Անհրաժեշտ է ընդունել նոր ազգային անվտանգության ռազմավարություն և նոր ռազմական դոկտրին․ Նորիկյան

«Արդար Հայաստաան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Անդրանիկ Քոչարյանը, ով նախորդ խորհրդարանում նախագահում էր նույն հանձնաժողովը, այսօր, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում իրենք պլանավորում են կառավարության, անվտանգության խորհրդի քարտուղարության, Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի ներգրավվածությամբ կազմել մասնագիտական աշխատանքային խումբ և բազմակողմանի ուսումնասիրել 2020թ․ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ և լրացումներ։

Բացի այդ, ակնարկվել է ռազմական դոկտրինի փոփոխության մասին և նշվել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին։

Հարկ եմ համարում արձանագրել, որ «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում հստակ արձանագրվել է, որ անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ստեղծել որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնեով արդի մարտահրավերներին:
Ինչ վերաբերում է ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, հարկ եմ համարում շեշտել, որ այս խնդրի մասին ինքս խոսում եմ տարիներ շարունակ՝ պնդելով այդ ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։

Ավելի՛ն, այդ հարցին առավել խորությամբ ուսումնասիրելու համար դեռևս 2016թ․ է հրապարակվել իմ ԳԻՏԱԿԱՆ հոդվածը։

Ինքս խորապես կարևորում եմ պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների լուծումը, որի պատճառով էլ ս․թ․ հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի առաջին խորհրդակցական ժողովի ընթացքում առավել խորությամբ ներկայացրել եմ մեր պատկերացումները պաշտպանության ու անվտանգային համակարգերի վերափոխման գործընթացում։

Մի բան ակնհայտ է՝ եթե մենք շատ կարճ ժամանակահատվածում համարժեք չարձագանքեցինք արդի մարտահրավերներին և չստեղծեցինք համապատասխան պաշտպանական ենթակառուցվածքներ, մենք միշտ խոցելի կլինենք մեր հակառակորդների համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
Տարբերակ չունենք՝ ստեղծելու ենք իրապես արդար Հայաստան․․․»։