«Շոկի մեջ գտնվող, հազարավոր զավակներ կորցրած ժողովրդից ի՞նչ ենք պահանջում, որ փողոց դուրս գան ու զանգվածաբար ակցիանե՞ր անեն»․ Վարուժան Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ, պահեստազորի սպա Վարուժան Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, երկրում ներքաղաքական իրավիճակը լարված է, ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց Նիկոլ Փաշինյանը չի հեռանում։ Կոչեր կան, որ պետք է խուսափել հնարավոր բախումներից։ Ո՞րն է լուծումն այս իրավիճակում։

– Մենք բազմիցս խոսել ենք լուծման մասին, լուծումը հրաժարականն է և անցումային հակաճգնաժամային ժամանակավոր կառավարության ձևավորումը՝ համապատասխան ծրագրով։ Մենք ծրագրի մասին էլ ենք խոսել։ Իհարկե, այդ ծրագրի ամենահրատապ հարցը պետք է լինի գերիների, անհայտ կորածների հարցի լուծումը։

Մեկ այլ հարց էլ է հիմա ուրվագծվում, ցավալի մի փաստ՝ Սովետական Հայաստանի վարչական սահմանով մեր թշնամին իր ուզած կոնֆիգուրացիայով սահման է գծում։ Եվ դա դավաճանաբար վավերացվում է՝ այն անվանելով դեմարկացիա՝ սահմանազատում։ Բայց այդպիսի բան չկա, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվել է 100 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող Ազգերի լիգայի խորհրդի հանձնախմբի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկներով: Եվ դա որպես փաստաթուղթ արտացոլված է թե՛ Սևրի պայմանագրում, թե՛ Վիլսոնի իրավարար վճռի փաթեթում։

Եվ եթե թշնամին է գծում այսօր մեր սահմանը, մենք պարտվել ենք ագրեսիվ պատերազմի հետևանքով ու այս պահին չենք կարող որևէ բան անել, ինչին ես համաձայն չեմ, բայց եթե այդպես է, ապա գոնե իրավունքի տիրույթում չպետք է լեգիտիմացնենք պարտությունը։

Իսկ մեզանում տեղի է ունենում սոսկալի դավաճանություն՝ պարտությունը մեր ձեռքով լեգիտիմացվում է, և՛ նախկինները, և՛ ներկաները նույն գծի մեջ են։ Հասկանալի է, որ նրանք դրա պատասխանը դեռ տալու են, այդպես չի մնալու։

Այդ զավթումը՝ արտաքին և ներքին, ի վերջո իր հանգուցալուծումն է ունենալու, ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու։

Զինադադարի այդ խայտառակ փաստաթուղթը տվյալ կառավարությունը պետք է արձանագրի ընդամենը որպես զինադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ։

Իսկ մնացած մասով պետք է դարձվի քննարկման առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ մեր ազգային իրավունքների առաջքաշմամբ ու վերահաստատմամբ։

Դրա բոլոր հնարավորություններն ու հիմքերը կան, ամենակարևորը իրավունքի տիրույթում մեր դիրքերն ամրապնդելն ու պահելն է։ Իսկ հետագայում արդեն մեր կենսունակությամբ է որոշվելու, թե իրական սահմանները որտեղ կլինեն։

Այսինքն՝ այս փուլում դրան դիմադրելու շանսեր կա՞ն։

– Առնվազն իրավունքի դաշտում՝ չզիջելու ու մեր իրավունքը վերաամրագրելու տեսանկյունից կա։ Երևույթը տաքացել է, բացվել է և ավելի ակտուալ է դարձել։ Եվ մենք այս առիթը կարող ենք օգտագործել։

Այսինքն՝ ճգնաժամն ու մարտահրավերները նաև հնարավորություններ են բացում։ Եվ մենք պետք է դա բացենք։ Իհարկե խոսքը չի վերաբերում այս կառավարությանը։ Նրանք միայն կարող են հանձնել ու հանձնվել։

– Մարդիկ սահմանին մնացել են դեմ առ դեմ ադրբեջանցիների հետ։ Սա ինչի՞ մասին է խոսում։

– Դա հենց այն մասին է խոսում, որ մենք բախվել ենք պետության՝ որպես համակարգի կեղծության երևույթին։

Մենք դա չէինք տեսնում, իհարկե տեսնողները տեսնում էին, բայց առհասարակ դա չէր երևում, որովհետև թաքցված էր արտաքին շղարշով, կեղծ կարգախոսներով, պատկերներով, անհեթեթ խոստումներով, ստով, կեղծիքով։

Պատերազմը պատռեց այդ թարախապալարը, և մենք տեսանք, թե ինչքան հիվանդ է մեր հանրային ու պետական մարմինը։ Եվ սա դրա ուղիղ վկայությունն է, որ մենք մերկ ենք և փաստորեն պետք է զրոյից պետություն ստեղծենք։ 

