Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 195 անձ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ», – ասել է Գալյանը։
Նույնականացված դիերի վերաբերյալ նախարարը նշել է, որ վերջին տվյալներով՝ 75–80 դեպքերում նույնականացման արդյունքները ընտանիքների կողմից չեն ընդունվել։ Նրա խոսքով՝ իրականացվել են կրկնակի փորձաքննություններ՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցների կիրառմամբ։ Փորձագետները վստահեցնում են, որ նույնականացումը կատարվել է պատշաճ կերպով։



















