Սասուն Միքայելյանը կողմ է, որ ՔՊ-ն չսատարի իր որդուն. Արմենպրես

Սասուն Միքայելյանը կողմ է, որ ՔՊ-ն չսատարի իր որդուն. Արմենպրես
Սասուն Միքայելյանը կողմ է, որ ՔՊ-ն չսատարի իր որդուն. Արմենպրես

«Նրանում, որ կուսակցությունը չի պաշտպանում, ես խնդիր չեմ տեսնում: Ես էլ եմ կողմ եղել, որ կուսակցությունից չպաշտպանեն նրա թեկնածությունը, որ արդար ընտրություններ անցնեն»:

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Փոխանցում է «Արմենպրես»-ը:

Միքայելյանը նշել է, որ իր համար գերադասելի է  հեղափոխության արդյունքում ժողովրդի ոգևորությունը, քան անձինք:

Նա նշել է,  որ իր որդին 25 տարեկան, չափահաս տղա է, ով իրավունք ունի մասնակցել երկրում կայանալիք բոլոր իրադարձություններին:

«Այսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում նրա թեկնածությունը: Այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման շահարկումներ չանեն: Արդար ընտրություններ պիտի անցնեն:  Եթե իմ տղան է, ուրեմն ոչ մի բանի չպիտի՞ մասնակցի»,- ասել է Միքայելյանը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում։ Ընտրություններին ՔՊ անդամ Սևակ Միքայելյանն ինքնառաջադրվել է։

Այդ մասին երեկ ֆեյսբուքում գրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը: