Հոլանդիայի ամենատարեց մարդը` Սերոբ Միրզոյան. «Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»

Հոլանդիայի ամենատարեց մարդը` Սերոբ Միրզոյան. «Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»
Հոլանդիայի ամենատարեց մարդը` Սերոբ Միրզոյան. «Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»

ԱՄՍՏԵՐԴԱՄ. – 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին նիդեռլանդական տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին տեղեկություններն երկրի ամենատարեց բնակիչների մասին։
Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին՝ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1 ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման:

Նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին դարձավ 106-ամյա Սերոբ Միրզոյանը: Տեղեկությունը Orer.eu-ին հաղորդում է Նիդեռլանդական օրագիրը։

Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում բնակվող Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում, հետագայում բնակվել Իրաքում, ապա 1996թ տեղափոխվել է Նիդեռլանդներ:

Նրա դուստրը՝ Պայծառ Միրզոյանը, հիշում է, թե ինչպես տարիներ առաջ նշեցին հայրիկի 100-ամյակը:

Այդ օրն անձամբ քաղաքապետն էր այցելել ու շնորհավորել պարոն Սերոբին, զրուցել, կատակել ու թխվածք ճաշակել հոբելյարի հետ միասին:

Այդ ժամանակ շատերն են զարմացել, թե ինչ ակտիվ կյանքով է ապրում Սերոբ Միրզոյանը: Իր բարի ու մարդամոտ հատկանիշներին զուգորդում է հեծանիվ վարելն ու առանց ակնոցի ընթերցանությունը:

Սերոբ Միրզոյանը

Հիմա էլ շատ բան չի փոխվել 106-ամյա Սերոբ Միրզոյանի կյանքում: Նա ինքն է հոգում իր կարիքները՝ լվացվում, հագնվում, սնվում, երբեմն առևտրի գնում: Հաճախ է օրական մեկ հում ձու օգտագործում, ըմպում 50 գրամ օղի: Կարդում է Աստվածաշունչ և ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտություն:

1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն է, ով գլխավորեց հոլանդացի ամենատարեցների ցանկը:

Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել է ընդամենը 89 հոգի: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը մոտավորապես 100 է:

Իր երկարակեցության ֆենոմենը այսպես է բացահայտում Սերոբ Միրզոյանը .«Ամեն բան Աստծո ձեռքին է,երբ ուզի հոգին առնե, կառնե»:

Մեր հայրենակից Սերոբ Միրզոյանին մաղթենք ամուր առողջություն և բազում տարիների կյանք նիդեռլանդաբնակ երկարակյացների առաջին հորիզոնականում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ամենատարիքով կինը իտալուհի Էմմա Մորանո-Մարթինուզին է, ում 114 տարին կլրանա այս տարվա նոյեմբերին:

Աշխարհի ամենաերկարակյաց կինն ու տղամարդը Ճապոնիայից են: Տիկին Միսաո Օկավայի 115 տարին լրացավ անցած ամիս, Իսկ պարոն Կիմուրայի 116 տարին սարերի ետևում չէ, նա սպասում է ապրիլի 19-ին:

Աշոտ Կնյազյան

Orer.eu

Հոդվածը տպագրվում է Orer.eu կայքի թույլտվությամբ: