Երևանի բոլոր մանկապարտեզներում մայիսի 18-ին և 19-ին կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք ամենօրյա բնույթ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է արտակարգ դրությունը։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Մանկապարտեզները բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգով։ Աշխատանքային օրվա ավարտից հետո կախտահանվեն բոլոր մանկապարտեզներն ու այն տարածքները, որտեղ երեխաները շփում կունենան։ Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք, այսինքն՝ սկսած մանկարապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի ծնողները պահպանելով սոցիալական հեռավորությունը երեխային բերեն մանկապարտեզ։ Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքն այնտեղ։ Երեխաներին կդիմավորեն մանկապարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում կանեն, ինչից հետո միայն կթողնեն շենք մտնել։ Ջերմաչափում կիրականացվի նաև օրվա վերջում՝ տուն գնալուց առաջ»,- նշեց Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։
Մանկապարտեզ գնալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։