Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց չբավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։

Ավելի վաղ, դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր ճանաչել ամբաստանյալների և պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և անցնել դատաքննության։