– Վարչապետն ասում է՝ չկա իր հրաժարականի հանրային պահանջ։ Մյուս կողմից՝ հրապարակի հարթակում կանգնած են ձեր նշած նախկին քաղաքական ուժերը, որոնք պնդում են, որ պետք է իրագործվեն Արցախի մասին ստորագրված փաստաթղթի բոլոր դրույթները։ Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հասարակ քաղաքացին, որպեսզի ձևավորվի այդ հրաժարականի պահանջը։

– Ցավոք սրտի, 30 տարի երկիրը վերածվել է միտինգի ու միտինգակռվի։ Միայն հետևանքները, որ այս կառավարության օրոք տեղի են ունեցել, լիուլի բավարար են հազար անգամ նրա հրաժարականի համար։

Շոկի մեջ գտնվող, հազարավոր զավակներ կորցրած ժողովրդին այսօր ժամանակ է պետք ուշքի գալու համար։

Այդ ժողովրդից ի՞նչ ենք պահանջում, որ փողոց դուրս գան ու զանգվածաբար ակցիանե՞ր անցկացնեն։ Դրա համար պետք է ընդամենը բարոյականություն ու մի քիչ էլ ուղեղ ունենալ։ Ցավոք սրտի, ո՛չ ուղեղ ունեն, ո՛չ էլ խիղճ։

Ինչ վերաբերում է մյուս կողմին, նախ՝ այս ամենի և երկիրն այս վիճակի հասցնելու պատասխանատվությունը կիսում է մյուս կողմը՝ այս կամ այն կերպ 28-ամյա կառավարման մեջ լինելու համար։

Այս կառավարությունն ընդամենը նախկինների շարունակությունն է՝ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության առումով, և՛ ապիկարության, և՛ տնտեսությունը շարունակաբար քայքայելու, կոռուպցիայի և տարբեր դրսևորումներով։

Եթե նախկինի վերքերը չես բուժում, սխալները չես ուղղում, շարունակում ես, ապա նույնչափ հացավոր ես, մի բան էլ ավելի, որովհետև ժողովրդով ես եկել ու մարդկանց խոստումներ տվել։ Նախկինները գոնե չէին խաբում, իսկ սրանք փաստորեն բոլորին խաբեցին։

Պարզ է, որ ժողովուրդը նախկիններին չի ուզում, ներկաներին չի ուզում։ Եվ այդ լռող մեծամասնությանը, որն այսօր ցավի, վշտի ու շոկի մեջ է, դեռ ժամանակ է պետք՝ մտածելու, մտորելու, այս վիճակից դուրս գալու համար։

Այս պահին բարոյականություն, խիղճ ու պատասխանատվություն չունեն հեռանալու և ազգային ամբողջ ռեսուրսի համախմբման համար հնարավորություն ստեղծելու։

Դա շատ վատ հետևանքներ է ունենալու, բայց ի վերջո չենք կործանվելու, այս վիճակից էլ դուրս կգանք։ Անհեթեթ պատճառաբանությունները, թե չկա հանրային պահանջ և այլն, պարզունակ, էժան մանիպուլյացիա են, որն ընդհանրապես քննարկման առարկա չի կարող լինել։

Վերջին օրերին կոչեր են հնչում բախումներից խուսափելու մասին։ Արդյոք քաղաքացիական պատերազմի վտանգ կա՞ երկրում։

– Ամեն ինչ պետք է անենք՝ դրանից խուսափելու համար։ Մենք նոյեմբերի 12-ի մեր հանրահավաքի ժամանակ հանդես եկանք հանրային նախաձեռնությամբ՝ բոլոր կողմերի ներկայացուցիչներից համակարգող խումբ ստեղծելու և այդ վտանգը չեզոքացնելու համար։

Ցավոք սրտի, ոչ մի կողմից արձագանք չստացանք։ Պետք է զերծ մնալ ամեն տեսակի բախումներից ու խժդժություններից։

Բայց նաև նկատի պետք է ունենանք, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմի վիճակ չի կարող առաջանալ, թեպետ բախումներ ու խժդժություններ կարող են լինել։

Բայց այս թույլ վիճակում ցանկացած լարվածության աճ էական վտանգներ կարող է ավելացնել՝ առանց այն էլ մեր այս ծանր վիճակում։ Թշնամին սահմանին կանգնած է, պետք է հասկանանք, որ չի կարելի այդպես անել։

Սա է վիճակը, 30 տարի շարունակ այս կիսագաղութային կառավարման համակարգում ստեղծել են կեղծ երկընտրանք՝ իշխանություն-ընդդիմություն։

Իրականում երկուսն էլ գաղութային համակարգին են ծառայում և գզվռտոց ստեղծելով՝ ժողովրդի ուշադրությունը շեղել են հիմնական խնդիրներից, իրապես ինքնիշխան ազգային պետություն կառուցելու հիմնական հարցերը լուծելուց։

Ցավոք սրտի, այս անարժեք գիծը շարունակվում է, և մեծամասնության լռությունը հենց խոսում է այն մասին, որ մենք բազային անցման մեջ ենք, և ժողովրդի մեծամասնությունը կարճ ժամանակ հետո այս վիճակից դուրս է գալու, անցում է լինելու, այս վիճակը հաղթահարվելու է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am