«Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը, որը հանգեցրեց ինքնասպանության

«Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը, որը հանգեցրեց ինքնասպանության
«Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը, որը հանգեցրեց ինքնասպանության

Religions.am-Զրույց «Осторожно, религия!» ցուցահանդեսի կազմակերպիչներ Հարություն Զուլումյանի և Նարինե Զոլյանի հետ ներկայացնում ենք ստորեւ:

2003 թ. հունվարի  14-ին Մոսկվայում, Ա. Սախարովի անվան թանգարանում բացվեց «Զգույշ, կրոն է» անվանումով ցուցահանդեսը: Ի՞նչ էին դրանով ցանկացել ասել ցուցահանդեսի կուրատոր Հարություն Զուլումյանը և կոորդինատորներ Նարինե Զոլյանն և Աննա Ալչուկը: Ցուցահանդեսի բացման տեքստում գրված է. «Ցուցահանդեսի անվանումը հաղորդում է նրա մտահաղացման երկվությունը. դա և կոչ է խնամքով, նրբանկատ և հարգանքով վերաբերվել կրոնին, հավատացյալներին և «ուշադրություն, վտանգ է», երբ խոսքը գնում է կրոնական ֆունդամենտալիզմի (կարևոր չէ իսլամական, թե ուղղափառ) և պետության սերտաճման մասին, որը հանգեցնում է խավարամտության:
Խղճի ազատությունը կարող է հանգեցնել հոգևոր զարթոնքի, կարող է նաև հանգեցնել մոլեռանդության,  այլադավանների և այլախոհների նկատմամբ ատելության: «Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը միջին և երիտասարդ սերնդի արվեստագետների խոհերի արտահայտումն էր.  նրանց տպավորությունը ժամանակակից կրոնականության և կրոնական հաստատությունների հանդեպ: Քանզի ցուցահանդեսը կոլեկտիվ միջոցառում է, այնտեղ ներկայացված էին տարբեր  հեղինակաների տեսակետները, տպավորությունները, խոհերը, որոնք ապահովում էին արտահայտություների բազմազանությունը` տարբեր լրջությամբ և խորությամբ:
Սակայն ցուցահանդեսի բացումից մի քանի օր անց, հունվարի 18-ին, վեց անձերից բաղկացած մի խումբ ներխուժեց ցուցահանդեսի տարածքը, ոչնչացնելով ցուցանմուշների մի մասը: Հարձակվողներից երկուսը տեղում կալանավորվեցին և մեղադրվեցին խուլիգանության մեջ: Սակայն 2003 թ օգոստոսի 11-ին Մոսկվայի «Զամոսկվորեցկի» դատարանը բեկանեց  այդ քրեական գործը և գործ հարուցվեց արդեն ցուցահանդեսի կազմակարպիչների նկատմամբ: 2005 թ. մարտի 28-ին Մոսկվայի «Տագանսկի» դատարանը Ա. Սախարովի թանգարանի տնօրեն Յորի Սամադուրովին և այդ կենտրոնի աշխատակից Լյուդմիլա Վասիլովսայային  ազգային կրոնական թշնամանք սերմանելու համար: մեղավոր ճանաչեց: 2008 թ. ապրիլի 11-ին Բեռլինում հայտնաբերվեց  «Զգույշ, կրոն է» ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի՝ Աննա Ալչուկի դին: Ոստիկանությունը պնդում էր, որ նա ինքնասպանություն է գործել:
Ես հանդիպեցի ցուցահանդեսի կազմակերպիչներից Հարություն Զուլումյանի և Նարինե Զոլյանի հետ կայքի  «Կրոն և արվեստ» թեմայով հարցազրույց ունեցալու նպատակով, որը սահուն կերպով վերածվեց զրույցի:
 
Վարդան Ջալոյան, – Արվեստի և կրոնի փոխհարաբերությունը մինչև վերջերս որոշվում էր «աշխարհիկացում» եզրով: Աշխարհիկացումը մոդեռնի նախագծի մի մասն է: Պոստմոդեռնիզմը ասում է, որ մոդեռնը ավարտվել է, նշանակում է հարցականի տակ է դնում նաև աշխարհիկացումը: Սա լայն դռներ բացեց կրոնի առջև, հատկապես՝ գնոստիկական ուղղությունների: Հաբերմասը դեռևս վերջերս միակ մեծ փիլիսոփան էր, ով դեմ դուրս եկավ այս մոտեցմանը: Նա պնդեց, որ մոդեռնի նախագծը ավարտված չէ: Հաջորդ սերնդի փիլիսոփաները դուրս եկան պոստմոդեռնիզմի դեմ: Օրինակ, Ալան Բադյուն գրում է «Պողոս առաքյալը» գործը, նպատակ ունենալով վերականգնել ունիվերսալիզմի իրավունքները: Պողոս առաքյալը գրում է, որ քրիստոնյան զինվոր է, և նա պատերազմում է ոչ թե մարմնի ու արյան դեմ, այլ՝ պետությունների և իշխանությունների, այսինքն մարդը պետք  ազատվի այն ամենից, ինչը նրան թելադրում է, հրամայում է և կաշկանդում է: Այսինքն՝ ազատագրությունն ավելին է, քան մոդեռնի նախագիծ: Քրիստոնեության մեջ է ունիվերսալիզմ փնտրում նաև Ջ. Ագամբենը: Նա մտցնում է «գլորիա»՝ «փառք» հասկացությունը: Մարդկիկ աշխատում են, իսկ իշխանությունները  յուրացնում են նրանց  փառքը: Օրինակ` Մ.Սարյանը ժամանակին նկարել է, իսկ՝ Ս. Սարգսյանն այսօր հպարտանում է: 
Ազատագրությունը փառքի վերադարձն է: Իսկ փառքը վերադառնում է, երբ մարդիկ  չեն աշխատում: Կարելի է հիշել Ս. Ժիժեկին, որը դիմում է քրիստոնեական ունիվերսալիզմին: Այսինքն, մարքսիստական ունիվերսալիզմի նախագիծը, որ տապալվեց, փորձում են փոխարինել նոր ունիվերսալիզմով: Դա նշանակւմ է, որ մերժվում է և պոստմոդեռնիզմը, որը մերժում է ունիվերսալիզմը, և մերժվում է պոստմոդեռնիստական վերաբերմունքը կրոնին:
Այժմ անցնենք «Զգույշ, կրոն է» ցուցահանդեսին, և նրան հաջորդած իրադարձություններին: Այսօր շատերն են օգտագործում  «հետաշխարհիկացում» եզրը. Աշխարհիկացումը ավարտվել է, սկսվել է «պոստսեկուլյար» դարաշրջանը: Ի՞նչ է դա, կարծում եմ, որ դեռ ոչ ոք դա չգիտի: Միգուցե՞ մեզ պետք է նոր աթեիզմ: Աշխարհիկացման հետ կապված է արվեստի ավտոնոմիան, արվեստը աշխարհիկացման շնորհիվ դարձավ կրոնից անկախ և այստեղից սկսվեց նրա վերելքը: Այս առումով ես հետխորհրդային ժամանակաշրջանի համար նշանային եմ համարում «Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսը ցույց տվեց, որ աշխարհիկության կանոնները խախտվել են, աշխարհիկացման սկզբունքներն արդեն  չեն գործում: Հենց դրա համար էլ դիմում եմ ձեզ, որպես այդ ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին.  ինչպե՞ս հղացավ ցուցահանդեսի գաղափարը, ի՞նչ էր դրված այդ գաղափարի հիմքում և ինչո՞ւ այն ողբերգությամբ ավարտվեց:
 
Նարինե Զոլյան,-Կարծում եմ հարկավոր է սկսել Հարությունից, նա ցուցահանդեսի կուրատորն էր և հեղինակը:
Հարություն Զուլումյան,- Ճիշտն ասած այդ հարցադրումը հաճախակի էր հնչում. ի՞նչն էր ծառայում որպես ակունք և ինչն էր պատճառը: Ես  ցուցահանդեսի անվանման վրա երկար էի մտածել, հետո գտա ամենալակոնիկ ձևը. «Осторожно, религия!», որը սահմանները լայնացնում է: Այսինքն, իրեն երկու կողմից ես  կարող բացահայտել.  զգուշացիր կրոնից և զգույշ եղիր կրոնի հետ առընչվելուց:  Ինձ Գաստոն Բաշլյարի տեսակետն էր դուր գալիս. յուրաքանչյուր երևույթ իրականում կայանում է այն ժամանակ, երբ ծայրահեղությունները համատեղվում են:
Պայքարը տարվում էր նաև տարածքի և կուրատորների հետ, չնայած հետո Սամադուրովը «Թեմա» հաղորդման ժամանակ, իմ համար անսպասելի հայտարարեց, որ անվանումը ինքն է հորինել: Բայց ինքը, երկար, մի քանի ամիս, իմ հետ պայքար էր մղում, որ անվանումը փոխվի: Ընդ որում շատ չկապհապատասխանող անվանումներ էին առաջարկում…
Նարինե Զոլյան,- Ես մի պահ քեզ ընդհատեմ: Գիտես, որ վիդո էլ կա: Գուցե՞ փոխանցեմ. Արդեն նոր հայացքով է պետք  այն դիտել:
 
Հարություն Զուլումյան, –  Մինչ այդ  Վահան Տեր-Օհանյանի ցուցահանդեսն էր տեղի ունեցել, Օլեգ Մավրոմոտին էր անհատական ցուցահանդես կազմակերպել և իմ մոտ հարց առաջացավ, ինչո՞ւ անհատական ցուցահանդեսներ կազմակերպել և ինչո՞ւ սոցիումի կողմից ռեակցիան այդքան պասիվ է: Ես կարծում էի, որ հիշյալ ցուցահանդեսներից հետո Մոսկվայից փախուստ կատարել ճիշտ չէր: Իմ դեպքը փախուստ չէ, տնտեսական պայմաններն ինձ հնարավորություն չտվեցին, որպեսզի շարունակեմ բնակվել Մոսկվայում: Մասնակիցներն արվեստի շրջանակների և հասարակության կողմից ոչ մի աջակցություն չստացան: Ես մտածեցի, որ եթե 40 հայտնի արվեստագետներ մասնակցեն ցուցահանդեսին, դա կլիներ վերաբերմունքի դրսևորում:
Տարածքն էլ էր խնդիր: Օրինակ՝ Բաժանովն էլ էր առաջարկում իր տարածքում կազմակերպել ցուցահանդեսը: Էլի բազմաթիվ տեղեր էին առաջարկում: Հետո հասկացա, որ Ճիշտ կլինի, որ ցուցահանդեսը տեղի ունենա Սախարովի կենտրոնում, որովհետև այնտեղ մարդու իրավունքների պաշտպաններն կան: Ուղղակի, եթե մի կողմում իրավապաշտպաններն են, օրենքը, մյուս կողմում՝ կրոնը, եկեղեցին, ապա ֆիզիկական բախման հանգամանքներ էին  առաջանում: Իհարկե, Բաժանովը լավ աջակցություն ցույց տվեց:
