Երկու Յանուկովիչի արանքում. Վերլուծություններ` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ

Երկու Յանուկովիչի արանքում. Վերլուծություններ` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ
Երկու Յանուկովիչի արանքում. Վերլուծություններ` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ

Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ, թեև  լրատվական տեսանյութերով գուցե ավելի ահավոր է թվում, քան կա իրականում: 

Մարդիկ Մայդանում պայքարում են եվրոպական հեռանկարի համար, որից զրկվեցին վիլնյուսյան գագաթաժողովից հետո. նշեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում:

«Ուկրաինայի ընդդիմությունը հակասահմանադրական է համարում հունվարի 16-ին ընդունված օրենքների փաթեթի ոչ միայն բովանդակությունը, այլ նաև ընդունման ընթացակարգը,-ասաց Դմիտրի Շուլգան,-քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ երկխոսություն սկսելու կոչերն ու հայտարարություններն առայժմ հաջողություն չունեն: Իրական բանակցություններ իշխանության և ընդդիմության միջև չեն ընթանում»:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն գնալու երկխոսության, իսկ նրանց կողմից հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումն անլուրջ է։ 

«Նման կառույցն անարդյունավետ է, և իշխանությունների կողմից ստեղծվել է նրա համար, որպեսզի ընդդիմության հետ չգնան իրական երկխոսության»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռազմավարական տեսանկյունից Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց, սակայն տակտիկական առումով դեռևս անորոշություն է:

«Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմությանը մղում է ադեկվատ քայլերի»,- հավելեց Դ. Շահնազարյանը:  

Նրա դիտարկմամբ՝ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը անորոշություն է դրսևորում, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար:

«Ամենակարևոր հարցը, որ կա Ուկրաինայում այսօր, հետևյալն է՝ կլինի արդյոք իշխանական էլիտայի ներսում պառակտում, թե՝ չէ»,-նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը:

Նրա կարծիքով՝ Արևմուտքի արձագանքը համարժեք չէ Կիևում ստեղծված  իրավիճակին: Չնայած որոշ կոշտ երանգների՝ դրանք շատ բանով չեն տարբերվում նախորդներից և դժվար թե էական ազդեցություն ունենան իշխանությունների վարքագծի վրա:

«Մենք հիմա գործ ունենք երկու Յանուկովիչի հետ՝ մինչվիլնյուսյան, ում հետ կարելի էր խոսել և ինչ-որ բաների հասնել, և հետվիլնյուսյան, ով արդեն իսկ Ռուսաստանի նախագահի հետ պայմանագրեր է ստորագրել, ինչը նրան հնարավորություն է տալիս իրականացնել քայլեր, որոնց մասին միայն նա գիտի»,-ասաց Ալեքսանդր Բոժկոն՝ Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպանը:

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ՝ խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները սպառված չեն, իսկ իրավիճակի ելքը կախված է իշխանության քայլերից: 

«Մեդիա կենտրոն»