«Վրաստանում բավական բարդ իրավիճակ է, ու գուցե դրանք մեղմելու համար է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնում». Ջոնի Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանն այսօր հայտ է ներկայացնելու՝ արագացված կարգով Եվրամիությանն անդամակցելու հարցով: Ինչո՞ւ է Վրաստանը նման որոշում կայացրել:

– Չնայած այսօրվա Կառավարության ծրագրում նշված է, որ Եվրամիությանն անդամակցելու համար Վրաստանը հայտ կներկայացնի 2024 թվականին, բայց իրավիճակն Ուկրաինայի շուրջ և վերջինիս դիմումը Եվրամիությանը՝ արագացված կարգով անդամակցության, ինչը, ըստ իս, չի նշանակում, որ հենց վաղը նրանց ընդունելու են, այդ ամենը կարող է բերել նրան, որ նրանց թեկնածուի կարգավիճակ կտան: Հիշում եք՝ Թուրքիան տասնյակ տարիներ թեկնածու երկիր էր և որևէ առաջընթաց դեռ չի ապահովել:

Տեսնելով Ուկրաինայում կատարվողն ու օգտվելով այսօրվա Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունից՝ Վրաստանի իշխանությունները ևս փորձում են Ուկրաինայի այդ քայլից հետո հետ չմնալ այդ գործընթացից: Չէի ասի, որ այս ֆոնին նրանք ավելի արագ առաջընթաց կտեսնեն, բայց ինչ-որ հարցեր կարող են լուծել:

– Տնտեսական նկատառումներից ելնելո՞վ է Վրաստանը դիմում անդամակցության համար:

– Միայն տնտեսականը չէ, քաղաքականը՝ նույնպես: Վրաստանի արտաքին քաղաքականությունը 2003-2004 թվականներից միտված է եվրատլանտյան ինտեգրմանը, ուստի այս տարիների ընթացքում նրանք աշխատել են, բարեփոխումներ են արել, հասել են ասոցացման համաձայնագրին, ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրին, առանց վիզային ռեժիմի, և հաջորդ քայլը հենց անդամակցության թեկնածու երկիր դառնալն է:

Այլ հարց է, որ մինչև վերջին աշխարհաքաղաքական տեղաշարժերը միգուցե ավելի քիչ հավանական էր համարվում նրանց ապագան Եվրամիության կազմում, բայց այսօր, քանի որ շատ բաներ փոխվում են, և կա Արևմուտքը Ռուսաստանի դեմ կոնսոլիդացիա, կա Ուկրաինայի իրավիճակը, ու Վրաստանի իշխանությունների կողմից անվտանգության վերաբերյալ անընդհատ հնչեցվող հարցը, գուցե հաշվարկել են, որ սա հարմար ժամանակն է, որպեսզի հնարավորինս արագ արձագանք ստանան:

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանն իր անվտանգության առումով մտավախություններ ունի՞:

– Շատ մեծ. Վրաստանն իսկապես մտահոգված է իր անվտանգությամբ, ընդդիմության մակարդակով հնչեցվում է հարցը, որ միգուցե Ուկրաինայից հետո իրենք լինեն երկրորդը, որի նկատմամբ ուժ կկիրառվի: Իշխանություններն այս առումով ավելի զուսպ են, վարչապետը հայտարարել էր, որ համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի դեպքերի ֆոնին չի տեսնում արտաքին սպառնալիք իրենց նկատմամբ:

Վրաստանի անվտանգային ռիսկերը գնալով բարձրանում են ու չունենալով որևէ երաշխիք, նկատի ունեմ որևէ կառույցի չանդամակցելով, նրանց անվտանգությունն ինչ-որ չափով երաշխավորված չէ: Ուստի աշխարհաքաղաքական զարգացումների այս ֆոնին անորոշությունը բոլորի համար սպառնալիք է, ու, այս ամենը հասկանալով, Վրաստանը փորձում է Եվրամիության ուղղությամբ ինչ-որ ձեռքբերում ունենալ, իսկ եթե նրանց հայտարարեն ասպիրանտ երկիր, միգուցե նրանք կարողանան այդ ամենը կապիտալացնել ներքին սպառման համար, քանի որ ուկրաինական այս դեպքերի ֆոնին Վրաստանի իշխանության քայլերը շատ են քննադատվում ընդդիմության կողմից: Միգուցե այս ամենն արվում է ներքին ընդվզումներից խուսափելու համար:

Վրաստանը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին չի միանա, որովհետև դա կվնասի նաև իր տնտեսությանը: Իսկապե՞ս պատճառը միայն դա էր, թե՞ Վրաստանը չցանկացավ Ռուսաստանի հետ է՛լ ավելի լարել հարաբերությունները:

– Այդ հարցը պետք է կոմպլեքսային դիտարկել: Ռուսաստանի դեմ կան ֆինանսական, տնտեսական ու կոնկրետ անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ, իսկ Վրաստանը գործոն չէ, որ կոնկրետ անձանց կամ ռազմարդյունաբերության կամ բանկային համակարգի դեմ ինչ-որ պատժամիջոց կիրառվի: Այլ հարց է, որ որոշ պատժամիջոցներ, միգուցե, էլ ավելի բարդացնեին իրավիճակը: Օրինակ՝ օդի փակումը Ռուսաստանի համար, այն ֆոնին, երբ իրենք չունեն օդային ուղիղ կապ, իսկ այդ կապից օգտվում ենք նաև մենք:

Վրաստանում քննարկումներ կային նաև, որ եթե անգամ փակեին օդը, դա նաև վնասելու էր Հայաստանին և անուղղակիորեն՝ նաև իրենց: Ինչու ոչ, նրանց համար վտանգավոր կլինեին նաև Ռուսաստանի պատասխան քայլերը, եթե նրանք անգամ սիմվոլիկ միանային այդ պատժամիջոցներին: Այս զգուշությունը, իմ կարծիքով, շատ պրագմատիկ էր և իրենց պետության շահերից էր բխում, ինչն իշխանությունն ասաց ու բավականին բուռն քննադատվեց ընդդիմության կողմից:

Պարո՛ն Մելիքյան, Վրաստանն իր անվտանգությանը սպառնացող վտանգները տեսնում է Ռուսաստանի Դաշնությունի՞ց:

– Նախևառաջ տեսնում են հենց Ռուսաստանից եկող վտանգները և Օսիայում ու Աբխազիայում տեղակայված ռուսական երկու ռազմաբազայից, ինչն այսօրվա իրենց վիճակում բավականին վտանգավոր է:

Հարավային Օսիայից մինչև Վրաստանի կարևորագույն մայրուղին, որը միացնում է արևելքն ու արևմուտքը, ամենամոտ հատվածում 500 մետր է, իսկ այդ ճանապարհի դուրսբերումը շահագործումից կարող է ընդհանրապես փակել մուտքը Թբիլիսի կամ Վրաստանի արևելյան հատվածի՝ դեպի ծով տանող մասը: Բավականին բարդ իրավիճակ է, ու, Վրաստանի աշխարհագրական դիրքից ելնելով, բոլոր սպառնալիքները իրենք պետք է հաշվարկեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am