ԱԳՆ. Հայաստանը շնորհակալ է ոլոր այն երկրներին, որոնք կանխեցին ադրբեջանական բանաձևի ընդունումը

ԱԳՆ. Հայաստանը շնորհակալ է ոլոր այն երկրներին, որոնք կանխեցին ադրբեջանական բանաձևի ընդունումը
ԱԳՆ. Հայաստանը շնորհակալ է ոլոր այն երկրներին, որոնք կանխեցին ադրբեջանական բանաձևի ընդունումը

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ընթացքում պետք է քննարկվեր Ադրբեջանի առաջարկած«Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձևի նախագիծը:
Սակայն երեկ երեկոյան բանաձեւի նախագիծը հանվել է քվեարկությունից, իսկ համապատասխան օրակարգի կետը տեղափոխվել է ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:
Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել և վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձևի ընդունումը»:

Ադրբեջանական բանաձևում մասնավորապես ասվում է, որ հակամարտության գոտի հանդիսացող տարածքների կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի և ժողովրդագրական կազմի միակողմանի փոփոխությունները իրավաբանական ուժ չունեն և խոչընդտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձևի նախագծի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերի 6-ի հայտարարությամբ նշվում է, որ   ԼՂ հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ:

«Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական և արդյունավետ ընթացք ունենա»,-նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ: