Գյումրիում բացվեց մանկաբարձագինեկոլոգիական նոր ախտորոշիչ կենտրոն

«Գյումրու բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում օգոստոսի 28-ին  բացվեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ախտորոշիչ կենտրոնը հագեցած է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված GE Voluson S 10 Expert էխոսկոպիկ սարքով, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ և այլն: 

Համակարգը թույլ է տալիս բժշկին շատ արագ ու արդյունավետ իրականացնել ինչպես հղիների, այնպես էլ գինեկոլոգիական խնդիրեր ունեցող կանանց հետազոտություն, ավելի վաղ ժամկետում հայտնաբերել պտղի արատներն ու խնդիրները:

Առողջապահական հաստատությունների օպտիմալացման արդյունքում «Գյումրի բժշկական կենտրոն»-ին միացավ նաև Գյումրիի ծննդատունը, ինչ արդյունքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է բարեփոխումների ծրագիր. ախտորոշիչ կենտրոնի բացումը դրանցից մեկն  է:

«Նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել, այն  ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև մարզում օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց՝  օգնելով խնդիրները վաղ հայտնաբերել: Նմանատիպ ծառայությունը մարզի բնակչությանը հնարավորություն կտա մնալ և ախտորոշվել մարզում, հետագայում նաև վիրահատության անհրաժեշտության պարագայում, վիրահատությունը ևս տեղում կազմակերպելով: Սա հնարավորություն է տալիս նախկինում միայն Երևանում իրականացվող միջամտություններն իրականացնել նաև Գյումրիում: 

Նմանատիպ սարքավորման բացակայության պատճառով նախկինում ամսական մոտ 20 հիվանդ գնում էր Երևան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հավելենք, որ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։