Պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ պատվաստվել է կամավոր, իր ցանկությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորի կողմից ընտրվել հենց «AstraZeneca» պատվաստանյութը, հաշվի առնելով տեղական և միջազգային մամուլում առկա բացասական կարծիքներն ու այդ պատվաստանյութից մահացության մասին հրապարակումները, Վարդանյանը նշեց, որ պատվաստանյութի ընտրությունը կատարվել է հենց այդ շահարկումներին պատասխանելու պատճառով:

«Քանի որ ուսումնասիրել եմ տեղական և միջազգային հրապարակումները, կարող եմ ասել, որ դրանք իսկապես շահարկումներ են: Բացի այն, որ ուսումնասիրություն եմ կատարել, նաև խորհրդակցել եմ բժիշկների հետ, նրանք էլ վստահեցրել են, որ խնդիր չկա»,- ասաց Վարդանյանը:

Ծովինար Վարդանյանը հայտնեց, որ տեղեկություն ունի նաև այլ պատգամավորների պատվաստվելու մտադրության մասին, սակայն չգիտի՝ կան արդեն պատվաստված այլ պատգամավորներ, թե ոչ:

Ծովինար Վարդանյանը պատվաստանյութի առաջին ներարկումը ստացել է ապրիլի 26-ին, իսկ երկրորդը պետք է ստանա հաջորդող 8-12 շաբաթների ընթացքում: