ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես կգա նոր նախաձեռնությամբ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ միությունը հանդես է գալու նոր նախաձեռնությամբ:

«Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․

2022թ․ ապրիլին մենք հաշվետվություն ներկայացրեցինք անցած մեկ տարում մեր ծավալած գործունեության մասին։ Հետահայացը ցույց է տալիս, որ մեր կառույցի գործունեության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է՝ մեզ բերելով հավասարակշռված մտքի ու խոսքի, իրականությունը սթափ գնահատող հարթակի համարում։

Վստահելով մեզ՝ մարդիկ ուզում են ավելին իմանալ ԱԱԾ գործունեության, կատարած աշխատանքների, երկարատև ու վաստակ ունեցած ծառայակիցների կենսագրության, նրանց անցած ճանապարհի մասին, ուզում են հավասարակշռված, ճիշտ գնահատականներ լսել ներքաղաքական և արտաքին զարգացումների վերաբերյալ, հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, իրադարձությունների մասին, որոնց առնչվել է ԱԱԾ-ն:

Մենք շատ կարևորում ենք այս գործընթացը, քանի որ այն նպաստում է ԱԱԾ կառույցի և աշխատակիցների հեղինակության բարձրացմանը, հայրենիքին նվիրյալ սերնդի դաստիարակմանը, կոտրվում են կարծրատիպերը, այն թյուր կարծիքը, որ կառույցը միայն բռնաճնշման գործիք է իշխանության ձեռքում:

Եվ ահա վերոգրյալ նպատակների իրականացմանը հասնելու և ձեզ հետ շփումն ավելի անմիջական դարձնելու համար մենք որոշել ենք հանդես գալ նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնել մեր միության հիմնադիրների, խորհրդի անդամների, առանձին մասնակիցների կենսագրությունը, անցած ճանապարհը, ծառայության ընթացքում տեղի ունեցած լայն հնչողության ստացած դեպքերի, մասնակիցների հետ կապված որոշ մանրամասներ, որոնց մեր գործընկերներն առիթ են ունեցել անձամբ առնչվելու։

Այսինքն՝ ծանոթացնել վավերագրական փաստերին՝ իհարկե, չխախտելով պետական, ծառայողական, անձնական և այլ բնույթի գաղտնիքի շեմը։ Այդ հրապարակումներից դուք կստանաք այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել։

Մենք դիտարկում ենք դրանք հրապարակելու երկու տարբերակ՝ գրքի տեսքով, որի համար կպահանջվի ոչ միայն տևական ժամանակ, այլև լրացուցիչ ֆինանսական միջոց, որի սղությունը զգացել ենք մեր գործունեության այս ողջ ժամանակաշրջանում և կամ հրապարակումները շարունակել հանրայնացնել մեր կայքով՝ փուլ առ փուլ ներկայացնելով առկա նյութերը:

Քանի որ մենք առանձնապես ենք կարևորում ձեր կարծիքը և առավել քան շահագրգռված ենք, որ հրապարակումները լինեն հետաքրքիր ու բովանդակալից, ուստի խնդրում ենք արձագանքել հետևյալ երկու հարցին՝

1․ կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանին, իրադարձություններին, դեպքերին ու անհատներին կցանկանայիք, որ առավել խորությամբ անդրադառնայինք,

2. հրապարակումները լինեն գրքի՞, թե՞ էլեկտրոնային տեսքով:

Միաժամանակ դիմում ենք մեր բոլոր գործընկերներին՝ եթե կամենում եք մեր հարթակում տեղադրել ձեր անցած ճանապարհի հուշերը, լուսանկարները, առանձին փաստերի ու իրողությունների վերաբերյալ պատմություններն ու ձեր գնահատականները, ապա վստահաբար կարող եք դիմել մեզ»։