Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի

Հայաստանում վարորդական վկայական ստանալու հոսքը նվազել է: Եթե 2020 թվականի վերջին, քննական փոփոխությունների հետ կապված, վարորդական իրավունք ստանալու դիմումների աննախադեպ հոսք էր, շատերը փորձում էին մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը քննությունը հանձնեին, ապա ներկայում դիմելիությունը նվազել է: «Արմենպրես»ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության Երևանի Հաշվառման քննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Լևոնյանը նշեց, որ հերթերը կարգավորվում են, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները երկար չսպասեն: 

«2020 թվականին, քովիդով պայմանավորված, մոտ 66 օր չենք աշխատել ու դրա հետ կապված բավական հերթեր գոյացան: 2020 թվականին՝ մինչև պատերազմը, հերթում կար 15 հազար մարդ, ու դա միայն Երևանում, իսկ հիմա 1000-1200 հոգի է: Միջինն օրական ունենում ենք 100-ից ավելի հերթագրում թե գործնական, թե տեսական քննության հետ կապված: Գործընթացը քիչ-քիչ կարգավորվեց ու հիմա տեսական քննությունների հետ կապված հրավիրվում են հենց հաջորդ օրը: Հերթերը միայն գործնական քննությունների հետ են կապված, ու այդ դեպքում դիմումը ներկայացնելուց 20 օրվա մեջ կանչում ենք: Դա էլ ասեմ, որ օբյեկտիվ պատճառ է: Տեսեք, դիմողների մինչև 40 տոկոսն է հանձնում քննությունը, 60 տոկոսը նորից է հերթագրվում, երկրորդ անգամ կտրվեց, նորից է հերթագրվում ու այդպես կուտակվում են»,-ասաց Գառնիկ Լևոնյանը: 

Այժմ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է նախատեսել, որոնք ևս նպաստելու են վարորդական քննությունների հերթերի կարգավորմանը: Մասնավորապես, տեսական, գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու պարագայում քաղաքացին կարող է նորից մասնակցել միայն 7 օր հետո: Երկրորդ անգամ բացասական հանձնելու պարագայում քննությանը մասնակցել թույլատրվելու է մեկ ամիս հետո: Այսինքն՝ քննությանը մասնակցելն ինքնանպատակ չի լինելու: Գառնիկ Լևոնյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ներկայում առկա հերթերը կկարգավորվեն և քննությանը սպասելու օրերը կկրճատվեն, ներկայիս մինչև 20-ը՝ հասցնելով մինչև 10-ի: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում