«Ասեց՝ շատ տղաների անուններ ցուցակներում սխալ են գրել, մի օր էլ կարող ա իմը գրեն, բայց չհավատաք»․ Արմանը զոհվել է պատերազմի 43-րդ օրը

Կրտսեր եղբոր մասին պատմելիս քույրը ժպտում է, ասում է՝ Արմանը շատ դրական էր, կյանքով լեցուն, ու միշտ էդպիսին է իրեն հիշում։ Ալինան նաև եղբոր մասին մշտապես ներկա ժամանակով է խոսում։ Ասում է՝ եթե մի վայրկյան գիտակցի, որ եղբայրը ողջ չէ, անկարելի կլինի դիմանալ․ «Ես միշտ մտքով խոսում եմ իր հետ, ինձ համար ինքը միշտ կա։ Եթե խորանաս, գիտակցես, որ չկա, շատ վատ կլինի»։

Ալինայի եղբայրը՝ 20-ամյա Արման Եգորյանը, 2 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր ու տուն վերադառնար, սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արմանի տուն վերադառնալը Եգորյանների համար երազանք մնաց։

Արմանը դիպուկահար էր, պատերազմի օրերին եղել է Հադրութում, Մարտունիում։ 43 օր շարունակ մարտեր է մղել հակառակորդի դեմ։ Պատերազմի ավարտից մեկ օր առաջ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Ինքը հիմնականում կամավորների հետ ա եղել։ Կամավորները պատմում են, որ Արմանը շատ խիզախ էր, անվախ, իրանք տարիքով մեծ են եղել, բայց Արմանն ա իրանց ոգևորել։ Արմանի մտքով չէր անցնում, որ իր հետ նման բան կլինի։ Չեմ մոռանում, որ վերջին անգամ զանգեց, ասեց՝ շատ տղաների անուններ ցուցակներում սխալ են գրել, մի օր էլ կարող ա իմը գրեն, բայց չհավատաք։ Արմանին գտել են դիպուկահարի զենքը ձեռքին․․․»- պատմում է քույրը։

Նոյեմբերի 11-ին Եգորյանները ստացել են Արմանի զոհվելու բոթը։ Ալինան ասում է՝ միանգամից կյանքը փոխվեց․ «Ամեն ինչ անգույն դարձավ՝ սև-սպիտակ։ Կյանքը կանգնեց, բոլոր հույսերը փլուզվեցին»։

Արման շատ է սիրել սպորտը, յոթ տարեկանից զբաղվել է կարատեով, բռնցքամարտով, լողով։ Մասնակցել է բազմաթիվ մրցումների, զբաղեցրել առաջատար տեղեր։ Քույրն ասում է՝ սպորտը Արմանին կոփել էր և՛ ֆիզիկապես, և՛ բնավորությամբ։

«Ինքը շատ հասուն էր, շատ ուժեղ, լիդերի բնավորություն ուներ, առաջնորդող էր, դուխով, ընկերների շրջապատում համախմբող էր, եթե խնդիր կար, անպայման լուծում էր դրական կողմով»։

Ալինայի խոսքով՝ եղբայրը չնայած շատ է սիրել սպորտը և ամեն օր մարզվել, սակայն որոշել էր մասնագիտանալ ծրագրավորման ոլորտում։ «Սպորտը դարձավ իր ապրելակերպը, տանը իր ձեռքերով էր սեփական մարզասրահն էր սարքել, ընկերներին հրավիրում էր, մարզվում էին, բայց որոշել էր բանակից գալ, մաթեմատիկայի, ծրագրավորման ուղղությամբ շարունակել»։

Քրոջ խոսքով՝ եղբայրը ոսկե ձեռքեր ուներ, ամեն ինչ կարողանում էր ձեռքերով պատրաստել՝ տարատեսակ գործիքներ, մարզասրահի իրեր և այլն։

«Իրեն երբեք պարապ չէիր տեսնի, կամ ինքն էր ինչ-որ բան պատրաստում, կամ եթե ինչ-որ բան անսարք էր, պարտադիր պետք է սարքեր»։

Ալինան ասում է՝ եղբոր հետ շատ մտերիմ էին, քննարկում էին իրենց օրը, խորհրդակցում միմյանց հետ։ Քույրն ասում է՝ եղբայրը շատ ուշադիր էր, հոգատար։ Անգամ բանակից մշտապես հետաքրքրվում ու տեղյակ էր՝ ինչ խնդիրներ կան, ինչի կարիք ունեն ընտանիքի անդամները։

«Մի անգամ զանգեց, պետք ա խանութ գնայինք, տոպրակները ծանր էին, պետք ա ոտքով հետ գայինք, մեկ էլ մի քիչ հետո ընկերն ա գալիս, որ մեզ օգնի, ինքը բանակից զանգել էր ընկերոջը ու խնդրել, որ մեզ օգնի։ Շատ ուշադիր էր»,- պատմում է քույրն ու ասում՝ շատ է կարոտում եղբորը ու սպասում, որ մի օր տան դուռը կբացի, ու Արմանը ներս կմտնի։

Արման Եգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հուղարկավորված է ծննդավայրում՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am