ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին երկու ընդդիմադիր խմբակցությունների նախագծին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ նախագահը, սակայն, նշեց. «Ես բացարձակապես անհիմն եմ համարում պնդումներն այն մասին, որ ռազմական դրության մինչ այս պահը կամ և հնարավոր հետայսու հետաձգումը ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ»:

Նա փողոցում ընդդիմադիր շարժումները, վրանների առկայությունը համարեց դրա լավագույն ապացույցը:

ԱԺ նախագահը նշեց, որ, այնուամենայնիվ, լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ և նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Միրզոյանի խոսքով, մոտ ապագայում՝ մի քանի օրից, այսպես թե այնպես, կառավարությունը կամ իշխող մեծամասնությունն ինքը պետք է նախաձեռներ այս գործընթացը և հաներ ռազմական դրությունը:

ԱԺ նախագահն առաջարկեց հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է: «Այսպիսով, ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել մեր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել նախագծին, հանենք ռազմական դրությունը՝ գուցե 5 օր, 7 օր ավելի շուտ, քան իմաստ ուներ»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել նախագծին: