Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում համախմբվել պետականության շուրջ. ԱԺ հայտարարություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում:

Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»,- նշված է հայտարարության տեքստում: 

Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը: