Բոլորը հասկանում էին, որ գահավիժող վարկանիշի պարագայում, ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը․ Հայկ Մարտիրոսյան

Բոլորը հասկանում էին, որ գահավիժող վարկանիշի պարագայում, ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը․ Հայկ Մարտիրոսյան
Բոլորը հասկանում էին, որ գահավիժող վարկանիշի պարագայում, ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Քաղաքական վերլուծական դաշտում բոլորը վաղուց հասկանում էին, որ սեփական գահավիժող վարկանիշի պարագայում` հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը:

Երբ պետության ղեկավարը թույլ է տալիս, որ իր հատուկ ծառայության` ըստ էության գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա ռոք աստղ` դա տվյալ անձի մեղքը չէ, որ օգտվում է այդ աննախադեպ հնարավորությունից, այլ պետության ղեկավարի, որ նման աննախադեպ անզգուշություն է թույլ տալիս: Գերպոպուլյար գաղտնի ոստիկանը, իր տիրապետած ռեսուրսներով` պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու է:

Հենց դա է պատճառը, որ աշխարհի որևէ երկրում, որևէ նորմալ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող` չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ:

Հիմա, երբ այս վարչապետը` չտիրապետելով քաղաքագիտական որևէ գիտելիքի` բավական ուշ հասկացավ այս պարզ քաղաքագիտական ճշմարտությունը` ինքն է հեռացնում իշխանությունից իր իսկ աճեցրած կերպարին և միաժամանակ փորձում է արդեն ստվեր գցել նրա վրա:

Սա լավ ցուցիչ է թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանցից ոմանք, երբ հետևանքներն այլևս շատ ծանր են լինելու: Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ` հետո նրան առանց բացատրության հեռացնելով ու շանս տալով հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից` ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ:

Ցավոք` սա մեկն է միայն բազում այն անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել, տալիս է և դեռ տալու է»: