«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու հարցը

«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու հարցը
«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու հարցը

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցությունը նաեւ քննարկել է լրագրողների` 334 դահլիճ մուտքը սահմանափակելու հարցը, հաղորդում է Factor.TV-ն:

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը: Ալեքսանդր Ավետիսյանը լրատվամիջոցի հետ նշել է, որ ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով պետք է զբաղվի, ապա ավելացրել՝ արտահոսքի թեման հաճախ նաեւ ուռճացված է:

Այնուհետ, շարունակելով ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման, պարոն Ավետիսյանն ասել է, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել: «Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»:

Նա ընգծել է, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաեւ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը: Մասնավորապես, Ալեսանդր Ավետիսյանն անձնական կարծիք ունի, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։

Պատգամավորը գտնում է, որ լրագրողները պետք է այդ ընթացքում կանգնեն ընդհանուր միջանցքում: Նշենք, որ Ազգային ժողովի թ.334 դահլիճը գտնվում է ԱԺ լիագումար նիստերի դահլիճի հարեւանությամբ, այն բավականին մեծ սենյակ է, որտեղ անցկացվում են քառօրյա նիստերին հաջորդող բրիֆինգները, հանձնաժողովի համատեղ նիստերը, ԱԺ խորհրդի նիստերը, հանրային լսումներ, ինչպես նաեւ իշխանական խմբակցության փակ նիստերը:

Լրատվամիջոցը պատգամավորից հետաքրքրվել է՝ հնարավոր է լինի առաջարկություն, որ նիստերի ընթացքում լրագրողների մուտքը դահլիճի նախասրահ արգելվի: «Եթե շարունակեն ձայնագրություններ հրապարակել, ապա հնարավոր է: Իմ կողմից հնարավոր է հնչի նման առաջարկ»,- ասել է Ալեքսանդր Ավետիսյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ Factor.TV-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն:

«Ես արդեն առաջարկել եմ, որ մտածեն այդ ուղղությամբ: Եթե լրագրողներն ուզում են սպասեն եւ տեղեկատվություն ստանան, կարող են սպասել քիչ ավելի հեռու: Խմբակցությանը քննարկման ժամանակ առաջարկել եմ»:

Լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել էր, որ փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որպեսզի պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին եւ հասկական, թե ինչպես է նրանց տեղեկատվություն փոխանցվում:

Համազասպ Դանիելյանն իր այս առաջարկությունը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Խոսքը վերահսկելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե կա տարածք, այդ տարածքի կազմակերպման մասին է: Որեւէ հնարավորություն չպետք է տալ լրագրողին` էն ինչը իրենցը չի, ականջ դնել կամ տարածքի ֆիզիկական բնութագրիչներից ելնելով իրենց հասանելիքը դարձնել»: