Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ապրիլի 2-ից սկսած՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ մեկնարկել է բժշկական վեբինարների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, մասնակցում են Հայաստանի և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են: Մասնագիտական վեբինարների նպատակն է քննարկել համավարակի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում, ընդլայնել համահայկական բժշկական ցանցը, հասանելի հարթակում համախմբել ամբողջ աշխարհից նախաձեռնությանը միացած պրոֆեսիոնալների բժշկական մասնագիտական ներուժը:

Մինչև օրս իրականացվել են 19 վեբինարներ, որոնք  ընդգրկել են վիրուսին առնչակից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրիտիկական խնամքը, դեղագործությունը, մանկական առողջությունը, ռադիոլոգիան, հղիության վարումը, անհատական պաշտպանիչ հանդերձանքի և վարակի վերահսկման անվտանգությունը, սրտաբանությունը, շտապօգնության բնականոն աշխատանքը, անեսթեզիոլոգիան, էնդոկրինոլոգիան, նյարդաբանությունը, նմուշառման տեխնիկան և այլն: 

Քանի դեռ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բժշկական վեբինարների այս շարքին Հայաստանից և սփյուռքից գնալով ավելի մեծաթիվ բուժաշխատողներ են միանում. եթե ապրիլին քննարկումներին մասնակցում էր առողջապահության ոլորտի 40 մասնագետ, մայիս-հունիս ամիսներին յուրաքանչյուր վեբինարի ընթացքում մասնակիցների քանակը գերազանցում է 100-ը:

Բուժքույրների մասնակցությամբ վեբինարների հատուկ շարքի կազմակերպչական աշխատանքներին միացել է նաև Բուժքույրների հայ-ամերիկյան ասոցիացիան: Այս համագործակցության արդյունքում սփյուռքից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու Երևանից հարյուրավոր բուժքույրներ հնարավորություն ունեն միանալ մասնագիտական քննարկումներին ու ստանալ նոր փորձառություն: 

Մինչ օրս վեբինարները վարել են աշխարհի տարբեր համալսարաններում բարձր որակավորումներ և գիտական աստտիճաններ ունեցող, հայտնի բժշկական հաստատություններում գործունեություն ծավալող սփյուռքահայ բժշկներ: 

«Բախվելով կորոնավիրուսի համավարակին՝ ամբողջ աշխարհը դժվարին ժամանակներ է ապրում: Աշխարհի տարբեր կողմերի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի առողջապահության ոլորտի մեր գործընկերների հետ համատեղ մենք անընդհատ վերագնահատում և թարմացնում ենք մեր միասնական ջանքերը:  Առկա նորագույն հարթակների օգտագործման շնորհիվ՝ մենք հեշտությամբ այս համագործակցությունը տեղափոխեցինք վիրտուալ միջավայր, սակայն «դեմ առ դեմ» շարունակեցինք քննարկումներն ու փոխանակվեցինք փորձով և տեղեկատվությամբ: Այս ամենը մեզ թույլ տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը և պատրաստ լինել լավագույն ձևով հոգ տանելու մեր պացիենտների, հարազատների և ինքներս մեր մասին: Մենք շարունակում ենք մեր ջանքերը և շնորհակալ ենք առողջապահության ոլորտի բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք մասնակցում են այս երկկողմանի միջոցառմանը: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել հատկապես ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին և Առողջապահության ազգային ինստիտուտին մեր հասարակությունների փոխադարձ բարեկեցությանն ուղղված այս  ռազմավարական գլոբալ ջանքներին աջակցելու համար»,-ընդգծել է Հայկական միջազգային բժշկական կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը:

«Սփյուռքը կարևոր դերակատարություն է ունեցել կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարի հենց ամենասկզբից: Վիրուսի առաջին դեպքերի հայտնաբերմանը զուգահեռ՝ Լոս Անջելեսի հայ համայնքի առողջապահության ոլորտի մասնագետները սկսեցին Հայաստանին աջակցելու նպատակով անհատական պաշտպանիչ միջոցներ գնել: Այս նախաձեռնությունը տեղի և սփյուռքի բուժաշխատողներին մտերմացրեց առավել, քան երբեք: Այն մեր համագործակցության, սփյուռքի համախմբվածության և հայրենիքին աջակցելու պատրաստակամության վառ ապացույցն է»,-նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վեբինարների ընթացքում մասնագիտական թարգմանության և «Zoom» ծրագրի հաշիվը փոխհատուցվում է  «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն»-ից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից և իրականացվում «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից: