայն հետագայում պարզվեց, որ այդ փաստաթուղթը Հայաստանում ոչ մի նշանակություն չունի»,- ասում է Գործունյանը:

Հայաստանում հաստատվելուց քիչ անց Վալերին առողջական լուրջ խնդիրներ ունեցավ: Քաղցկեղի մասին լուրը տակնուվրա արեց ամեն ինչ: Պատշաճ ախտորոշման և բուժման համար ստիպված էր Ֆրանսիա մեկնել:

«Հայաստանում «քաղցկեղն» արտաբերվում է որպես դատավճիռ: Հաճախ հիվանդին անգամ չեն ուզում այդ մասին ասել: Դա սխալ է, պետք է փոխել այդ մոտեցումը: Վախենալու և հուսահատվելու փոխարեն պետք է պայքարել: Քաղցկեղի հաղթահարման պատմությունները բազմաթիվ են, բայց շատ բան կախված է հիվանդի տրամադրվածությունից: Ես ինձ համար առաջին իսկ վայրկյանից որոշել էի՝ ոչ մի վախ, միայն պայքար: Չնայած ծնողներս, զավակներս և ընկերներս միշտ կողքիս էին, աջակցում էին ինձ, ես նույնիսկ հիվանդանոց միշտ մենակ էի գնում, որովհետև գտնում էի, որ ավելորդ է մարդկանց այդ սթրեսին ենթարկել: Բժիշկս նույնիսկ մի անգամ ասաց՝ «Զինվորի կամք ունես: Մի օր դրա համար պատասխան ես տալու»: Այդպես էլ եղավ: Պատասխանը եռամսյա խոր ընկճախտն էր, բայց դրա պատճառը բոլորովին այլ էր»,- պատմում է Վալերին:

Քաղցկեղի դեմ պայքարի երկար ու դժվարին ճանապարհը, սակայն, սկիզբն էր միայն: Կարճ ժամանակ անց մահացավ հայրը, ով իր մեծագույն հենարանն է եղել միշտ: Զինվորի կամքով այս կինը գիտեր՝ հայրն իր կոտրվելը չէր ուզի տեսնել, բայց հանգամանքներն իրենից ուժեղ էին.

«Որոշ ժամանակ անց պարզեցի, որ ամուսինս դավաճանում է: Դա ինձ համար վերջին կետն էր: Ես ուղղակի կտրվեցի աշխարհից, մեկուսացա Փարիզի իմ բնակարանում: Երեք ամիս չէի ուզում տեսնել ոչ մեկին, խոսել, քննարկել: Ինձ ժամանակ էր պետք՝ ինքս ինձ հետ լինելու համար, ինքս ինձ հասկանալու: Ինձ ես էի պետք: Սկսեցի հիշել այն օրերը, երբ անցկացնում էի հիվանդանոցում: Այդ ժամանակ տեսնում էի մարդկանց, ովքեր տասնապատիկ բարդ խնդիրներ ունեին, և շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ ինձ ուժ է տալիս՝ պայքարելու: Երեք ամիս անց ես հանկարծ մտածեցի՝ ես չվախեցա քաղցկեղից, չվախեցա մահից, հիմա ինչի՞ց պետք է վախենամ: Ես ամբողջ կյանքում եմ պայքարել, և սա այդ պայքարի հերթական փուլն է: Գուցե՝ ամենաբարդը, բայց հերթականը»,- պատմում է Վալերին:

Ապահարզանի ընթացքում ծագեց ունեցվածքը կիսելու անհրաժեշտություն: Սեփական բիզնեսի համար պայքարը շարունակվեց դատարանում: Տիկին Վալերին վստահ է՝ նախկին ամուսինը՝ Վազգեն Ասատրյանը, օգտվում էր նախկին իշխանական վերնախավի հետ մտերմությունից և քննությունը տանում իրեն ձեռնտու ճանապարհով: Ոչ մի փաստարկ, ոչ մի հանգամանք հաշվի չէին առնվում: Կնոջ ընդդիմադիր կեցվածքը նախկին ամուսնու հիմնական խաղաքարտերից մեկն էր:

«Արդարադատության համար պայքարի 4 տարիները քամեցին ինձ՝ ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես: Ես հասկացա, որ օրենքի ու արդարության նկատմամբ հավատս, որ անվերապահ էր, հեռու է իրականություն լինելուց: Ինձանից, բառի բուն իմաստով, գողացան կյանքս: Վազգենը չբավարարվեց իմ դեմ բացված 12 դատական գործերով: Նա նաև հարկային մարմիններում իմ դեմ բողոք ներկայացրեց: Դրա հետևանքով «Փարիզյան սուրճը» ստիպված էր 80 մլն դրամ վճարել, և դրա համար ինձ տվեցին միայն 24 ժամ: Ես ստիպված էի վաճառել բիզնեսի մի մասը, ինչպես նաև՝ բնակարանս, և վերադառնալ Փարիզ»,- պատմում է տիկին Վալերին:

Այսօր Վալերի Գործունյանը զբաղված է առօրյա գործերով, հեռու է աշխատանքային թուհուբոհից, հոգ է տանում մոր մասին և վայելում որդիների սերը: Մի քանի ամսից արդեն տատիկ է դառնալու, խոստովանում է՝ երջանիկ է այդ մտքից, բայց հստակ որոշել է՝ երբ էլ լինի, վերադառնալու է Հայաստան՝ արդարության հետևից:

«Իմ փաստաբանը Վահե Գրիգորյանն է, ով այս օրերին՝ հեղափոխությունից և Մարտի 1-ի գործի քննության վերսկսումից հետո, շատ ծանրաբեռնված է: Ես վստահ եմ, որ այսօրվա Հայաստանում արդարությունը հաղթելու է: Սա ինձ համար այլևս պայքար չէ «Փարիզյան սուրճի» համար, սա սկզբունքի պայքար է: Ես հրաժարվել եմ Եվրադատարանում գործը քննելու մտքից և վերադառնալու եմ Հայաստան՝ այստեղ գործի քննությունը վերսկսելու համար»,- ասում է նա:

Անցածի համար տիկին Վալերին, իհարկե, ափսոսում է: Կորցրածն անհամեմատ ավելի շատ էր, քան գտածը, բայց, միևնույն է, լավատեսությունը չի կորցնում. վստահ է՝ իր ճշմարտությունը հաղթելու է.

«Այո՛, իմ կյանքը լի է փորձություններով՝ հիվանդություններով, դավաճանություններով, հիասթափություններով, բայց, միևնույն ժամանակ, դրանք նաև իմ հարստությունն են: Ես 16 տարիների կյանքս թողեցի Հայաստանում, «Փարիզյան սուրճում», բայց այսօր ապրում եմ սպասումով, որ Վահեն կզանգահարի և կասի, որ գործի քննությունը վերսկսվում է: Ես նորից սկսել եմ հավատալ արդարությանը: Ինձ համար դա ամենակարևորն է»,- ասում է տիկին Վալերին:

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am