Հավանաբար ինչ-որ գործարք է տեղի ունեցել, որի պատճառով Շահրամանյանն այդ փաստաթուղթը ստորագրել է. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվողի վերաբերյալ եմ ձեր դիտարկումները խնդրում:

– Պետք է դանակը ոսկորին հասներ, որ այդ մարդիկ ինչ-որ հարցեր բարձրացնեին: Եթե այդ ամենը ժամանակին տեղի ունենար, օրինակ՝ մինչև Ստեփանակերտում հեղաշրջումը, գուցե այսօր բոլորովին այլ իրականության մեջ ապրեինք: Գիտենք, որ կային այլընտրանքային տարբերակներ, բայց դրանք բոլորն ի չիք դարձան, երբ Ստեփանակերտում իշխանությունն իր ձեռքը վերցրեց հայտնի խմբակը: 

Այսօր այդ ամենը Երևանում կազմակերպելն ուշացած քայլ էր Արցախի ժողովրդի կողմից, ու հավանաբար կապված է նրա հետ, որ Արցախի այսպես կոչված նախագահը որոշել է բացի իրենից ու իր մերձավոր շրջապատից, մյուսներին հոկտեմբերի 1-ով ազատել աշխատանքից, ինչը, հավանաբար, Հայաստանի Կառավարության կողմից մինչև հունվարի 1-ը նրանց աշխատավարձով ապահովելու մերժման հետևանք է:

– Շահրամանյանի այդ որոշումն ինչպե՞ս եք գնահատում:

– Ակնհայտորեն խտրական վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, որոնք հավասար իրավունքներ ունեն բոլոր այն մարդկանց հետ, որոնք մնացել են, չեն ազատվել աշխատանքից: 

Իմ գնահատմամբ՝ սա կապված է նրա հետ, որ Արցախի այսպես կոչված նախագահը հաշվարկել է ու գտել, որ ֆինանսական հնարավորությունները չեն ներում մինչև հունվարի 1-ը ամբողջ պետական ապարատին ապահովել, ու որոշել է ապահովել նրանց, ում կարող է, ինչպես նշեցի, իրենց մերձավոր շրջապատում: Սա կամայական որոշում է, ու ես ամբողջովին աջակցում եմ այդ մարդկանց ցասմանը: 

– Պարո՛ն Ղևոնդյան, ըստ էության, Շահրամանյանը հակասեց իր իսկ ստորագրած փաստաթղթին՝ հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Ի՞նչ էր նշանակում նրա այս հայտարարությունը:

– Հավանաբար ինչ-որ գործարք է տեղի ունեցել, որի պատճառով Շահրամանյանն այդ փաստաթուղթը ստորագրել է, բայց իրավական առումով այդ փաստաթուղթը որևէ նշանակություն չունի: Հավանաբար նա այդ մասին էր խոսում, իսկ թե գործարքի արդյունքում Շահրամանյանն անձամբ ի՛նչ է ստացել, ես կարծում եմ ակնհայտ է. Արցախի նախկին նախագահներն ու այլ պաշտոնյաներ Բաքվում են, իսկ Շահրամանյանը Երևանում է: Հավանաբար դուրս գալու համաձայնության դիմաց է նման փաստաթուղթ ստորագրել, իսկ այսօր, երբ Երևանում է, կարող է հանգիստ ասել, որ ստորագրել է, բայց այդ փաստաթուղթը որևէ նշանակություն չունի: 

– Հիմա իսկապե՞ս այդ փաստաթուղթը որևէ նշանակություն չի ունենա, թե Ադրբեջանը, չնայած այդ փաստաթղթի իրավական թույլ կամ իսպառ բացակայող հիմքերին, առաջնորդվելու է հենց դրանով:

– Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որպեսզի դա ազդեցություն ունենա, բայց քանի որ իրավական առումով, ինչպես նշեցինք, չի կարող մեկ մարդու ստորագրությամբ պետություն լուծարվել, կարծում եմ, ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է դրա բացասական ազդեցությունը նվազեցնել կամ ընդհանրապես վերացնել:

– Այս բողոքի հնարավոր հետևանքները որո՞նք են լինելու, շարունակական կլինի՞ այն:

– Ես կարծում եմ, որ հիմնական հետևանքը այն կլինի, որ, ի վերջո, Արցախի կառավարությունն ու խորհրդարանը տեղից կշարժվեն, որոշակի գործողություններ կսկսեն իրականացնել, չեն սպասի արտաքին լծակների, այլ ինքնուրույն որոշումներ կկայացնեն ու պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա:

– Նախագահ Շահրամանյանի կողմից այսքան ժամանակ լռելը տեղի՞ն էր, պետք է այս ցասումը լիներ, որ նո՞ր ինքը հանդիպեր իր քաղաքացիների հետ, խոսեր նրանց հետ:

– Ոչ միայն նրա լռությունը, այլ նաև կառավարության ու խորհրդարանի փաստացի անգործությունը ընդհանրապես չեն համապատասխանում ձևավորված իրողություններին, ու ճիշտ կլիներ, որ նրանք գործընթացներ ծավալեին, նիստեր հրավիրեին ու որոշեին իրենց հետագա անելիքները:

– Այդ նիստերն ինչ-որ բան կարո՞ղ են տալ, պարո՛ն Ղևոնդյան:

– Խնդիրն այն չէ, թե դրանք ի՛նչ կտան, խնդիրն այն է, որ նրանք իրավասու ու պատասխանատու են այն մարդկանց համար, որոնք Արցախից տեղահանվել ու գտնվում են Հայաստանում: Ի վերջո, Հայաստանն իր հայրենակիցներին օգնում է, աջակցության ծրագրեր իրականացնում, բայց նա դա անում է որպես բարի կամքի դրսևորում, իսկ նրանց համար պատասխանատվությունը կրում են իրենց կողմից ընտրված ներկայացուցիչները:

– Հիմա ձեր ընդդիմախոսները կասեն, որ արցախահայությունն այս վիճակին է հասել Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով, ու գլխավոր պատասխանատուն և աջակցողը հենց իրենք են, պարո՛ն Ղևոնդյան: 

– Ես համաձայն չեմ, Հայաստանը փորձել է իրականացնել այն բոլոր քայլերը, որոնք չպետք է բերեին նման արդյունքի, բայց Արցախի ժողովուրդն առաջին հերթին, որը ժամանակին փողոց դուրս չեկավ, ու նրա կողմից ընտրված ներկայացուցիչներն ընտրել են այլ ճանապարհ, ինչի հետևանքը մենք այսօր տեսնում ենք, այդ հեղաշրջման ու դրանից հետոյի հետևանքով Արցախն այսօր հայաթափված է: 

– Ձեր ասած՝ հեղաշրջմամբ իշխանության եկածներն այլընտրանք ունեի՞ն, որ Արցախը չհայաթափվեր:

– Կոնկրետ մարդիկ, որոնք իշխանության էին եկել, արդեն այլընտրանք չունեին, բայց Արցախի էլիտան, ընդհանուր առմամբ, այլընտրանք ուներ, որ գնար այլ ճանապարհով, որն իրեն առաջարկվել էր, ընտրությունը կանգնեց սրա վրա: 

Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ տեղեկություն ունեմ, որ սեպտեմբերի 20-ին ստորագրված փաստաթղթում «Հայաստանի զինված ուժերի» մասին կետի վերաբերյալ առարկություններով հետ է ուղարկվել, բայց ռուսական ու ադրբեջանական կողմերը պնդել են, որ այդ կետը պետք է լինի, հակառակ դեպքում կրակը չի դադարեցվի, ու ադրբեջանական ուժերը կմտնեն Ստեփանակերտ, ու ստիպված են եղել ստորագրել, այսինքն՝ նույնիսկ այսպիսի փոքր հարցում նրանք այլընտրանք չունեին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am