«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմն ինչ է մտածում կոալիցիա կազմելու հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի հետ են պատրաստվում համագործակցել և որի հետ են բացառում համագործակցությունը։«Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Գալջյանը։

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։ 

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների  15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս,  «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների  9․68 տոկոս։