«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու Լուսինե Եղիազարյանը
Լուսինե Եղիազարյանը «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դեղակայուն տուբերկուլոզի բաժանմունքի ղեկավարն է, կորոնավիրուսով պայմանավորված հրավիրվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ժամանակավորապես աշխատում է որպես թերապևտիկ բաժանմունքի ղեկավար:
– Տիկին Եղիազարյան, ի՞նչ փուլում ենք հիմա գտնվում, Հայաստանը ի՞նչ իրավիճակում է վիրուսի դեմ պայքարում։
– Դեռևս վերջը չեմ տեսնում, սակայն կարող եմ ասել մի բան՝ պետությունը անում է մաքսիմալ հնարավորը և անհնարը պացիենտներին բուժելու, փրկելու համար։
– Ձեր բուժհիմնարկում ի՞նչ իրավիճակ է։
– Պացիենտների առողջացման և նրանց լավատեսությամբ համակելու գործում մեծ դեր է խաղում իմ ղեկավարած բաժանմունքում բուժանձնակազմի կողմից ստեղծված շատ ջերմ ու բարի մթնոլորտը պացիենտների հանդեպ։
Թեև այս բուժհաստատությունը առաջիններից չէ, որ միացել է Cօvid-19-ի դեմ պայքարին, սակայն շատ արագ ինտեգրվել է և, ունենալով լավագույն ղեկավար կազմ՝ ի դեմս Գևորգ Սիմոնյանի և Հայկ Անտոնյանի, իրենց շուրջն է համախմբել պրոֆեսիոնալ մասնագետների և կարճ ժամանակամիջոցում արդիական սարքավորումներով հագեցվածության շնորհիվ հասել պացիենտների արագ առողջացման բարձր ցուցանիշների։
– Դուք ե՞րբ ներգրավվեցիք կորոնավիրուսի դեմ պայքարում։
– Առաջին իսկ օրերից միացել եմ COVID-ի դեմ պայքարին՝ գիտակցելով նաև իմ առջև եղած բոլոր խնդիրները, հիվանդության հետ կապված շատ անորոշություններ, և կարող եմ ասել, որ առաջին իսկ օրերից մի կողմ դնելով որպես կին, մայր, անհատ իմ բոլոր էմոցիաները՝ մեծ պատասխանատվությամբ ինձ վրա վերցրի մեր ազգին լավագույնս ծառայելու բեռը։
– Օրվա կտրվածքով ի՞նչ ծանրաբեռնվածություն ունեք։
– Արդեն 4 ամիս է՝ շաբաթվա 7 օրը աշխատում եմ, առանց հանգստյան օրերի, 9․00-19․00-ը, կեղտոտ գոտուց բացակայում եմ ընդամենը 1 ժամով՝ ընդմիջում անելու համար։
– Ի՞նչ նոր գիտելիքներ եք ձեռք բերել այս ամիսների ընթացքում, որոնք ավելի արդյունավետ են դարձրել պայքարը կորոնավիրուսի դեմ։
– Բուժման սխեմաները կիրառելիս առաջնորդվում ենք թիմային աշխատանքով՝ հաշվի առնելով ԱՀԿ և այլ համաշխարհային փորձ ունեցող կազմակերպությունների առաջարկները։
– Արդյոք շա՞տ են դեպքերը, երբ քրոնիկական հիվանդները հաջողությամբ հաղթահարում են այս հիվանդությունը։
– Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ, այո, շատ են դեպքերը, երբ քրոնիկական հիվանդություններով տառապող պացիենտները մեծ հաջողությամբ հաղթահարում են այս դաժան հիվանդությունը։
– Հիվանդությունը ի՞նչ բարդությունների է հանգեցնում պացիենտների մոտ։
– Հիմնականում սուր շնչառական անբավարարություն, արյան մակարդելիության խանգարումներ, նյարդային համակարգի ախտահարում, սուր դիսթրես համախտանիշ և այլն։
– Կորոնավիրուսի համավարակի դեմ մեր առողջապահական համակարգի արձագանքը ինչպե՞ս կգնահատեք։
– ՀՀ ԱՆ արձագանքը համահունչ է ԱՀԿ-ի բոլոր պահանջներին, որ կիրառվել են COVID տարածվածության բոլոր երկրներում, և ես կարծում եմ, որ մեր պետության կողմից արվել է սահմանափակ հնարավորություններից ավելին, իհարկե այստեղ կարող ենք մեծ շնորհակալություն հայտնել մեզ ձեռք մեկնած միջազգային բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև հայազգի բարերարներին։
– Մարդիկ կան, որ դեռևս չեն հավատում վիրուսի գոյությանը, չեն պահպանում կանոնները, ի՞նչ անել։
– Անկախ ամեն ինչից, պետք է շարունակել նույն տեմպերով ազգային պայքարը, իսկ տվյալ մարդկանց գիտակցությունը դժվար է հասկանալ, քանի դեռ նրանք անձամբ չեն առնչվել տվյալ հիվանդությանը:
– Ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ այս ամենը կավարտվի։
– Կանխատեսումներ անել անհնար է, սակայն ամեն ինչ կախված է մեր ազգաբնակչության գիտակցության մակարդակից տվյալ համավարակի նկատմամբ։
Արփինե Արզումանյան
MediaLab.am