Կամավոր ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար դրամ, որը հավելավճարներով կհասնի 400 հազար դրամի. կառավարության որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը:

Առաջին անգամ ուսուցիչների ատեստավորման արդյունքում, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացմամբ, դրույքաչափերի փոփոխության գործընթացը իրագործվել է 2021-ին, 7 առարկաների գծով 7-12 դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Դրա արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50 տոկոս:

«Նույնիսկ այդ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում գրավիչ ու մրցակցային աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը: Մարտին համապատասխան փոփոխություն արվեց օրենքում և այժմ առաջարկում ենք հետևյալը.

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար դրամ և բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան  30-50 տոկոս հավելավճար: տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն մեկ դրույքով աշխատող ուսուցչի աշխատավարձը 50 տոկոս հավելավճարի դեպքում կկազմի 300 հազար դրամ և մենք ունենք նաև տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն: Այնտեղ ևս մինչև 50 տոկոս կարող է բարձրանալ, եւ այսպիսով աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ»,-նախագիծը բացատրեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման որոշումների իմաստն այն է, որ ուսուցչի աշխատանքի գրավչությունը բարձրանա շրջանավարտ ուսանողների շրջանում: «Մեր դպրոցներում ուսուցիչների քանակը պակասել է, ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը պակասել է», -նկատեց Փաշինյանը: