Ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. «փուչիկներից» տուժածներից շատերը ստիպված են նույնիսկ ամռան տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը

Ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. «փուչիկներից» տուժածներից  շատերը ստիպված են նույնիսկ ամռան տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը
Ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. «փուչիկներից» տուժածներից շատերը ստիպված են նույնիսկ ամռան տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ հրավտանգ մեթան գազով լցված փուչիկների պայթյունից երկու ամիս անց էլ դեռեւս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Այս ժամանակահատվածում, ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «պարզեց» այն, ինչի մասին մասնագետները խոսում էին հենց միջադեպի օրը. ՀՀԿ նախընտրական վերջին հանրահավաքը զարդարող «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով հարյուրավոր սպիտակ փուչիկները լիցքավորված են եղել ոչ թե հելիում գազով, այլ մեթանով: Նաեւ այն, որ փուչիկները լիցքավորվել են «տնային պայմաններում»: Սակայն պատասխանատվության, եւ մեղավորներին գտնելու գործում՝ ոչ մի տեղաշարժ:
Եւ չնայած փորձաքննության նման «դանդաղկոտությանը», շատերն ուշիուշով սպասում են, թե արդյո՞ք ինչ որ մեկը կենթարկվի պատասխանատվության, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ փուչիկների հանկարծակի բռնկված պայթյունի ու տարածված կրակի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով շուրջ 150՝ հիմնականում ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից, ովքեր մեծամասամբ հարկադրաբար բերվել էին իշխանական կուսակցության նախընտրական վերջին հանրահավաքին՝ գլխների վերեվում ծածանելով մեթանով լցրած փուչիկները, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին մայրաքաղաքի հիվանդանոցներ:

Չնայած հրապարակում պայթյունից առաջացած խուճապին եւ այրվածքներ ստացածների ճիչերին, այնուամենայնիվ ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգը չէր ընդմիջվել, իսկ «դեպքի վայր» ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չէր տեղափոխել իր ելույթը՝ խոսելով երկրի ապահովության, վստահության եւ այլ թեմաներով: Նման մոտեցումը մեծապես քննադատության էր արժանացել ոչ միայն տեղական, այլեւ միջազգային մամուլի էջերում: Սակայն, դեպքից ամիսներ անց, շատերի համար քննարկման թեման՝ ողբերգական միջադեպի մեղավորներին պատժելն է:

Մայիսի 4-ի միջադեպից առնվազն երկու ամսի անց, ոչ միայն չեն դադարել խոսակցությունները, այլեւ չեն սպիացել այրվածքները, որոնց համար արտերկրից նույնիսկ հատուկ պլաստիկ վիրաբույժ էր հրավիրվել:

«Ես երբեք չեմ մոռանա այդ մղձավանջը»,-«Մեդիալաբին» ասում է տուժողներից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ: Սակայն, անանուն մնալը չի «օգնում» միջադեպից տուժածներին աննկատ մնալ:

Սեւ կամ սպիտակ ձեռնոցներ, երկարաթեւ հագուստներ. երիտասարդներից շատերը ստիպված են նույնիսկ ամռան այս տապին ծածկել իրենց այրված ձեռքերն ու թեւերը:

Այրվածքներն ամբողջությամբ անցնելու համար, նրանք դեռ մեկ տարի պետք է կրեն երկարաթեւ հագուստներ ու ձեռնոցներ:

20-ամյա Աննա Գեւորգյանը, ով ստացել էր դեմքի առաջին աստիճանի եւ ձեռքերի երրորդ աստիճանի այրվածքներ, 15 օր գտնվել է հիվանդանոցում:

«Շատ դժվար է մոռանալ այդ բոցը, որ միանգամից բռնկվեց ու տարածվեց: Երիտասարդները մեկը մյուսին էին փոխանցում փուչիկները, ես էլ էի բռնել»,- պատմում է Գեւորգյանը:

Նրա դեմքի այրվածքներն ամբողջությամբ վերականգնվել են, իսկ ձեռքերինը՝ ոչ. «Մեկ տարի դեռ պետք է, որ ձեռքերս նորից առաջվանը լինեն»:

