Չորս անչափահաս երեխաների հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել բժիշկներին

Չորս անչափահաս երեխաների հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել բժիշկներին
Չորս անչափահաս երեխաների հայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել բժիշկներին

Զավեն Հովսեփյանի կինը զույգ երեխա էր սպասում, հղիության չորրորդ ամսում երեխաներից մեկը մահացել էր: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հրաժարվել էին հեռացնել պտուղը` պնդելով, որ մյուսը լրիվ առողջ է և անհրաժեշտություն չկա հեռացնելու: Մինչդեռ Զավենը մտավախություն ուներ, որ մյուս երեխան հնարավոր է ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունենա:
Երեխան ծնվելուց հետո երկու բարդ վիրահատություն է տարել` 3 ամսեկանում սրտի վիրահատություն, իսկ 8 ամսեկանում `գլխի վիրահատություն: Այդ ամիսների ընթացքում վիրահատել էին նաև կնոջը:
Զավեն Հովսեփյանը պահանջում է, որ իր կնոջ հղիության ընթացքի համար պատասխանատու բոլոր բժիշկները ստանան իրենց արժանի պատիժը: Այդ պահանջով դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն ապարդյուն:

Հոկտեմբեր ամսին Զավեն Հովսեփյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և դիմումի մեջ ներկայացրել պատմությունը: Մատնանշել, որ կինը հղիության վերջին չորս ամիսների ընթացքում չորս անգամ դոպլեր հետազոտություն է անցել, սակայն բժիշկներ այդպես էլ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել երեխայի մոտ:

Զավենն ունի չորս անչափահաս զավակ, ընտանիքն ապրում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում: «Հիվանդանոցային և բուժման ծախսերը հոգալու համար այլևս պարտք անելու տեղ չի մնացել», իր դիմումի մեջ նշել էր Զավեն Հովսեփյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, պաշտպանը Զավեն Հովսեփյանի խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկել Առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Զավեն Հովսեփյանի կնոջ բուժօգնության տրամադրման գործընթացն ուսումնասիրելու համար հոկտեմբերի 30-ին ստեղծվել է հանձնաժողով, իսկ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն Պաշտպանին:

Անցյալ շաբաթ Զավենը կրկին եկել էր Պաշտպանի գրասենյակ և հայտնել, որ երեխայի վիճակը կրկին վատացել է, և նրան պառկեցրել են հիվանդանոց:

© Medialab.am