«Միշտ վիճում էր՝ ուր էլ լինեմ, գնալու եմ հայրենիքիս պարտքը տամ»․ որդեկորույս մայր՝ ընտանիքս կործանվեց

43-ամյա Նարինե Բադալյանը հուզմունքով ասում է՝ որդին հիմա կողքին կլիներ, եթե չպնդեր և ինքնակամ չորոշեր, որ Ռուսաստանից պետք է վերադառնա ու հայրենիքում ծառայի:

«Փոքր տարիքից ասում էի՝ չեմ թողնելու ծառայես, ասում էր՝ իմ փոխարեն ոչինչ չորոշես, ես հայ եմ, պետք ա ծառայեմ, ոչ մեկից լավ չեմ»,- պատմում է մայրն ու ասում՝ որդին շատ հայրենասեր էր և միշտ վիճում էր, որ որտեղ էլ լինի, գնալու է հայրենիք ու իր պարտքը կատարի:

«Կրասնոդարում էինք, մի օր ամուսնուս ստիպում ա, գնում են Ռոստով, վերադարձի թուղթ ա վերցնում։ Ասեց՝ ես էնպես եմ ծառայելու, որ մամաս գլուխը բարձր քայլի, քիթը՝ ցից, ու բոլորն իմ մասին խոսեն: Ասեցի՝ Յո՛ւր, ինձ քո հերոսությունները պետք չեն, ինձ պետք ա՝ ողջ-առողջ գաս»,- հուզմունքով հիշում է մայրը։

Հայրենիք գալով, չնայած 18-ամյա Յուրի Աղասարյանը ուսի հատվածում վնասվածք է ունեցել, ստորագրություն է տվել, որ պատրաստ է ծառայության, և դա իրեն չի խանգարում։

Յուրին ծառայության է անցնում Մարտունի 2-ում, ամիսներ անց սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Յուրին հրետանավոր է եղել, մայրը պատմում է, որ որդին և զինակից ընկերները պատերազմի առաջին օրը հակառակորդին մեծ վնաս են հասցրել։ «4 հրետանի են ոչնչացրել, հետևի «ԿամԱԶ»-ները՝ սնարյադներով, մինչև ժամը 1-ը կռիվ են տվել»,- ասում է մայրն ու նշում՝ տղաները արկերը դատարկելիս են եղել, երբ անօդաչու սարքը հարվածել է, և չորսն էլ զոհվել են։

Յուրիի ծնողները Ռուսաստանում են լինում, երբ լսում են որդու զոհվելու լուրը:

Մայրն ասում է՝ սեպտեմբերի 28-ին հարազատներն արդեն իմացել են դեպքի մասին, սակայն իրեն չեն ասել, Նարինեն զոհվածների ցուցակում է կարդացել որդու անունը։

«Հեռախոսս վերցրեցի, նայեցի ցուցակը, հենց երրորդը երեխուս անունն էր։ Էլ չեմ հիշում՝ ինչ ա եղել, սկորի ա եկել, ես արդեն չեմ հասկացել։ Գիտակցել եմ, որ ինքնաթիռում եմ, կիսաանջատված եկել եմ Հայաստան։ Ինձ ասում էին՝ դա դեռ ստույգ չի, հաստատ չի, խառնաշփոթ ա»,- հիշում է մայրը ու հուզվում։

Նարինեն պատմում է՝ ԴՆԹ հանձնելուց հետո, երբ համընկնում է եղել, այդ վայրկյանից սկսած կյանքը միանգամից գլխիվայր շրջվել է։

«100 աստիճանի տակ իմ ընտանիքը կործանեց, եթե մինչև էդ ամեն ինչը գունավոր էի տեսնում, իմ համար ամեն ինչը դարձավ անգույն»,- ցավով ասում է որդեկորույս մայրը։

Յուրին մինչ բանակ գնալը Ռուսաստանում սովորել է իրավաբանական քոլեջում, սկզբում որոշել է իրավաբան դառնալ, սակայն բանակում ծառայելիս որոշումը փոխել է: Մորն ասել է, որ ուզում է մենեջմենթ սովորել ու հորն օգնել բիզնեսում:

Մայրն ասում է՝ որդին շատ բարի սիրտ ուներ, կամեցող, սիրել է օգնել, աջակցել։ Մայրը պատմում է, որ մի անգամ Յուրին համակարգչային խաղերով գումար է աշխատել և դա փոխանցել ընկերոջ հորեղբոր տղային։ «Ընկերոջ հոպարը 45 տարեկանում էր մահացել, երկու տղա ուներ, մնացել էին մոր հույսին: Երբ փոխանցումը տեսա, ասեցի՝ էս ինչ գումար ա, ասեց՝ իրանց եմ ուղարկել, իրանց կամպյուտերը փչացել ա, որ սարքեն։

Մի բլոգեր ընկեր ուներ, նա էլ հեր չուներ, հետո իմանում եմ՝ նրան էլ ա փող ուղարկել, ասել ա՝ բլոգեր տղա ա, ծակ կոշիկով ինչ գնա նկարահանման, եթե կարամ օգնեմ, ոտի կանգնի»։

Նարինեն ասում է՝ սակայն ցավն այնքան խորն է, որ հաճախ ուզում է մեռնել և իրականությունից փախչել:

«Իմ համար ավելի լավ էր՝ էդ օրը տեղում մեռնեի, Աստծուն էլ եմ ասում՝ ինչի՞ ես ինձ պահել, որ էսքան տանջանքի մեջ ապրե՞մ»,- կսկիծով ասում է մայրը։

Նարինեն ասում է՝ որդու մարմինը չի տեսել, գուցե դա էլ հույս է տալիս, որ մի օր տղան դուռը թակելու է, ներս մտնի:

«Հույսի նշույլ ա, որ ամեն րոպե դուռը բացելու ա, գուցե էդ իմ ինքնախաբեությունը թույլ ա տալիս ապրել»,- մորմոքով ասում է մայրը։

Յուրի Աղասարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am