«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011». Գրանպրին «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի թիմինն է

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011». Գրանպրին «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի թիմինն է
«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011». Գրանպրին «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանի թիմինն է

Դեկտեմբերի 19-ին կայացած «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ,  Երևանի քաղաքապետարանի սահմանած «Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օգնական» թիմի̀ լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագիրը: Ծրագրի գաղափարի հեղինակը «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանն է:

«Հանրային լրագրության ակումբի» և Հայաստանի «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի» նախաձեռնությամբ կայացած նորարարական գաղափարների եւ ծրագրավորման մրցույթին ստացվել էր  50-ից ավելի հայտ:

Գլխավոր մրցանակին արժանացած «Օգնական» թիմի̀ «Վոյս» կոչվող ծրագիրն հնարավորություն է ընձեռելու լսողական խնդիրներ ունեցողներին հեռախոսում տեղադրված հատուկ հնարավորությամբ հաղորդակցվել շրջապատի հետ:

Այն նախապես ձայնագրված հրահանգների աղկղիկ է, որը թույլ է տալիս օգտագործողին տեղադրել իր նախընտրած հրահանգները: Ծրագրի երկրորդ մասը հնարավորություն է տալիս տեքսը վերածել ձայնի: Մի այլ հնարավորությամբ ծրագիրը շրջապատի ձայնը կարող է վերածել տեքստի:

«Այս ծրագիրը ոչ միայն հայ, այլ նաև այլազգիների համար է, քանի որ ծրագրի կայքը նաև թույլ է տալիս թարգմանել հրահանգներն ու հեռախոսը սինխրոնիզացնելով կայքին̀ վերցնել անհրաժեշտ հրահանգները: այս մրցույթը ցույց տվեց, որ սոցիալական խնդիր լուծող նախագծերը արժանի են իրականացվելու, և մեր թիմը շատ ուրախ է, որ նախագծի շնորհիվ Հայաստանի 4000  և աշխարհի 70 միլիոն խուլ մարդիկ կարող են իրենց ձայնը լսելի դարձնել»,-  ասում է նածագծի հեղինակ Փառանձեմ Հովհաննիսյանը:

Նախագծի ծրագրավորող Մուշեղ Նալթակյանն ասում է,  որ ծրագիրը դինամիկ է, անընդհատ կարող է փոփոխվել ու հարստացվել:

Գրանպրիի արժանացած նախագիծը իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Վոյս» թիմը Քրոնիմետ հիմնադրամի կողմից արժանացել է նաեւ լավագույն սոցիալական նախագիծ մրցանակին`ստանալով 350 հազար դրամ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից մրցանակներ ստացան Open MS թիմը` խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար (մրցանակը` 1 մլն դրամ), BigBrain թիմը` Kinect Stand տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախագծի համար (մրցանակը` 500 հազ. դրամ), I.N.S. թիմը` ոստիկանների և վարորդների միջև արդյունավետ կապի հաստատման նպատակով TRREDIT ծրագրի համար (մրցանակը` 300 հազ. դրամ):

mLAB-ի կողմից սահմանված մրցանակներ ստացան CYBER GATES թիմը` Mapy հեռախոսային ծրագրի համար (500 հազ. դրամ) և Annoisy թիմի Annoisy ծրագիրը` հասարակական անդորրը խաթարող աղմուկի մասին համապատասխան գերատեսչություններին արագ տեղեկացման համակարգի ստեղծման համար (500 հազ.):

Լրատվության այլընտրանքային ռեսուրսների կողմից սահմանված խրախուսական դրամաշնորհը ստացավ TumoThon թիմը` Yerevan In Action ծրագրի համար:

Խրախուսական մրցանակներ շնորհվեցին iSun թիմին, ինչպես նաև Atlantis թիմին` իր iRobot նախագծի համար:

«Ինձ ոգևորում է երիտասարդության մասնակցությունն այս միջոցառմանը, երիտասարդությունը ՏՏ-ի հիմնական շարժիչ ուժն է: Շատ կարևոր է նաև երիտասարդների և ՏՏ ընկերությունների համագործակցությունը: Այս միջոցառման նպատակն էր օգտագործել նորարարությունը և ստեղծագործական միտքը սոցիալական խնդիրների լուծման համար»,- մրցանակաբաշխությանը նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից և ՏՏ ընկերություններից:

Հեքըթոնի նպատակն նորարար գաղափարներ ունեցողներին, ծրագրավորողներին, նախագծողներին և այլ ոլորտի մասնագետներին միավորելն էր՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար։ Հեքըթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած միջոցառում է։

Միջոցառման նախաձեռնողներն են Հանրային լրագրության ակումբը, Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։ «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ին աջակցում էին Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը, Ինկուբատոր ձեռնարկությունների հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

© Medialab.am