«Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ». Սարգիս Քլոյան

«Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ». Սարգիս Քլոյան
«Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

– Պարո՛ն Քլոյան, այսքան տարիներ հետո առաջին անգամ ասում են՝ Հայաստանում իրական գարուն է, դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, Մարտի 1-ի էջը կփակվի՞, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Նոր գարուն է բացվել Հայոց աշխարհի վրա, բայց Մարտի 1-ի զոհերի հարազատների համար այսօր գերեզմանների օր է: Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ: Թող ապագա իշխանությունները, որոնք գալու են իշխանության, հասկանան, որ արյամբ, մարդ սպանելով չգան իշխանության: Ես այդ կոչը կանեի:

Ինչ վերաբերում է սպասելիքներին, դրանք շատ մեծ են: Թավշյա հեղափոխությունից հետ սպասելիքներս ավելի ամրացան, կարկառուն դեմքերը արդեն ճաղերի հետևում են, և դեռ շատ շատերն են գնալու ճաղերի հետև: Ամբողջովին պետք է արմատախիլ անել ՀՀԿ-ի կարկառուն դեմքերին, որպեսզի կարգուկանոն հաստատվի, և լինի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան:

– Կարծում եք՝ այդ շղթան ամբողջությամբ կբացահայտվի՞։ Ի դեպ, գլխավոր մեղադրյալներից մի քանիսը Հայաստանում չեն:

– Հայաստանում չեն, բայց հետախուզման մեջ են, նրանց էլ կգտնեն: Թեկուզ 1-2 տարի հետո նրանց կբերեն Հայաստան: Այդ շղթան շատ մեծ է, դա և՛ Հայաստանում է, և՛ դրսում: Ուղղակի գործը մեծ է, քննիչները քիչ են: Բայց կամաց-կամաց գործերը կգնան դատարան: Առաջին խումբն արդեն գնացել է, բոլորը կհայտնվեն ճաղերի հետևում:

– Արդարադատությունից որքանո՞վ եք գոհ:

– Դատական համակարգն անջատ է կառավարությունից: Իմ կարծիքով՝ կբարձրացնեն դատական համակարգի աշխատողների աշխատավարձերը, նրանք այլևս չեն գնա կոռուպցիայի, կունենանք նորմալ համակարգ:

Մենք, ճիշտ է, ուրախացել ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացվում է, բայց մեր հոգիները ցավում են: Ես շատ եմ ուրախացել, որ մեր երեխաների համար հուշարձան է կանգնեցվելու, իմ թոռնիկները կիմանան, թե իրենց հայրն ինչի՛ համար է զոհվել:

– Դասագրքերում ուզում են Մարտի 1-ի մասը վերանայել: Ինչպե՞ս եք գնահատում ԿԳ նախարարի այս քայլը:

-Զոհերի հարազատներս արդեն մեկ անգամ եղել ենք ԵՊՀ-ում, որի պատմության ֆակուլտետի դեկանն անխղճորեն գրել էր, թե երկու կողմից զենքի կիրառման հետևանքով ունեցել ենք զոհեր: Հիմա բոլորս՝ զոհերի հարազատները, Էդիկ Մինասյանից պահանջում ենք, որ շրջանառությունից հանի այդ հատվածը: Վերջերս ինքը հարցազրույց էր տվել և ասել, որ երբ ամբողջովին ավարտվի դատաքննությունը, ամբողջովին փակվի «Մարտի 1»-ի էջը, ինքն իր խոսքը կասի այդ ժամանակ:

Մանե Հարությունյան

MediaLab.am