«Ծնողներիս վիճակը սարսափելի էր, նրանք մեզնից շատ են տանջվել, բայց հիմա ամեն ինչ անցյալում է, բոլորս էլ շարունակում ենք ապրել ինչպես առաջ՝ թեեւ այդ դեպքը բոլորիս կյանքում շատ բան փոխեց»,- ասում է Աննան:

24-ամյա Գոհար Մամիկոնյանը, ով նույնպես ստացել է այրվածքներ ձեռքի եւ գոտկատեղի հատվածում, հիվանդանոցում չի պառկել:

«Ծնողներս մեղադրում էին կազմակերպիչներին ու շատ բացասական էին վերաբերվում: Պայթյունը շատ հանկարծակի եղավ, ինձ փուչիկներից տվել էին կազմակերպիչները,- ասում է Գոհարը,-«Բարեբախտաբար հիմա ամեն ինչ լավ է, ձեռքի այրվածքները գրեթե անցել են, մեջքի վրա սպիներ կան»:

Այրվածքներ ստացած երիտասարդներից 25-ամյա Նարեկ Բաղդասարյանը նույնպես նշում է, որ, ըստ բժիշկների հավաստման, մեկ տարուց ամբողջությամբ կանցնեն այրվածքները: Նա ստացել է 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կարգի այրվածքներ:

«19 օր հիվանդանոցում եմ պառկել, հետո ստացել եմ ամբուլատոր բուժում: Մնացել են սպիները»,-նշում է Նարեկը, ով դեռ աշխատանքի է գնում երկարաթեւ վերնաշապիկներով ու կրում է ձեռնոցներ:

Երեւանը /Ֆոտոլուր/Հանրահավաքի տոնակատարությանը մեթան գազով լիցքավորվել է շուրջ 7 հազար փուչիկ: Ոստիկանության փորձաքննության եզրակացության համաձայն՝ դրանցում եղել է սեղմված մեթան գազ, որն օգտագործում են գազալցակայանները:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի օրենսդրությունում բաց է այն հատվածը, որը սահմանում է մեթան գազի կիրառումը այլ տեղերում՝ բացի գազալցակայաններից ու կենցաղում։ Այլ կերպ ասած՝ փուչիկների մեջ մեթանի կիրառումն արգելող իրավական փաստաթուղթ չկա:

Այվազյանը նշում է, որ փորձաքննության արդյունքներով փուչիկները բռնկվել են ոչ թե ծխախոտից, այլ կրակից, ինչը կարող էին առաջացնել կրակայրիչները:

Փուչիկները սովորաբար լիցքավորում են չբռնկվող հելիում գազով։ Հելիումով 1 փուչիկի լիցքավորման արժեքը 700 դրամ է: Մինչդեռ հրավտանգ գազերով լիզքավորելը 2-3 անգամ էժան է:

Սակայն զարմանալի է, որ քննչական մարմինը կենտրոնացել է նրա վրա, թե ինչից են բռնկվել փուչիկներ, այլ ոչ թե ինչու՞ են փուչիկները լիցքավորված եղել մեթանով եւ, թե ո՞վ է պատասխանատու երիտասարդների ճակատագրերը խեղելու համար:

«Մեդիալաբը» փորձեց կապվել ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի հետ, ում գլխավորությամբ այդ օրը երիտասարդները փուչիկներով հրապարակ մտան, պարզելու, թե վերջիվերջո երբ են պատժվելու իրական մեղավորները:

«Արդյոք փորձաքննության նման դանդաղ տեմպերը չեն ազդում ՀՀԿ վարկանիշի վրա եւ, որքանո՞վ է հանրապետականը շահագրգռված, որ այս գործով մեղավորները պատժվեն»,-«Մեդիալաբի» հարցին Կարեն Ավագյանն ասաց.

«Ես ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանի»:

Հոդվածում տուժածների խնդրանքով անունները փոխված են:

© Medialab.am