Կազմակերպման ընթացքն էլ շատ բարդ էր ընթանում: Մասնակցության հայտեր ներկայացնելու համար արվեստագետները հերթի էին կանգնել: Մյուսները, ինչպես Դիմա Գուտովը, ով զանգահարեց և ասաց, որ վախենում է, հրաժարվում էին և ետ էին  վերցնում իրենց աշխատանքները: Վլադիմիր Սալնիկովը ցուցահանդեսի ժամանակ իր գործը հանեց: Այսինքն, ամողջ ընթացքում ամենատարբեր դիրքորոշումներ արտահայտվեցին: Ու հետաքրքիր էր ոչ միայն այն մի քանի օրերը, որոնց ընթացքում  ցուցահանդեսը տեղի ունեցավ, այլ նաև նախապատրաստական աշխատանքներն էլ էին հետաքրքիր,  հոգեբանական պրոցես էր. ինչպե՞ս են համաձայնվում, ի՞նչ են մտածում: Կային մարդիկ, որոնք զանգահարում և հրաժարվում էին, հետո կրկին խնդրում էին  մասնակցել:
Նարինե Զոլյան,- Այսինքն տարածքն էլ, ցուցահանդեն էլ ի սկզբանե կասկածելի էր, խնդրի համընդհանուր փոխըմբռնում չկար: Եվ վախն էլ, ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ, ներկա էր, մարդկանց գալի մասը տատանվում էր:
Հարություն Զուլումյան, – Այդ մտավախությունը նրանց մոտ ի սկզբանե ուժեղ էր: Բաժանովը մի անգամ հարցրեց. Հարություն, ինչպե՞ս կարող ես բացատրել, որ անընդհատ հայերն են այդ տեսակի ցուցահանդեսներ կազմակերպում՝ սկզբում Ավդեյ Տեր-Օհանյանը, հիմա՝ դու: Իսկապես, մեր ցուցահանդեսի մասնակիցներից վեցը էթնիկական հայեր էին: Բաժանովի հարցի վերաբերյալ ասեմ, որ հայերը ավել ազատ են վերաբերվում կրոնական խնդիրներին:
Նարինե Զուլումյան, – Ավելի վատ են պատկերացնում, որտեղ են գտնվում, և ինչպիսի արձագանք կունենա իրենց արածը…
Հարություն Զուլումյան, – Չէ, իրականում մեզ մոտ ավելի մեծ կրոնական ազատություն կա, քան Ռուսաստանում…
Նարինե Զոլյան, – Դրա համար էլ, չեն պատկերացնում, թե որտեղ են գտնվում…
Հարություն Զուլումյան, – Ռուս ուղղափառ եկեղեցին խիստ կանոններ ունի, շատ դոգմատիկ է: Ռուսաստանում արվեստագետների հիմնական մասից այն տպավորությունն ես ստանում, որ նրանց գիտակցությունը փակված է: Հենց առաջանում է ուղղափառ եկեղեցու հետ կապված հարցադրումը, ստանում ես այն տպավորություն, որ կարծես զոմբիացած են: Անսպասելի էր Անդրեյ Ֆիլիպովի դիրքորոշումը, կարծես մի բան կոտրվեց…
Նարինե Զոլյան, – Սալնիկովի դիրքորոշումն էլ էր կարևոր:
Հարություն Զուլումյան, – Սալնիկովի դիրքորոշումն այդքան կրոնի հետ չէր կապված. ինձ ավելի շուտ խաղ էր հիշեցնում:
Նարինե Զոլյան, – Ինչո՞ւ խաղ, հետո նա այնքան նեգատիվ արտահայտություններ իրեն թույլ տվեց:
Հարություն Զուլումյան, – Որովհետև իր ֆաշիստական դիրքորոշումից հետո, նա անսպասելի դառնում է խիստ կրոնական: Դա աբսուրդ է, մի քանի ամսում դա հնարավոր չէ:
Նարինե Զոլյան, – Նա միշտ էլ ազգայնամոլ է եղել…
Հարություն Զուլումյան, – Այո, ավելի շուտ ազգայնամոլական էր…
Նարինե Զոլյան, – Մեկը մյուսի հետ բավական լավ էլ փոխկապակցված է:
Հարություն Զուլումյան, – Նրա ակցենտը ավելի շատ շոուի համար էր: «Կուլտուրա» հեռուստատեսությունն էր եկել, նա փորձեց շոու կազմակերպել, որ իր գործը հանում է հենց ցուցահանդեսի անմիջապես բացման ժամանակ: Ես հասկացա այդ խաղը: Ասացի՝ եթե ուզում ես, հենց հիմա հանենք: Սուսուփուս հանեցի նկարները: Նույնիսկ ներկա մարդիկ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ:
Կարծում եմ, ինչպես դու նշեցիր, թեման ինքնին շատ կարևոր է: Ռուսաստանում այդ ժամանակ, ինչպես հասկանում ես, ինչպես ողջ հետսովետական տարածքում, չկար որևե կոնկրետ գաղափարախոսություն և կրոնը դառնում էր մի տեսակ էրզաց-գաղափարախոսություն, փոխարինող…:  Այն, ինչ կատարվում էր Ռուսաստանում, անձամբ իմ մոտ հարուցում էր խոր վրդովմունք: Այդ բոլոր պրոցեսները շատ հեռու էին որևե տեսակի քրիստոնեական դիրքորոշումից: Եվ եկեղեցին շատ լավ հարմարվել էր այդ դիրքորոշմանը: Իշխանությունների հետ այդ բացահայտ ալյանսը հավանաբար վրդովմունքի այն ելման կետն էր, որի պատճառով  արվեստագետները սկսեցին բարձրացնել այդ թեման: Այսինքն, հարց տալ, ո՞վ ենք մենք, ի՞նչ է տեղի ունենում իմ երկրի հետ: Բացի նրանից, որ կա հարցի փիլիսոփայական կողմը, դա նաև սոցիալական իրադրություն է` քաղաքականություն: Դրանք ցավոտ կետեր էին, որոնք չէին արտաբերվում: Այսպես էր ծնվել գաղափարը:
Երբ տարածք էինք փնտրում և մեր ընտրությունը կանգ առավ Սախարովի կենտրոնի վրա, Սամադուռովը շատ հետաքրքրվեց, և բացման խոսքում, մեր ֆիլմից կարող ես տեսնել, թեման համարում էր շատ հրատապ: Կարևոր է, որ այն ժամանակ նա դեռ իրեն չէր համարում նախագծի հեղինակ: Պետք է նշեմ, որ Սախարովի կենտրոնն իր սեփական կուրատորն ունի, և կուրատրությունը ու կորդինացիան նրա կողմից էլ պետք է լիներ և նրանց կողմից կուրատորը Աննա Ալչուկն էր:
Նարինե Զոլյան, – Մի անգամ, երբ դուք իրար չէիք հասկացել, Աննա Ալչուկը ինձ զանգեց և ասաց, որ հարկավոր է շտապ բացել ցուցահանդեսը: Ես ասացի, որ շտապ չի ստացվի, Նոր տարվա նախորդող օրերն են: Դե, գիտեք, Ռուսաստանում մարդիկ, հատկապես նկարիչները ինչով են զբաղված: Չէ, չէ, շատ կարևոր է, մենք շատ շտապ ենք ուզում: Նրանք անմեն կերպ արագացնում և շտապեցնում էին: Աննան հարցնում էր, իսկ եթե՞ ցուցահանդեսն ունենա բացասական արձագանք: Ես ասում եմ, ավելի լավ, թող բացահայտվի, թե երկրում ինչ է տեղի ունենում: Անձամբ ինձ մոտ վախ չկար, թե ինչ հետևանքներ կլինի, նեգատիվ արձագանքի իմաստով; Դե, ինչ, նշանակում է ռուսական հասարակությունը պատրաստ չէ այդօրինակ հարցադրումներ անել: Բայց այդպես ասելով, ես չէի պատկերացնում, որ այն այդքան լուրջ հետևանքներ կունենա:
Հարություն Զուլումյան, – Մի կարևոր միտք ևս: Ցուցահանդեսին կարող էին ներկայացնել ժամանակակից արվեստի այնպիսի գործեր, որոնք կրոնը դրական են պատկերում: Այն չէր մտածված որպես հակակրոնական ցուցահանդես: Նման մոտեցում չի եղել:
Վարդան Ջալոյան, – Ի՞նչ է նշանակում այն «հակակրոնական ցուցահանդես» չէր, եթե հավատացյալների մի զանգվածին այն վրդովվեցրել էր:
Հարություն Զուլումյան, – Նպատակն այն էր, որ ժամանակակից արվեստի ներկայացուցիչները արտահայտեն իրենց մոտեցումները, ընկալումները կրոնի, հոգևոր հարցերի  վերաբերյալ: Այնտեղ կրոնական սահմանափակումներ ևս չկային, որովհետև այնտեղ կար Յաշա Կաժդանը, որ աշխատում է հուդայական կրոնի թեմաներով: Կար Կաժլյաևը, որը ներկայացրել էր իսլամական թեման, Կոմի Սասակին, ճապոնիայից, բուդիստական թեմայան: Այսինքն, այնպես էր արված, որ ցուցահանդեսը ընդհանրական բնույթ կրեր:
Վարդան Ջալոյան, – Կարող եմ համաձայնվել քո հետ, որ այն ուղղված չէր ուղղափառության կամ ընդհանրապես կրոնի դեմ, բայց այն շոշափում էր լուսավորականության ավարտի խնդիրը: Լուսավորականության հիմնական գաղափարներից մեկը աշխարհիկացումն է: Ես կարծում եմ, որ այդպիսի ցուցահանդեսները հարց են բարձրացնում. ի՞նչ կլինի մեր «աշխարհիկ» աշխարհի հետ: Կար նման հարցադրում: Իսկապես, եթե Պուտինը Ռուսաստանում, կամ Սերժ Սարգսյանը Հայաստանում վարում են աշխարհիկության վերացման քաղաքականություն, ապա դրա կողքով անտարբեր անցնել անհնար է: Կարելի՞ է ասել, որ նրանց վրդովեցրել էր այն հանգամանքը, որ դուք պաշտպանում եք աշխարհիկացման սկզբունքները: Կարելի՞ է ասել, որ ցուցահանդեսի բոլոր մասնակիցները կողմ են աշխարհիկության սկզբունքներին:
Հարություն Զուլումյան,- Ցուցահանդեսը, իհարկե, այդպիսի խնդիր հետապնդում էր, ուրիշ բան, որ արտահայտչական ձևերը և մոտիվները կարող էին լինել և’ ընդհանուր, և’ որպես հետաքրքիր ժեստ:
Նարինե Զոլյան, –  Այնտեղ ներկա էր մոտեցումների բազմազանություն: Այնտեղ չկար կոշտ հարցադրում:
Վարդան Ջալոյան, – Բոլորս գիտենք, որ աշխարհում աճում է իսլամական ֆունդամենտալիզմը: Այդպիսի պրոցեսներ տեղի են ունենում նաև քրիստոնեական աշխարհում: Դա ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ նաև դիպչում է արվեստի հիմքերին, որ փոխկապակցված է աշխարհիկացման հետ: Ի՞նչ պետք է անի արվեստագետը այս իրադրությունում:
Հարություն Զուլումյան, – Իհարկե, նման խնդիր կար, այն ակտուալ էր շոշափվելու համար: Արվեստի սոցիալական դերը որոշվում է նրանով, թե որքանով է այն համահունչ սոցիալական պրոցեսներին: Այն չէր շեշտադրւմ մի որևե հստակ դիրքորոշում, ինքը ավելի շուտ հետազոտական բնույթ ուներ:
Նարինե Զոլյան, – Այդ ամենը դեկորացիաների հետևում էր, փորձ էր արվում բացել չակերտները և ասել՝ «Պեպսի կոլան իմ արյունն է»:
Հարություն Զուլումյան, –  Ժեստերի մի մասը պրովակացիոն բնույթ ունեին և շարունակություն էին պահանջում:
Վարդան Ջալոյան, –  Այն ասոցիացիաները, որոնք  ցուցանմուշները առաջացնում են կրոնականների մոտ, մեզ մոտ չեն առաջանում, որովհետև նրանք ապրում են կրոնի աշխարհում, մենք՝ «աշխարհիկ» աշխարհում:
Նարինե Զոլյան, – Հրաշալի է ասված: Այն նախադրյալ էր վեր հանելու, թե որտեղից է ծագում «կողմը» և «դեմը», անհարթությունները և անհամապատասխանությունները, որտեղից է ծագում բախումը, ինչու կրոնական կառուվածքն այն վեր չի հանում, որտեղից են ծագում դիմակայության արմատները: Զարգացման ի՞նչ միտումներ կան, ինչպե՞ս նման կոնֆլիկտը կարելի է լուծել: Այդ հարցերի պատասխանների որոնման համար հնարավորություններ չընձեռնվեցին: Խզումը ավելի ու ավելի է մեծանում, իսկ թշնամանքը դառնում է ավելի բացահայտ: Որովհետև հասկանալու փորձ չեղավ: Եղավ գիտաժողով, որը բացահայտեց ֆանտաստիկ երկփեղկվածություն: Քեզ զգուշացում են. Մի’ փորձիր այստեղ ինչ-որ հարցեր դնել, մենք պատասխանները նախորոք գիտենք և այստեղ ձեր տեղը չէ: Եվ ոչ միայն այստեղ ձեր տեղը չէ, այլ նաև համապատասխան հետևանքներ էլ կլինեն:
Վարդան Ջալոյան, – Արվեստը, որպես աշխարհիկ կառույց ունի իր օրենքները: Ինչպես տեսանք «Осторожно, религия!»-ում, նաև այլ համանման ակցիաների և ցուցահանդեսների ժամանակ, այսօր պետության օրենքները չեն գործում, կրոնական կառույցի կարծիքը դառնում է ավելի գերակա, քան օրենքի «տառը»:
Հարություն Զուլումյան, – Խիստ հետսովետական երևույթ էր, տրանսֆորմացիայի ժամանակաշրջանին հատուկ, որովհետև մինչև այդ մենք մասնակցեցինք Գրացում (Ավստրիա) բավականին մի մեծ ցուցահանդեսի, որը գերմանացի մի կղերական էր կազմակերպել:
Նարինե Զոլյան, – Ցուցահանդեսի անունն էր՝ «Կրոն, հիշողություն, մարմին»:
Հարություն Զուլումյան, –  Հրավիրել էին ժամանակակից արվեստի տարբեր երկրների ներկայացուցիչներին: Ցուցահանդեսը տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցում:
Վարդան Ջալոյան,  – Առաջին հերթին ինձ հետքրքրում է, թե ինչպե՞ս է վերաբերվում արվեստագետը կրոնին: Որովհետև մենք գիտենք, որ առաջին մոդեռնիստները, լինի Բոդլերը կամ իմպրեսիոնիստները, ինչպես են վերաբերվել կրոնին: Համեմատելով կրոնի նրանց քննադատությունը ժամանակակից արվեստագետի դիրքորոշման հետ, տեսնում ենք, որ նրանք ավելի համարձակ էին…
Նարինե Զոլյան,-  Անկասկած…
Վարդան Ջալոյան, – Ես գիտեմ, որ Ռուսաստանում ժամանակակից արվեստագետը շատ երկիմաստ վերաբերմունք ունի կրոնի հանդեպ: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում կրոնին, և ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհում կրոն-արվեստագետ հարաբերությունը:
Նարինե Զոլյան, – Զուտ ընտրության ազատության տեսանկյունից, գուցե հերետիկոսական տեսանկյունից, ինչպես ուզում եմ, այնպես էլ հասկանում եմ, իմ համար ակտուալ է: Գոյություն ունեն ունիվերսալ դիրքորոշումներ, որոնց ես պատկանում եմ, այլ ոչ թե իրենք են ինձ պատկանում: Նրանք այնքանով են իմը, որքանով ես ինձ համեմատում եմ նրանց հետ, դա իմ մոդուլն է: Այս առումով ինձ ավելի մոտիկ է հերետիկոսությունը, Բոդլերը, քան ժամանակակից կոնցեպցիաները: Նրանք ունեին վառ արտահայտված դիրքորոշում, քան մեր ժամանակակից արվեստագետները: Թվացյալ անկախության պայմաններում դիրքորոշման բացակայությունն ինձ առավել է անհանգստացնում, քանզի կա խաղ ոչնչի շուրջ կամ թշնամիների խաղ: Իրականում, այդ կատեգորիաները շատ բարդ են, այդ թվում, մեր գոյությունը աշխարհում և մենք չենք կարող ասել, թե Աստված կա՞, թե՞ չկա: Կա կյանք, կամ ես այդ տարածության մեջ, և այնուամենայնիվ իմ զգացումներն աշխարհի նկատմամբ իրենց բնույթով կրոնական են: Եթե վերցնենք զուտ ընտրության ազատության տեսակետից, ապա քրիստոնեության մեջ որոշակի դիրքորոշումներ ինձ հետաքրքիր են, բայց Ձեն Բուդդիզմը, Դաոն ինձ ավելի մոտիկ են: Այնտեղ չկա բռնություն, այնտեղ չկա այնպիսի հասկացություն. ինքդ քեզ սրբացնես և դնես շրջանակի մեջ, դու ազատ ես և աշխարհը քո հետ է և դու էլ նրա հետ ես: Այնտեղ չկա հարցադրում. «Աստված կա՞, թե՞ չկա». «Տեսար Բուդդային, սպանիր Բուդդային»: Այն գոյություն ունի իբրև կերպար, իբրև ֆիգուրատիվ հասկացություն, եթե մենք կոնկրետացնենք Աստծո հասկացությունը, մենք կնկնենք թուլամտության մեջ:
 
Վարդան Ջալոյան, – Անկեղծորեն, ինձ բուդդիզմը դուր չի գալիս, իր բոլոր տարատեսակներով՝ Ձեն Բուդդիզմը, Չան Բուդդիզմը և այլն: Ես ինչ-որ առումով հավատարիմ եմ մնում քրիստոնեությանը, որը բավական ագրեսիվ կրոն է, այսինքն առաքելական կրոն է, ազատագրական ազդակներ ունի, այն տառապանքի կրոն է, որովհետև քո ագրեսիան արդարացում պետք է ունենա:
Նարինե Զոլյան, –  Այս երկու թվացյալ հակասող դիրքորոշումներ  իմ մեջ սինկրետիկ միավորված են: Ես կոշտ դիրքորոշումներ չունեմ, ես շարժվում եմ և չգիտեմ, թե վաղը որտեղ կլինեմ: Բայց համենայն դեպս, ես ինձ անաստված չեմ համարում:
Վարդան Ջալոյան, – Հիմա դիմենք մյուս «անաստվածին»…
Հարություն Զուլումյան, – Ներքնապես ես ինձ կրոնական մարդ եմ համարում: Երկար ժամանակ հետազոտելով տարբեր կրոնական ուսմունքներ, ես եկա այն եզրակացության, որ նրանցից ոչ մեկն էլ չի տալիս հիմնավոր դատողություն համոզիչ կերպով պնդելու, որ սա Աստվածն է: Ըստ էության այն կարելի է հարաբերել ցանկացած հասկացողության հետ: Հետազոտելով ցանկացած հասկացողություն, կարելի է հայտնաբերել այնքան կողմեր, որ այդ երևույթը կարելի է անվերջ հետազոտել: Փառք Աստծո, այդպիսի հնարավորություն մարդկանց համար գյություն ունի, այլապես կգար այնպիսի պահ, երբ ցանկացած զարգացում, առանձին անհատի մասին է խոսքը, թե ողջ մարդկության, կանգ կառնի:
Վարդան Ջալոյան, – Այսինքն, դուք համաձայն եք լուսավորականության այն պնդման հետ, որ ոչ մի կրոն չի պատկերում Աստծո կամ Բացարձակի դիրքորոշումը: Ես էլ դրա հետ կհամաձայնվեի: Այս տեսակետից արվեստը, տվյալ դեպքում պոստմոդեռնիզմի արվեստը դարձել է մանրախնդիր …
Նարինե Զոլյան, – Ինձ էլ է դա անհանգստացնում: Այն դարձել է եսասիրական:
Վարդան Ջալոյան, – Ես հարց ունեմ, պոստմոդեռնիզմից հետո կարո՞ղ է արդյոք հենց կրոնը դառնալ ունիվերսալության նոր ակունք. համընդհանուրի համար…
Նարինե Զոլյան, – Կարող է լինել… բայց միանգամայն նոր սկզբունքների վրա հիմված…
Վարդան Ջալոյան, – Բայց ոչ այն կրոնը, որն առաջարկում են պարոնայք Պուտինը և Սարգսյանը…
Նարինե Զոլյան, – Կատեգորիկ, ոչ’…
Վարդան Ջալոյան, –  Մեր կայքում կա մի հետաքրքիր հոդված, որի հեղինակը Խոսե Կազանովան է: Այն հետաքրքիր անուն ունի՝ «Օլիգարխիկ եկեղեցուց մինչև «ժողովրդի եկեղեցի»: Մենք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ունենք օլիգարխիկ եկեղեցի: Դրանք ժողովրդական եկեղեցիներ չեն. այսինքն, եկեղեցիներ չեն, որոնք  հիմնված լինեն  հավատացյալի զգացմունքների վրա…
Նարինե Զոլյան – Եթե կա օլիգարխիկ եկեղեցի, ապա դա վկայում է ֆեոդալական հարաբերությունների մասին… Օլիգարխիկ եկեղեցու պահանջը ինքնաբերաբար դառնում է իշխանությունների պահանջը…
Վարդան Ջալոյան, –  Բրազիլիացի աստվածաբան Ջոն Սոբրինոն ասում է, որ Քրիստոսը «ապրում» է միայն աղքատների մոտ: Ոչ թե Վատիկանի ուղարկած ինստրուկցիաները, այլ չքավորների հավատը պետք է դառնա դոգմատ:
Հարություն Զուլումյան, – Դա նախնական քրիստոնեության մոտեցումն է, հետո այն սկսեց աղավաղվել…Այն ժամանակ, երբ հնարավոր էր համայնք հասկացողությունը իրագործել, մարդիկ իրար հետ հիշատակված առնչությունը ունեի: Բայց երբ դու սկսում ես հարաբերվել այն մարդու հետ, որին դու չես տեսել…
Նարինե Զոլյան, – …սկսում է իշխանությունը:
Վարդան Ջալոյան, – Պոստմոդեռնիզմը հիմնվում է բազմազանության վրա և հարաբերականացնում է բարու և չարի խնդիրը: Ունիվերսալիզմը հաղթահարում է նաև բարու և չարի հարաբերականությունը: «Осторожно, религия!» ցուցահանդեսի, ժամանակ, կարծում եմ, արվեստագետները բախվեցին այդ բարու և չարի խնդրի հետ:
Վարդան Ջալոյան, – Կարծում եմ, որ «Осторожно, религия!» ցուցահանդեսը լակմուսի թղթի նման բացահայտեց, որ չարի ու բարու սահմանները փոխվել են:
Նարինե Զոլյան, –  Կուզենայի բերել Ալեքսանդր Կոսոլապովի «Моя кровь / This Is My Blood» աշխատանքը, որտեղ Հիսուսի կողքին կոկա-կոլայի շիշն է և այդ մակագրությունը: Ստանդարտ գիտակցությունը, որ անտեղյակ է ժամանակակից արվեստի լեզվին. դա նաև լեզվի խնդիր է: Դա լուրջ խնդիր է: Անկախ քո առաջ դրված բարձր նպատակից, թե լեզուն մշակված չէ, այն կարող է փակուղու հանգեցնել: Այս աշխատանքը մեկնաբանվում է իբրև քրիստոնեության նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքի օրինակ: Դա վկայում է ժամանակակից արվեստի լիակատար կտրվածության մասին, դեպի հասարակություն ելքի բացակայության մասին: Գիտական հոդվածներից բացի, ժամանակակից արվեստի մասին ոչինչ չկա: Չկա լեզվական կամուրջը: Դա այն է, որ հարվածում է և ժամանակակից արվեստին, և հասարակությանը:
Հարություն Զուլումյան, – Այդ աշխատանքի հետ կապված է մի հետաքրքիր պատմություն կա: Ամերիկայում Կասոլապովի դեմ հարուցված էր դատական գործ կոկա-կոլայի ապրանքային նշանը առանց թույլտվության օգտագործելու համար: Իսկ Ռուսաստանում՝ Հիսուսի կերպարի համար:
Վարդան Ջալոյան, – Այսի՞նքն, Ամերիկան կոկա-կոլայի պատենտն ունի, իսկ Ռուսաստանը՝ Հիսուսի…  
Հարություն Զուլումյան, – Իհարկե, հասկացողությունները փոխվում են, փոխվում է նաև բարու և չարի հասկացողությունները: Չարը աղավաղումն է, առանձնացնել այն բարուց չի կարելի:
Նարինե Զոլյան, – Ցուցահանդեսի աշխատանքներն ընկալվում էին որպես գործելու կոչ, այլ ոչ թե վերլուծություն, ինչ որ բանի ներկայացում:
 
Վարդան Ջալոյան, – Կան մարդիկ, որոնք համարում են, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է զբաղեցնի այն տեղը, որ նա զբաղեցրել էր ցարական Ռուսաստանում և իրենց պատկերացումով Պուտինը որպես ցար է հանդես գալիս: Դա իրենց անձնական նախագիծն է:
Պոստմոդեռնիզմի համար չարը տոտալիտարիզմն էր՝ սովետական, թե ֆաշիստական: Այսօր մենք եկել ենք այլ գիտակցության: Համարում եմ, որ «Осторожно, религия!» ցուցահանդեսը բացում է մի նոր խնդիր,  դա բռնության խնդիրն է: Մեզ շրջապատող աշխարհը կոռումպացված է: Նույն Միխալկովը կամ Գլազունովը կոռումպացված արվեստագետներ են: Այսօր կա չարիք և այդ չարիքի անունը հայտնի է՝ կոռուպցիա: Ռոբեսպիեռը ժամանակին առաջ քաշեց դրույթ՝ «Տեռոր, կամ կոռուպցիա»: Դա նշանակում է, որ եթե դու սկզբունքային չես և գնում ես որոշ կոմպրոմիսների, դու կոռումպացվում ես: Ինչ կարո՞ղ է անել արվեստը այս նոր չարիքի էությունը հասկանալու համար: Վերջին 40-50 տարվա մեջ արվեստը կոռումպացված է այնքան, որքան չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում:
Ես կուզենայի բերել Բոսխի օրինակը: Նա եղել է ադամիտների աղանդի անդամ: Բայց որպես արվեստագետ, նրան պաշտպանել են: Այսօր նրան կստիպեին հրաժարվել իր աղանդավորական հայացքներից: Այսօր Բոսխ հնարավոր չէ, որովհետև կոռումպացված է աշխարհը: Ի՞նչ կարելի է անել արվեստի այդ կոռումպացված աշխարհի դեմ:
Հարություն Զուլումյան,- Առաջին հերթին արվեստագետը պետք է ուժ և արժեք ունենա:
Վարդան Ջալոյան, – Ուժ բառը դուրս եկավ: Իսկապես, կարծում եմ, առաջին հերթին, արվեստն իրենից պետք է ուժ ներկայացնի: Հիշատակեմ գնոստիկներին, որոնք ասում էին, որ մարդու մեջ պասիվ սկիզբը բարին է, իսկ ակտիվ սկիզբը՝ չարը: Այսօր մենք պետք է հայտնաբերենք ակտիվը բարու մեջ:
Նարինե Զոլյան, – Պետք է հրաժարվել քրիստոնեական հնազանդությունից:
Վարդան Ջալոյան, –  Բայց Պողոս առաքյալը ասում է, որ քրիստոնյան զինվոր է: Հայտնի արտահայտությունը՝ սիրիր թշնամիներիդ, իր կոնտեքստն ունի: Նա այդ արտահայտությունն արտասանում է, բացատրելու համար, թե ինչու՞ է հարկավոր հրաժարվել Մովսեսի օրենքից: Մովսեսի օրենքը հիմնված է թշնամիներ նկատմամբ զայրույթի և վրեժի զգացումների վրա: Սիրելը՝ , «ագապեն», տվյալ դեպքում թշնամուն հասկանալն է , նրա տեսանկյւոնից իրերին նայելը: Բայց «Осторожно, религия!» ցուցահանդեսի հետ կապված, տեսնում ենք, որ գործում է ոչ թե քրիստոնեական սկզբունքը, այլ՝ մովսեսական զայրույթի և վրեժի օրենքը: Մենք տեսանք, թե ինչպես են իշխանությունները վրեժխնդիր լինում արվեստագետներից:
Կուզենայի հայաստանյան իրականությունից կոռումպացվածության օրինակ բերել: Եթե գնաք Նկարիչների միության ցանյկացած ցուցահանդեսի, ապա կտեսնեք, որ դրանց  90%  կղերական թեմաներով են:
Նարինե Զոլյան, – Դա գենետիկորեն է գալիս…
Վարդան Ջալոյան, – Միթե՞ կարծում ես, որ կոռումպացվածությունը գենետիկ է: Եթե այդպես է, ապա՝ այո: Այդ մարդիկ ցանկանում են հաճոյանալ:
Նարինե Զոլյան,-  «Գենետիկ» ասելով նկատի ունեմ ստերեոտիպային ընկալումը:
Վարդան Ջալոյան, –  Հիշենք Կանտին, որը հիմնավորում էր արվեստի ավտոնոմիան, այսինքն՝ ազատ լինելը կրոնական հեղինակությունից: Նրա համար կլասիցիզմը վատ է, որովհետև կախված է դասական նմուշներից, ընդօրինակում է նրանց: Դա այդպես էր, որովհետև կլասիցիզմը, բարոկկոն կապված էին բացարձակ միապետության հետ, կլասիցիզմի կոռումպացված աստառը այստեղ է երևում:
Առաջին ունիվերսալիզմը՝ կանտյան ունիվերսալիզմը, սկսվեց հենց կոռուպցիային հակադրվելուց: Վերագտնելու համար նոր ունիվերսալիզմը, հարկավոր է գտնել այս նոր կոռուպցիային հակադրվելու եղանակներ, այդ թվում՝ արվեստում:
Նարինե Զոլյան,- Կոռումպացված գիտակցությունը այս կամ այն ուղղությանը պատկանելը չէ, այլ պատմական ընթացքի շարունակություն…
Վարդան Ջալոյան, –  Ի՞նչպես է կոռումպացված գիտակցությունը կապված չարիքի հետ: Կոռումպացվածության երեք ձև կա. Ես չարիք եմ գործում, որովհետև այն իմ եկեղեցու, հավատի համար է, ես չարիք եմ գործում, որովհետև իմ ազգի, իմ պետության համար է, և ես չարիք եմ գործում, որովհետև դա իմ ընտանիքի համար է: Վերջին չարիքը կոչվում է նաև մաֆիա: Այդ երեք չարիքներն աշխարհով մեկ մոլեգնում են: Օրինակ, թե մարդը ազգայնական է, ուրեմն կոռումպացված է, ուրեմն չարիք պետք է գործի: Վերջին օրինակը DIY բարի հետ կապված դեպքն է: Այդ տղաների գիտակցությունը կոռումպացված և նրանք պետք է չարիք գործեին, իսկ ազգայնականները՝ նրանց պաշտպանեն:

Ծանոթագրություն

 
Աննա Ալչուկ-  /1955_2008 թթ./Ռուս բանաստեղծուհի, նկարիչ, լուսանկարիչ, վիդեիստալիացիաների վարպետ: Աննա Ալչուկը «Осторожно, религия!»  ցուցահանդեսի գործով մեղադրյալներից էր, սակայն դատարանը նրան արդարացրեց: Կյանքը ավարտել է ինքնասպանությամբ:
Յուրի Սամադուռով – /1951թ/ Ռուսական իրավապաշտպան, Ա. Սախարովի անվան Թանգարանի և հասարակական կենտրոնի տնօրեն 1996 թ-ից մինչև 2008-ը: «Осторожно, религия!» ցուցահանդեսի գործով մեղադրյալներից էր: Դատախազը պահանջում էր երեք տարի ազատազրկում կրոնական և ազգային թշնամանք հրահրելու համար: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց և նշանակեց 100 000 ռուբլի տուգանք:
Լեոնիդ Բաժանով-/ 1945թ/ Ռուսական արվեստաբան, կորատոր: 1994-ից Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի տնօրեն:
Ավդեյ Տեր Օհանյան-/1961, Դոնի Ռոստով/ ռուս արվեստագետ, «Արվեստ կամ մահ» ընկերակցության հիմնադիր, մոսկովյան ակցիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից:
«Արտ Մանեժ-98»  ցուցահանդեսի ժամանակ կացնով ջարդում էր ուղղափառ իկոնաները, որից հետո նրա դեմ հարուցվեց քրեական գործ կրոնական անհանդուրժողականություն հրահրելու համար: Չսպասելով դատին, Տեր-Օհանյանը արտագաղթեց և քաղաքական ապաստան գտավ Չեխիայում:
Օլեգ Մավրոմատի-/1965/ Ռուսական արվեստագետ, ռեժիսոր: 2000թ. ապրիլի մեկին Մավրոմատին Մշակութաբանության ինստիտուտի տարածքում անցկացրեց «Մի հավատա աչքերիդ» ակցիան, որի ընթացքում նրան սկզբում կապեցին տախտակներից կազմված խաչի վրա, որից հետո ասիստենտները նրա ձեռքերի մեջ խփեցին 100 մմ մեխեր: Մավրոմատիի մերկ թիկունքին սրիչով գրված էր՝ «Ես Աստծո որդին չեմ»: Ի վերջո նրա դեմ հարուցվեց քրեական գործ կրոնական և ազգային թշնամանք հարուցելու համար:
 
Վարդան Ջալոյան, Մշակութաբան